ԱՄՆ-ն Հայաստանին 61 136 078, 36 ԱՄՆ դոլարի դրամաշնորհ կտրամադրի
Գործադիրը համաձայնություն է տվել ՀՀ և ԱՄՆ կառավարությունների միջև «Ավելի մրցունակ և զանազանեցված մասնավոր հատվածի շուրջ» օժանդակության համաձայնագրի թիվ 9 փոփոխության կնքման առաջարկությանը: Ըստ այդմ՝ նախատեսվում է 4 800 000 ԱՄՆ դոլար լրացուցիչ ֆինանսական հատկացում, որի դեպքում ամերիկյան կողմի տրամադրած դրամաշնորհների ընդհանուր գումարը համաձայնագրի շրջանակում կկազմի 61 136 078, 36 ԱՄՆ դոլար: ԱՄՆ ՄԶԳ տրամադրած տեղեկատվության համաձայն` հատկացվելիք 4 800 000 ԱՄՆ դոլարը կուղղվի իրականացվող 6 ծրագրերի ֆինանսավորմանը, մասնավորապես, «Գործընկերություն գյուղական բարեկեցության», «Գյուղական զարգացման ընդլայնված նախաձեռնություն», «Մշակութային զբոսաշրջություն Հայաստանում», «Աջակցություն Ագրոբիզնեսի ուսուցման կենտրոնին»:
Հայաստանի Հանրապետության և ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության միջև 2015թ. օգոստոսի 10-ին կնքված փաստաթղթի շրջանակում նախատեսվում է իրականացնել Տեղական ինքնակառավարման բարեփոխումների ծրագիրը, որը ՀՀ պետբյուջեում ներառելու նպատակով գործադիրն ընդունել է համապատասխան որոշում: Ծրագրի նպատակն է օժանդակել Հայաստանի Հանրապետությանը հասնելու ավելի մասնակցային, արդյունավետ և հաշվետվողական կառավարման` Հայաստանում վարչատարածքային բարեփոխման (ՎՏԲ) միջոցով: Ծրագրի շրջանակում ԱՄՆ ՄԶԳ-ն ներդրումային միջոցներ կտրամադրի ՀՀ կառավարության կողմից իրականացվող ՎՏԲ-ի պիլոտային փուլում 14 խոշորացվող փնջերում զարգացման ծրագրերի ֆինանսավորման համար:

