Վահրամ Բաղդասարյան. «ԱԱԾ-ի հայտարարությունն իրականությանը չի համապատասխանում» (տեսանյութ)
Ըստ Ազգային ժողովի Հանրապետական խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանի, Ազգային անվտանգության ծառայությունը շտապում է հայտարարություններում։
Ազգային ժողովում ճեպազրույցների ժամանակ «Ազատության» հարցին ի պատասխան Բաղդասարյանը խորհուրդ տվեց հետևել «իրադարձությունների զարգացմանը»՝ նշելով՝ կարծում է, որ ԱԱԾ-ի կամ ՊԵԿ-ի ղեկավարների կողմից նոր հայտարարություններ կլինեն։
«Ազատություն». - Տեղյակ եք կոռուպցիայի դեմ պայքարի շրջանակում արդեն իսկ, ինչպես տեղեկացրեց Ազգային անվտանգության ծառայության նորանշանակ պետը կան բերման ենթարկվածներ, մասնավորապես, բացահայտվելու է այն շղթան, թե ինչպես են ինչ-որ անձինք պետության հաշվին ապօրինությունների միջոցով հարստացել և տարբեր քաղաքացիներից անձնագրեր վերցնելու միջոցով բիզնեսներ դրել և հարկերից խուսափել։ Եթե իսկապես նման աղմկահարույց հանցագործություններ էին տեղի ունենում, ինչո՞ւ նախորդ կառավարության, նախորդ իշխանության օրոք այս ամենի մասին բոլոր այդ մարմինները լռում էին։
Բաղդասարյան. - Դուք շտապում եք, առավել ևս ես ցավում եմ, որ Ազգային անվտանգությունը շտապում է հայտարարություններ անելու համար և պետք է ավելի ուշ այդ հայտարարություններ անեն։ Խնդրում եմ իրադարձությունների զարգացմանը հետևեք և կլինեն նոր հայտարարություններ, որովհետև դա հայտարարության հետ կապված իրականության հետ չի համապատասխանում։
«Ազատություն». - Այսինքն՝ այն, ինչ ասում է ԱԱԾ պետը սո՞ւտ է։
Բաղդասարյան. - Ես չեմ մեկնաբանում ԱԱԾ պետի ասածին։ Ո՛չ, բերման ենթարկված մարդիկ կան, այո, բայց պետք է նայենք դրա նախապատմությունը, նախորդ կառավարության հետ պայմանավորվածությունները և օրենսդրական դաշտի կարգավորումը։ Դրա մասին ես հիմա չեմ ցանկանում մեկնաբանություններ տալ, որովհետև վաղը մյուս օրը ՊԵԿ նախագահը, կամ ԱԱԾ ղեկավարը կանեն հայտարարություններ, ինձ թվում է՝ իմ կարծիքով։
Կարդացեք Azatutyun -ում.