Փաշինյանը բանակցային առաջարկի փոխարեն սղցնում է «Հայկական ժամանակի» հոդվածը. Բագրատ Միկոյան
Փաստաթղթեր դա անվանելը ամբողջության մեջ մի քիչ սխալ է, եթե մի բանի մեջ կա «Հայկական ժամանակի» հոդված, հղում «Հայկական ժամանակին», դա փաստաթուղթ անվանելը սխալ է։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Բագրատ Միկոյանը՝ անդրադառնալով նրան, որ կառավարության կայքում հրապարակվել են ԼՂ հակամարտության կարգավորման բանակցային գործընթացում շրջանառված տարբերակները։
«Այդտեղ չկա Քի Վեսթի փաստաթուղթը, որը եղել է բանակցությունների սեղանին։ Դրա փոխարեն իրենք դրել են երբևէ պաշտոնապես չբանակցված ու բանակցային փաստաթուղթ չդարձած ինչ-որ տեքստ, որը հրապարակվել է «Հայկական ժամանակում»։ Վարչապետ Փաշինյանը հղում է անում 2008 թվականի իր թերթում տպված ինչ-որ բառերի ու անվանում է դա փաստաթուղթ։ Եթե ինքը Քի Վեսթը հրապարակեր, միանգամից այդ միֆը, թե Մեղրին տալիս էին, հոդս էր ցնդելու»,- նշեց Միկոյանը։
Անդրադառնալով 2019թ-ին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից արված կարգավորման առաջարկին, որը հրապարակելու կոչ էին անում նրան նախկին նախագահները, Միկոյանն արձագանքեց. «Դա պետք է թողնել ընթերցողին, ընթերցողը թող նայի՝ 2019 թվականին ինչից է հրաժարվել Նիկոլ Փաշինյանը, ինչն է մերժել արհամարհական ձևով, ինչից հետո է հայտարարել, որ Արցախը Ադրբեջան է և վերջ։ Մարդիկ կարդում են ու տեսնում են, որ այն, ինչն ունենք հիմա՝ պատերազմ, զոհեր, տարածքների կորուստ, շարունակական նվաստացում, ամեն ինչի համաձայնեցում Փաշինյանի կողմից, դրա փոխարեն կարող էր լինել այն, ինչը գրված է 2019 թվականի թղթի մեջ, որը, ի տարբերություն, այսպես կոչված, Մեղրին տալու իր՝ «Հայկական ժամանակի» հոդվածի, պաշտոնական առաջարկ է եղել, բանակցային փաստաթուղթ է եղել»։
Արձագանքելով իշխանության այն հակափաստարկին, որ Արցախը հայկական պահելու տարբերակ չկար, քանի որ Ադրբեջանը երբեք չէր համաձայնվի անցկացնել կարգավիճակի որոշման նպատակով հանրաքվեն, Միկոյանը նկատեց. «Իրենք ամեն ինչ հանձնելուց, զոհեր տալուց, ամեն ինչ տալուց ու նվաստանալուց հետո սկսում են «եթե»–ներով խոսել նրա մասին, ինչը այդ թղթում գրված է։ Իրենք որևէ բան, որն այդ թղթում գրված է, չեն արել, ավելին՝ հայտարարել են, որ իրենք բանակցում են զրոյական կետից։
Իր հրապարակածի մեծ մասը բաց մատչելի եղել է։ Ես խոսեմ նախագահ Քոչարյանի վերաբերյալ հատվածից։ Հրապարակել են Կազիմիրովի գրքից հատվածներ, որտեղ կան որոշ առաջարկներ, որը վաղուց բոլոր ուսումնասիրողներին, բոլոր մասնագետներին հայտնի է։ Հրապարակել են Մադրիդյան փաստաթուղթը, որը բաց մատչելիությամբ եղել է, և այդ արանքում ամենակարևոր Քի Վեստի փաստաթուղթը չի հրապարակում։ Եթե իրենք իրոք, այս տիպի դիվանագիտական անմեղսունակությամբ են բանակցել, զարմանալի չէ այն իրավիճակում, որում մենք հայտնվել ենք։ Ես չեմ բացառում, որ միջազգային պարտնյորների, նույն Ալիևի կամ Մինսկի խմբի համանախագահների հետ բանակցելիս, ինքը հանել է «Հայկական ժամանակի» հոդվածները։ Սա սարսափելի է»։
Բագրատ Միկոյանը նկատեց, որ իշխանությունները թաքցնում են Քի Վեսթի փաստաթուղթը, քանի որ վախենալու բան ունեն։
«Ինքը կարող է հայելու դիմաց դնել «Հայկական ժամանակ»-ի թերթերը և ինքն իր հետ բանավիճել, իսկ մասնագետները, որոնք որևէ կողմի հետ կապ չունեն, ասում են, որ «Հայկական ժամանակի» հոդվածը մեծ ցանկության դեպքում չի կարող կոչվել բանակցային փաստաթուղթ։ Միջազգային պարտնյորները, Մինսկի խմբի համանախագահ պետությունները պետք է իրեն հարցնեն՝ մեզ ծաղրո՞ւմ ես, մեր առաջարկների փոխարեն քո հոդվա՞ծն ես ներկայացնում։ Ինքն այնքան է իր մասին չգիտեմ ինչ կարծիքի, որ երեք գերտերությունների ղեկավարների առաջարկի փոխարեն, ժողովրդական լեզվով ասած, սղցնում է «Հայկական ժամանակի» հոդվածը։ Այս տիպի սանձարձակությունը միջազգային հարաբերություններում ունենում է գին, և այդ գինը մեր պետությունը սիստեմատիկ վճարում է։
Եթե ինչոր մեկը հակված է որպես փաստաթուղթ ընկալել ՀԺ հոդվածները, թող խնդրեն դրան մի հոդված գրի, որ ինքը գրավել է Լուսինը, հրապարակի դա որժես փաստաթուղթ ու հավատացողները կարդան հավատան»,- ընդգծեց Միկոյանը։

