Մատենադարանում կբացվի «Հայաստան-Ֆրանսիա. դարավոր կապեր» խորագրով ցուցահանդես
Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության Երևանում անցկացվող 17-րդ գագաթնաժողովի առիթով 2018 թ. հոկտեմբերի 11-ին ժամը 16:30-ին Մաշտոցյան Մատենադարանում կբացվի «Հայաստան-Ֆրանսիա. դարավոր կապեր» խորագրով ցուցահանդեսը: Ցուցահանդեսի բացմանը կմասնակցեն ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Օդրի Ազուլեն, ՀՀ մշակույթի նախարար Լիլիթ Մակունցը, ՀՀ փոխարտգործնախարար Աշոտ Հովակիմյանը, Հայաստանի ՅՈՒՆԵՍԿՕ-ի ազգային հանձնաժողովի գլխավոր քարտուղար Վահրամ Կաժոյանը: Ցուցահանդեսի համադրողն է ֆրանսահայ պատմաբան, հայագետ Արմեն Կլոդ Մութաֆյանը: Ներկայացված են ձեռագրեր, հնատիպ գրքեր Մատենադարանի ֆոնդերից, ինչպես նաև Արմեն Կլոդ Մութաֆյանի անհատական հավաքածուից բերված արխիվային փաստաթղթեր, քարտեզներ և լուսանկարներ, որոնք արտացոլում են դարերի ընթացքում ձևավորված հայ-ֆրանսիական պատմամշակութային առնչությունները: Հայաստանում Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի անցկացման առթիվ Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության (ՀԲԸՄ) մեկենասությամբ Մատենադարանը հրատարակել է ցուցահանդեսի մասին պատմող երկլեզու գրքույկ և հայկական մանրանկարչությանը նվիրված ֆրանսերեն ալբոմ-ուսումնասիրություն: Ալբոմի հեղինակներն են Կարեն Մաթևոսյանը և Էդդա Վարդանյանը, լուսանկարները՝ Հրայր Բազե Խաչերյանի: Հարգելի՛ գործընկերներ, հրավիրում ենք Ձեզ մասնակցելու ցուցահանդեսի բացման արարողությանը և լուսաբանելու այն: