Կեմերովոյի մարզպետն աշխատանքից ազատել է փոխմարզպետին և ներքին քաղաքականության բաժնի ղեկավարին. «ՌԻԱ Նովոստի»
Կեմերովոյի մարզպետ Աման Տուլեևն աշխատանքից ազատել է իր տեղակալ, մարզպետարանի աշխատակազմի ղեկավար Ալեքսեյ Զելենինին և ներքին քաղաքականության բաժնի ղեկավար Նինա Լոպատինային: Այդ մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով իրավիճակին ծանոթ աղբյուրի:
Նախօրեին ՌԴ Կեմերովոյի մարզպետ Աման Տուլեևը մարտի 25-ին «Զիմնյայա վիշնյա» առևտրի կենտրոնում տեղի ունեցած ողբերգական հրդեհի հետևանքների վերացման թեմայով անցկացված խորհրդակցության ժամանակ կատարվածի համար ներողություն էր խնդրել երկրի նախագահ Վլադիմիր Պուտինից:
Հիշեցնենք, որ Ռուսաստանի Դաշնության Կեմերովո քաղաքի «Զիմնյայա վիշնյա» 4-հարկանի առևտրի կենտրոնում մարտի 25-ին տեղի ունեցած խոշոր հրդեհի ժամանակ զոհվել է 64 մարդ, այդ թվում՝ 41 երեխա: Ինչպես հայտնել են դեպի վայրում ստեղծված օպերատիվ շտաբում, տուժածների թիվը հասել է 76-ի, որոնց թվում 27-ը երեխա է: