Երևանի ավագանու ընտրությունները կազմակերպելու համար Կառավարությունը 87,6 միլիոն դրամ հատկացրեց Ոստիկանությանը
ԿԸՀ-ն նիստ կգումարի և 30-40-օրյա ժամկետում կնշանակի ընտրությունների օրը: Հաղորդում է ՀՀ Կառավարության մամուլի ծառայությունը:
«Այս ընտրությունները պետք է լինեն բացառիկ օրինականության, թափանցիկության և արդարության առումով: Կարծում եմ, որ մեզ համար առաջնահերթ խնդիր է ընտրությունների ազատությունը, ժողովրդավարությունը և օրինականությունն ապահովելը:
Ես հատուկ ուզում եմ ևս մեկ անգամ ընդգծել, որ ընտրակեղծարարների խմբերը որևէ անելիք չունեն, իսկ եթե հանկարծ պարզվի՝ իրենց կարծիքով անելիք ունեն, գալիս է իրավապահ մարմինների արագ, շեշտակի և արդյունավետ անելիքի ժամանակը:
Այս ընտրություններում ընտրակաշառքի որևէ դեպք չպետք է գրանցվի, կամ ընտրակաշառքի փորձ անող որևէ անձ չպետք է մնա առանց պատասխանատվության: Հայաստանի հանրապետության քաղաքացիների կամքի վրա որևէ ապօրինի ազդեցությունը պետք է բացառվի, և սա ապահովելը մեր կառավարության պարտավորությունն է», - ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստին: