Սեքսն Աստծո պարգև է, այլ ոչ թե տաբու. Հռոմի պապ
Հռոմի Պապ Ֆրանցիսկոսը սեքսն ու սեքսուալությունն անվանել է «Աստծո պարգև, այլ ոչ թե տաբու»։ Այս մասին նա խոսել է Ֆրանսիայում երիտասարդների հետ հանդիպման ժամանակ։ Նրանց զրույցի վերծանությունը հրապարակվել է Վատիկանի մամլո ծառայության կայքում։
«Սեքսն ու սեքսուալությունն Աստծո պարգև է, այլ ոչ թե տաբու։ Այն երկու նպատակ ունի՝ սեր ու կյանքի ստեղծում։ Իրական սերը կրքոտ է։ Ու տղամարդու և կնոջ միջև կրքոտ սերը տանում է դեպի հավիտենական կյանք։ Նրան (սիրոն) տրվում են և՛ հոգով, և՛ մարմնով»,- ասել է Հռոմի Պապը։
Այսպես է նա պատասխանել 24-ամյա օրիորդին, ով պապին պատմել է ավելի մեծ սերնդի հետ սիրո ու սեքսուալության թեմաների քննարկման դժվարությունների մասին։ Աղջիկը կարծիք է հայտնել, որ իր սերունդն առաջիններից է, որ քննարկում է այդպիսի թեմաները։
«Սեքսուալությունը պետք է ապրի մի աշխարհում՝ կնոջ ու տղամարդու սիրո մեջ։ Սակայն այդ սքանչելի ճանապարհից նրան կարող են շեղել մեր թուլություններն ու ոգու անկումը․․․Այդ «կտրված սեքսուալությունը» զատված է սիրուց ու գործածվում է զվարճանքի համար»,- ընդգծել է Ֆրանցիսկոս Պապը՝ օրինակ բերելով պոռնո արդյունաբերությունը։
Հռոմի Պապը երիտասարդներին պատմել է ծեր ամուսինների մասին․ «Մի անգամ մի շատ ծեր տղամարդ, որը նույնքան ծեր կին ուներ, ասաց ինձ․ «Մենք միմյանց այնքան ուժգին ենք սիրում, որ երբեմն գրկում ենք իրար։ Մեր տարիքում մենք այլևս չենք կարող սիրով զբաղվել, բայց մենք փաթաթվում ու համբուրում ենք իրար»։ Դա է իրական սեքսուալությունը։ Երբեք մի օգտագործեք այն առանց սիրո»,- ավելացրել է Հռոմի Պապը։
Աղբյուրը՝ Politica.am