Փարիզից վերադառնալուն պես Թրամփը թվիթերյան գրառմամբ ծաղրել է Մակրոնին
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, վերադառնալով փարիզյան այցից, թվիթերյան գրառումներ է կատարել, որոնցով ծաղրել է իր ֆրանսիացի պաշտոնակից Էմանուել Մակրոնին:
Ինչպես գրում է BBC News-ը, ԱՄՆ ղեկավարը Մակրոնին հանդիմանել է ազգայնականության, համաեվրոպական բանակ ստեղծելու մտադրության, ամերիկյան գինու ներկրման ֆրանսիական սակագների համար: Թրամփն անդրադարձել է նաև Մակրոնի ժողովրդականության վարկանիշին, որը, նրա խոսքով, 26 տոկոս է կազմում:
Աղբյուրն ընդգծում է, որ Մակրոնն իր ելույթի ժամանակ կոչ էր արել համաշխարհային առաջնորդներին մերժել ազգայնականությունը՝ այն բնութագրելով որպես «դավաճանություն հայրենասիրության նկատմամբ»: Որոշ փորձագետների կարծիքով՝ այդ խոսքով ֆրանսիացի նախագահը ցանկանում էր մատնացույց անել հենց Թրամփին:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 10-11-ը Փարիզում Առաջին աշխարհամարտի ավարտի 100-ամյակին նվիրված միջոցառումներ են անցկացվել, որոնց ներկա են գտնվել շուրջ 70 երկրի առաջնորդներ: Այս մասին գրում է Tert.am -ը: