Հայկ Կյուրեղյանը կրկին կալանավայրում է
9 տարվա ազատազրկման դատապարտված Հայկ Կյուրեղյանը, որը անցել էր պատժի կրման բաց ռեժիմի, կրկին կալանավայրում է։ Այս մասին «Հրապարակ»-ի հետ զրույցում ասաց Հայկի հայրը՝ Արմենակ Կյուրեղյանը։
«Ասում են՝ կալանավորման մեջ չի, ազատ ենք թողել, բայց ինքը կիրակի օրվանից կալանավայրում ա։ Ամեն ամիս իրենց արձակուրդ են տալիս, որ հիմնական լուծում տան։ Ի՞նչ տեսակցենք, սպասում ենք, որ այս հարցը հիմնավոր լուծվի։ Չենք հասկանում՝ ինչն է պատճառը։ Ի՞նչ է նշանակում հեղափոխության համար ներդրում ունեցած մարդիկ ամեն անգամ նման դրսեւորումներ են ենթարկվում։ Ամեն ամիս, գնա, նստի մի քանի օր, ոչ ոք չի պատասխանում, ո՞վ է դրա համար պատասխանատու»,-նշեց Արմենակ Կյուրեղյանը։
Մեր զրուցակից խոսքով՝ արդեն կարգավորվում է Հայկին աշխատանքով ապահովվելու հարցը․ «Աշխատանքը ոնց որ թե ստացվում է, ծրագրավորման ոլորտից ինքը հրավեր է ստացել եւ շուտով կանցնի աշխատանքի»։
Հիշեցնենք նաեւ, որ Հայկ Կյուրեղյանը մեղադրվում է խուլիգանության և իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու մեջ, Շանթ Հարությունյանի գործով դատական նիստի օրը դատարանի բակում որպես բողոքի նշան օդամղիչ ատրճանակով կրակել էր ոստիկանների ուղղությամբ: