Արմեն Սարգսյանը հանդիպել է «Ծառուկյան» խմբակցության պատգամավորների հետ
Այսօր երեկոյան Հանրապետական կուսակցության նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանը հանդիպել է Ազգային ժողովի «Ծառուկյան» խմբակցության պատգամավորների հետ։
Հանդիպումը տևել է ավելի քան երկու ժամ։
«Ծառուկյան» խմբակցությունից Գևորգ Պետրոսյանը «Ազատությանը» փոխանցեց, որ հանդիպման ընթացքում սուր հարցադրումներ են հնչեցվել, մասնավորապես՝ աղքատության հաղթահարման, արտագաղթի տեմպերը մեղմելու, բանկային համակարգում փոփոխություններ կատարելու, հարկային բեռի թեթևացման, դատարանների անկախությունը ամրապնդելու հետ կապված։ Ի պատասխան Արմեն Սարգսյանը հավաստիացրել է, որ եթե առաջադրվի ու ընտրվի՝ քայլ առ քայլ փոփոխություններ է բերելու և փորձելու է շտկել իրավիճակը։ Պետրոսյանը նաև նշեց, որ հանդիպումը դրական տպավորություն է թողել, բայց դա չի նշանակում, որ իրենք վերջնական որոշում ունեն։ Նրա խոսքով, Արմեն Սարգսյանը դեռ պետք է հանդիպի խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի հետ, որից հետո իրենք վերջնական որոշում կկայացնեն։
«Ծառուկյան» խմաբկցությունից Միքայել Մելքումյանն էլ «Ազատությանը» փոխանցեց, որ Արմեն Սարգսյանի հետ Գագիկ Ծառուկյանի հանդիպումից հետո լինելու է քաղաքական խորհրդի և խմբակցության համատեղ նիստ Ծառուկյանի գլխավորությամբ, որտեղ որոշում կկայացնեն, թե ինչպիսի դիրքորոշում ունեն և արդյոք դեմ, թե կողմ են քվեարկելու Արմեն Սարգսյանի թեկնածությանը։
Մանրամասները կարդացեք Ազատություն - ում: