Նիկոլ Փաշինյանը Դավիթ Շահնազարյանին «շառլատան» է անվանել
Այսօր, լրագրողների հետ ունեցած ճեպազրույցի ընթացքում, ՀՀ վարչապետի պաշտոնակատար, «Իմ քայլը» դաշինքի նախընտրական ցուցակը գլխավորող Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով Դավիթ Շահնազարյանի՝ ԱԱԾ ներկայանալ հրաժարվելուն և հայտարարություններին, ասել է. «Եթե որևէ մեկը բարձրաձայնում է պետական դավաճանության մասին, բայց չի գնում իրավապահներին հաղորդում տալու հանցագործության մասին, ուրեմն նա շառլատան է: Ըստ էության, նա մեղադրել է մեզ ինչ-ինչ ուժերի հետ միասին Արցախի և Հայաստանի ու հայ ժողովրդի դեմ դավադրություն կազմակերպելու մեջ»:
Նա նշեց, որ այս հայտարարություններից հետո ԱԱԾ-ն պետք է նյութեր նախապատրաստի, ու եթե պարզվի, որ հեղափոխությունն այդպես է տեղի ունեցել, ապա դավադիրները պետք է հայտնաբերվեն ու պատասխանատվության ենթարկվեն:
Փաշինյանի խոսքով՝ ասուլիսներ հրավիրելու ժամանակ մարդիկ պետք է փաստեր ներկայացնեն՝ ինչ դավադրություն է:
Նա հավելեց. «Սա կոնկրետ պետական դավաճանության մասին հայտարարություն է: Եթե որևէ մեկը բարձրաձայնում է պետական դավաճանության մասին և չի գնում իրավապահներին հաղորդում տալու հանցագործության մասին, ուրեմն նա շառլատան է:Ես ուրիշ բան չեմ ուզում ասել»:
Հիշեցնենք, որ ս.թ. նոյեմբերի 27-ին «Հայելի ակումբ»-ում տեղի է ունեցել Դավիթ Շահնազարյանի մամլո ասուլիսը, որի ընթացքում անդրադառնալով Թալինում քարոզարշավի ժամանակ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ Սասուն Միքայելյանի այն հայտարարությանը, թե՝ «Մենք հաղթել ենք Արցախյան պատերազմում, ես չեմ վարանում, չեմ վախենում ասել՝ այս հաղթանակը, որ մեր հանրապետությունում կրեցիք դուք՝ հայ ժողովուրդը, ավելի կարևոր էր, քան թե Արցախյան ազատամարտը», Դավիթ Շահնազարյանը հայտարարել է, որ՝ «...Այն, ինչ ասել է Սասուն Միքայելյանն, իրականում դա քաղաքական ծրագիր է, որը իրականացնում է Նիկոլ Փաշինյանը, այսինքն՝ իշխանություն՝ Արցախի փոխարեն: Ես խոստանում եմ, որ դուք բոլորդ դրանում կհամոզվեք: Այնպես, որ Սասուն Միքայելյանն ուղղակի արտահայտել է այն, ինչը հանդիսանում է ներկայիս իշխանությունների քաղաքական նպատակը», ըստ էության դրանով իսկ ներկայիս իշխանությանը և վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին մեղադրելով պետական դավաճանության մեջ։ Այս մասին հայտնում են ԱԱԾ մամուլի ծառայությունից:
Նշված մեղադրանքը Դավիթ Շահնազարյանը պնդել և հաստատել է նաև ս.թ. դեկտեմբերի 4-ին նույն մամուլի ակումբում տեղի ունեցած իր հերթական ասուլիսի ընթացքում, որի ժամանակ հնչեցված նշված մեղադրանքը հիմնավորող կոնկրետ փաստեր կամ ապացույցներ չներկայացնելով, հայտարարել է, որ՝ «Ես այսօր բոլոր փաստերը չէ, որ ձեզ ներկայացրել եմ, որոնք ապացուցում են ներկայիս գործող վարչախմբի հակաարցախյան քաղաքականությունը։ Դեռ շատ բան կա»։