Աղբահանության միջանկյալ «Զիլ» լուծում
Վերջին օրերին սոցիալական ցանցերում տեղեկություններ են տարածվում, որ մայրաքաղաքի աղբահանությամբ զբաղվող «Սանիթեք» ընկերությունն այլևս չի աշխատում։ Լուրերը հիմնավորվում են այն փաստարկով, որ աղբահանությունն իրականացնում են ոչ թե ընկերության մեքենաները, այլ խորհրդային արտադրության «Զիլ» մակնիշի բեռնատարները։
Տեղեկանալու՝ արդյոք «Սանիտեքն» իսկապե՞ս դադարեցրել է իր գործառույթների իրականացումը և մայրաքաղաքի աղբահանությամբ չի զբաղվում, Panorama.am-ի թղթակիցը խոսեց Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանի հետ։
Վերջինս հավաստիացրեց, որ «Սանիտեք» ընկերությունը, համաձայն Երևանի քաղաքապետարանի հետ պայմանագրով ստանձնած պարտավորությունների, շարունակում է իրականացնել իր գործառույթները։
«Տեղեկությունները, որ ընկերությունը դադարեցրել է աշխատանքը, պարզ ապատեղեկատվություն են։ Պարզապես քաղաքում աղբահանության հետ կապված բարդ իրավիճակին միջանկյալ լուծում տալու համար «Սանիտեքը», Երևանի քաղաքապետարանի հետ համաձայնությամբ, այլ ընկերությունների, ենթակապալառուների հետ միասին՝ վերջիններիս տեխնիկայով, լուծում է հարցը։
Ընկերությունը մեքենաներ է վարձակալում, պայմանավորվածությունների գալիս։ Սա, շեշտում եմ, միջանկյալ, ճգնաժամային լուծում է, մինչև կսահմանվեն հետագա աշխատանքի պայմանները։ Աղբահանությունը Երևանի քաղաքապետարանի և անձամբ քաղաքապետ Հայկ Մարությանի ամենակարևոր առաջնահերթություններից մեկն է»,- ասաց Հակոբ Կարապետյանը։
Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակը շեշտեց, որ «Զիլ» մեքենաներով աղբահանություն կազմակերպելու պրակտիկան նախկինում էլ է եղել, հիմա այդ մեքենաներն ավելի հաճախ են կիրառվում։
«Եթե ուշադիր լինենք, կարող ենք ֆիքսել, որ աղբահանության խնդիրը, համեմատած նախորդ շաբաթների հետ, որոշ չափով առաջընթաց է գրանցել»,- նշեց Հակոբ Կարապետյանը։
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում: