Խորհրդարանի ինքնալուծարումը չի կարող լինել մեկ մարդու կարծիք կամ ցանկություն, նույնիսկ ԱԺ նախագահի. Արա Բաբլոյան
Ես, որպես Ազգային ժողովի նախագահ, գտնում եմ, որ տարբեր կուսակցություններ, քաղաքական ուժեր կարող են իրենց մոտեցումներն ունենալ և ընդհանուր համաձայնության կարող են գալ համատեղ քննարկումների արդյունքում: Այս մասին այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ նախագահ Արա Բաբլոյանն՝ ի պատասխան հարցին, թե ՀՀԿ-ն դեռևս դեմ է արտահայտվում արտահերթ խորհրդարանական ընտրություններին: Փոխանցում է Tert.am-ը:
«Մենք ստեղծել ենք բոլոր հնարավորությունները, որպեսզի աշխատեն, աշխատանքային խմբեր են ստեղծված ընտրական օրենսգրքի բարեփոխումների վրա, որից հետո կարելի է անդրադառնալ մյուս հարցին, թե ինչպես շարունակել այդ գործընթացը: Դրանք պետք է լինեն աշխատանքներ ապագա քայլերի շուրջ»:
Ըստ նրա՝ խորհրդարանի ինքնալուծարումը չի կարող լինել մեկ մարդու կարծիք կամ ցանկություն, նույնիսկ ԱԺ նախագահի, դա պիտի լինի համատեղ որոշում:
«Եթե քաղաքական ուժերը կգան ընդհանուր հայտարարի, ապա կկայանան»,-նկատեց նա:
Արա Բաբլոյանն, անդրադառնալով ավելի վաղ ՀՀ վարչապետի ու նախագահի հետ հանդիպումներին, ասաց, որ ինքը ցանկանում է, որ վարչապետի հետ, որպես գործադիրի ղեկավարի, ամսվա մեջ գոնե 2 հանդիպում ունենան՝ կարևոր հարցեր քննարկելու, իսկ քաղաքական հարցերը պիտի քաղաքական ուժերը քննարկեն:
Օրենսդիր մարմնի ղեկավարը գտնում է նաև, որ խորհրդարանը լեգիտիմ է, իսկ ինքն ապահովում է նրա բնականոն գործունեությունը:
Ինչ վերաբերում է հարցին, թե փարատվեցին իր մտահոգությունները վարչապետի հետ ունեցած հանդիպումից հետո, Արա Բաբլոյանն ասաց. «Ես կարծում եմ՝ հետևում եք մեր հայտարարություններին, մենք համատեղ հայտարարությամբ հանդես եկանք՝ հաստատելով, որ Հայաստանը պետք է գնա ժողովրդավարական ուղիով»:
Աղբյուր՝ Tert.am