ԱՄՆ-ում դրոշները կիջեցվեն
«Սև օր Ամերիկայի համար»։ Այսպես է որակել սեպտեմբերի 10-ը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն իր թիմակից Չարլի Քըրքին հրապարակային ելույթի ժամանակ սպանության համար։
Ի նշան հարգանքի նա հրամայել է իջեցնել Սպիտակ տան, հանրային շենքերի, ռազմական կայանների, տարբեր երկրներում ԱՄՆ դեսպանատների դրոշները մինչև սեպտեմբերի 14-ի մայրամուտը։
32-ամյա քաղաքական գործչի սպանության համար ԱՄՆ նախագահը մեղադրել է «արմատական ձախերին», որոնց հռետորաբանությունն առաջացրել է քաղաքական բռնություն։
Երբ Թրամփը «Հանրապետական» կուսակցության բարեփոխման, վերաձևավորման փուլում էր, Քըրքը մարմնավորում էր Հանրապետական կուսակցության նորահայտ պոպուլիստական պահպանողականությունը սոցիալական մեդիայի դարաշրջանում։ Թրամփը Քըրքին է վերագրել երիտասարդների ձայներն իր օգտին հավաքագրելը։
Թրամփի հավատարիմ կողմնակիցն ազդեցիկ երիտասարդ ձայն էր։ Նա հայտնի էր պահպանողական լրատվամիջոցներում պարբերաբար հայտնվելով և համալսարանական կամպուսներում վիճահարույց թեմաների շուրջ բանավեճեր անցկացնելով։
CNN-ի փոխանցմամբ, Յուտայի հանրային անվտանգության դեպարտամենտը հայտարարել է՝ պահպանողական ակտիվիստ Չարլի Քըրքի կրակոցների գործով կասկածյալ համարվող երկու անձինք ավելի ուշ ազատ են արձակվել, քանի որ նրանցից ոչ մեկը «ներկայում կապ չունի կրակոցների հետ»։ Մեկ անձի մեղադրանք է առաջադրվել համալսարանի ոստիկանության աշխատանքը խոչընդոտելու համար։
«Մարդասպանի որոնողական աշխատանքները շարունակվում են», - ասվում է հաղորդագրության մեջ։
Աղբյուր՝ Panorama.am

