Ֆեյքապետություն․ «Կարճ ասած»
Yerevan.today-ի գլխավոր խմբագիր Սևակ Հակոբյանը նկատում է. «Այս պահին երկու գործընթաց է գնում, մեկը իրական, մեկը՝ ֆեյք։ Իրական գործընթացը տեղի է ունենում մեր հայրենի, օկուպացված Արցախում։ Ստեփանակերտ են այցելել մի շարք երկրների ղեկավարներ, այդ թվում՝ մեզ բարեկամ Իրանի․ տեղի է ունենում տնտեսական համագործակցության կազմակերպության 17-րդ գագաթնաժողովը։ Իրական գործընթացն այն է, որ Ադրբեջանը նվեր է ստացել Լեռնային Ղարաբաղը, էնտեղից ջնջում է մեր հետքը ու ամրանում է մեր հողի վրա։ Այսօր ևս Ալիևը խոսել է ադրբեջանցիների Հայաստան գալու մասին, խոսել է, թե Հայաստանը այս 30 տարում Ադրբեջանին 150 մլրդ դոլարի վնաս է հասցրել․ հավանաբար՝ կմտնի փոխհատուցման հայցով։ Իրականն այն է, որ պատերազմից հետո Ադրբեջանը ոչ մի վայրկյան պարապ չնստեց, շարունակեց զինվել, և շարունակեց իրեն նվիրած հաղթանակը կապիտալացնել, շատ երկրների տրամադրել իր կողմը, այդ թվում՝ Հայաստանին, որը սիրով ընկնում է իրենց գիրկը։ Կարդացինք, որ ԵԱՀԿ ԽՎ-ում Հայաստանի պատվիրակության ՔՊ-ական անդամները չեն միացել Բաքվում հայ գերիների դատավարություններին, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի մշակութային և կրոնական ժառանգության պահպանության վերաբերյալ ընդդիմադիր պատգամավոր Լիլիթ Գալստյանի առաջարկություններին: Ֆրանսիան միացել է նախաձեռնությանը, Հունաստանը միացել է, Կիպրոսը միացել է, ՔՊ-ականներ Մարիա Կարապետյանը, Արթուր Հովհաննիսյանը, Լիլիթ Մինասյանը, Սարգիս Խանդանյանը չեն միացել։ Մյուս երկրների պատվիրակները զարմացել են, թե ինչու Հայաստանից չեն միանում, իսկ Ադրբեջանը ողջունել է ու ասել է, որ սա աննախադեպ է՝ հայ պատգամավորների ու Ադրբեջանի դիրքորոշումները համընկնում են։ Իրական գործընթացը սա է, ժողովուրդ ջան, իսկ ֆեյք գործընթացը այն է, ինչ տեղի է ունենում Հայաստանում։
Այսօր խորհրդարանը քննարում էր ընդդիմադիր պատգամավորներ Սեյրան Օհանյանի, Արծվիկ Մինասյանի, Արթուր Սարգսյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու թույլտվության, իսկ Արթուր Սարգսյանին նաև կալանելու թույլտվության հարցերը։ Զեկույցը ներկայացնում էր դատախազը։ Գործի մեջ չեմ խորանա․ որովհետև գորընթացն ինքը ֆեյք է, գործսարքոցի։ Ո՞նց կարելի է քննարկել մի դստախազի միջնորդություն ճիշտ է, թե ոչ, եթե նույն դատախազը, այն էլ՝ գլխավոր դատախազը՝ «մենք մեր ձևով կմասնակցենք» արտահայտությունը ուղարկում է քննչական կոմիտե՝ որպես հանցանքի մասին հաղորդում։ Բայց անգամ այդ ֆեյք գործընթացը այսօր խորհրդարանում քննելու ժամանակ խնդալու տեսարան բեմադրվեց։ Սեյրան Օհանյանի նկատամբ քրգործ են հարուցում իբր Սևանի ափին առանձնատուն ունենալու համար, Արծվիկ Մինասանի նկատմամբ էլ՝ այդ առանձնատունը չտեսնելու տալու համար։ Քննարկման ժամանակ պարզվում է, որ Սևանի ափին կա 991 կառույց, այդ թվում՝ առանձնատներ, որոնց մի մասը զավթել ու կառուցել են, այժմ էլ տնօրինում են ՔՊ-ական պաշտոնյաները, օրինակ՝ հանրահռչակ Սասուն Միքայելյանը, ՔՊ-ականների շտաբից դուրս չեկող գործարար Արման Հակոբջանյանը, ՔՊ-ական պատգմավոր Գագիկ Մելքոնյանը կամ իր դուստրը։ Եթե Սեյրան Օհանյանի նկատմամբ գործընթացը ֆեյք չէ, արհեստական ու ուղղորդված շահադիտական չէ, ապա գլխավոր դատախազը դեռ վաղուց, պետք է խորհրդարան մտած լիներ մեկ այլ միջնորդությամբ՝ թույլ տալ քրգործ հարուցել ՔՊ-ական պատգամավոր Գագիկ Մելքոնյանի նկատմամբ։ Եթե էն 991 կառուցապատողի մասին ոչ մի նորություն չկա, ուրեմն այս գործընթացը ուղղորդված է, արհեստական է և ֆեյք։ Իսկ իրականությունը ակնհայտ հետևյալն է՝ խորհրդարանի ամբիոնից Նիկոլ Փաշինյանը կատաղեց, Սեյրան Օհանյանին ու Արծվիկ Մինասյանին նայելով գոռաց՝ դատվելու եք, հերիք ա, ստեղս եք հասցրել, հիշու՞մ եք, ու հեսա, գլխավոր դատախազ աշխատող Նիկոլի օգնականը եկել, գերազանցիկի պես կարդում է։ Իսկ թե, ինչ են արել, ինչ չեն արել, դա կարևոր չէ, արդեն ամեն բան պարզ է, ուզեն՝ Սևանում դաչա կվերագրեն, ուզեն՝ ահաբեկչություն, որը կկպնի։
ՔՊ-ական պատգամավորները ելույթներ են ունենում, շշմում ես․ ասում ա Սեյրան Օհանյանը դաչա սարքելու փոխարեն պետք է խրամատներ սարքեր, նորմալ զորանոցներ կառուցեր։ Տղա, Սեյրան Օհանյանի սարքած քանի տասնյակ զորանոց եք հանձնել թուրքին ու քանի հազար խրամատ եք հանձնել թուրքին։ Սեյրան Օհանյանի նախարար եղած ժամանակ չէ, որ երկու ջոկ զինվոր է զոհվել հոլիկում, ձեր ժամանակ է զոհվել, որովհետև կառուցած, կահավորած զորանոցները հանձնել եք թուրքին, ու զինվորներին տեղավորել խրճիթներում։ Խոսքս հիշեք, էս քրեական գործը կարճվելու է, իրենք էլ գիտեն, բայց իրենց համար հիմա կարևոր է, որ խոսեն, ուռճացված ներկայացնեն, պետական հեռուստատեսությամբ շաբաթը մի քանի անգամ ցեխ շպրտեն, ժողովրդի մոտ ատելություն գեներացնեն։
ՔՊ-ականների մեգաֆեյք գործընթացներից մեկը այն շինծու քրեական գործն է, որի շրջնակներում անձեռնմխելիությունից ուզում են զրկել պատգամավոր Արթուր Սարգսյանին։ Դեսից-դենից զրույցներ են կտրել-միացրել ու մարդկանց կալանավորել են ծանր մեղադրանքով։ Երեկ ՔՊ խմբակցության գլխավոր ուսապարկերից մեկը քանի անգամ հայտարարում էր, թե տեռոր էին ուզում անել, ժողովրդին գյուլել ու փոխհատուցում տալ ընտանիքի անդամներին։ Ու ինչ է պարզվում․ քննչական կոմիտեն ձայնագրությունից առանձնացրել-հրապարակել է հետևյալ կտորը․ «2 հոգու պատի տակ գյուլլում ես, մի 15 հոգու էլ դնում ես բանտը, սաղ բնաջնջվում-գնում են: Գնդակահարում ես, ընտանիքին էլ կոմպենսացիա ես տալիս՝ կյանքի համար, իրանք էլ ուրախ կլինեն»: Մամուլը գրում է, որ խոսակցության կոնտեքստը իրականում թմրամոլների, թմրանյութեր վաճառողների մասին է եղել։ Հիմա սրանք կտրել են տարբեր տեղերից տարբեր նախադասություններ, միացրել իրար՝ ամբողջ զրույցը թողնելով մի կողմ, ու մարդկանց փակել են, իրենց էլ հռչակել դարի տեռորիստական ակտը բացահայտող։ Քանի որ ամբողջական ձայնագրությունը չի հրապարակվել, հավատում եմ մամուլի այս հրապարակմանը։ Որովհետև մենք ծանոթ ենք սրանց ձեռագրին։ Սենց զրույց կտրել-կպցնելով դուք կարող եք բոլորին կալանավորել ու ընդհանրապես, եթե բոլոր խոսակցությունների համար մարդկանց կալանքի տանեք, ուրեմն պետք է կալանավորեք ձեր կողմից մահվան տարված 5 հազար զոհերի հարազատներին, անտուն մնացած 150 հազար արցախցիներին, ու մի քանի միլիոն հայի, որովհետև ձեր մասին շատ բաներ են խոսում ու շատ ցանկություններ են հայտնում։ Ու բնական է, որ պետք է լիներ այդպես․ բա երկիր եք վարի տվել, հողեր եք հանձնում, ջահելների եք դրել հողի տակ ու հրաժարվում եք գնալ, էն պարագայում, երբ ձեզանից ազատվելու պահանջը ամենուր է, ձեզնից ձանձրացել են, զզվել են, ձեր քայլերի պատճառով ձեզ համարում են դավաճան։ Ու քանի որ հակառակ այս ամենին մնում եք, մի զարմացեք, որ նման տրամադրություններ կան։ Բայց նաև մի սարքեք մարդկանց գլխին։ Օրինակ որ դանակի մասին խոսակցության ձայնագրություն եք հրապարակում, ամբողջական հրապարակեք՝ տեսնենք՝ դա մարդ սպանելու մասին էր, թե խիյար կտրտելու։
Ամբողջ օրը սրանք զբաղված են մանիպույացիաներով ու սուտ քարոզչությամբ։ Հարյուր ճամբար փոխած ՔՊ-ականն ասում է՝ պատրաստվում էին ավտոբուսներ վառել, ժողովուրդն էլ մեջը։ Պարզվում է անգամ գործ կարող ՔԿ-ի մեղադրանքում ավտոբուս վառելու թեմա չկա։ Սովորություն է սրանց մոտ հորինելը․ հիշում ե՞ք, մարտի 1-ին էլ էլի մի հատ ֆեյք աղբամանը քրքրելիս երեխայի հին կոշիկ էր գտել, ու հայտարարում էր, թե երեխայի են սպանել, այնինչ մաշվածության պատճառով կոշիկը աղբամանն էին նետել, օրինակ։ Սրանք ինչ որ սրանից առաջ անում էին ֆեյքերով, հիմա անում են իրենց դեմքերով։ Օրինկան զենքերը նկարում են ու այլ կերպ ներկայացնում, քննչական մարմինները վազում են Հ1-ի եթեր ու մոլորեցնում մարդկանց, քրեական գործից կիսատ պռատ բաներ պատմում ու ներկայացնում մի կատաստրոֆա․ դրանց անտեղյակը, չհասկացողը, այո, կարող է հավատալ։ Բայց դուք էսքան տարի հենց դրանց վրա եք աշխատում։
ԱԺ նիստի ժամանակ ՔՊ-ական պատգամավորը նկարչություն էր անում։ Շատ խորհրդանշական էր, որովհետև ԱԺ նիստն էլ էր նկարչության դաս, գլխավոր դատախազը նկարել է մի խնալու քրեական գործ։ Սամվել Կարապետյանն ասում է՝ ներկա իշխանություններին հաջողվեց իրենց առաքելությունը պատվով կատարող լրագրողներին փորձել մեկուսացնել, հիմնավոր ճիշտ խոսքը կամ քննադատությունը փորձեցին զրոյացնել՝ փոխարենն աղբ լցնելով հանրային խոսքի հարթակներում: Կարողացան հայհոյանքի միջոցով վախի մթնոլորտ ստեղծել, նույնիսկ առաջին անգամ Հայ տղամարդն անզոր եղավ պաշտպանելու իր կնոջ և դստեր արժանապատվությունը։ Ժողովուրդ ջան, այո, հենց դա այս իշխանության ֆեյքային գործունեության արդյունքն է։ Հանյրային աղբով լցնում են տեղեկատվական դաշտը, նվազագույն մակարդակի են հասցնում լրագրողների խոսքի ազդեցությունը, դուրս եկած զանազան ֆեյքային լրատվամիջոցներով, հայհոյախոս ու ֆեյք գործիչներով, ստեր են տարածում, այն, ինչ ուզում են լսել մարդիկ, ոչ թե այն, ինչ ճիշտ է, մարդկանց հայհոյելով՝ ստիպում են չխոսել, չպաշտպանվել։ Ցանկացած քաղաքացի այսօր անպաշտպան է ֆեյք քարոզչության դեմ, իր նկատամբ հայհոյախառն խոսույթի դեմ, իր մասին ստի դեմ, իր նկատմամբ կեղծ քրեական գործի դեմ․ որովհետև նրան պաշտպանող կառույցները ևս էդ ֆեյքերով են առաջնորդվում։ Վկան այսօրվա քրգործերն են ու դատախազի միջնորդությունը, ելույթը ԱԺ ամբիոնից։
Կարճ ասսած՝ պետական բոլոր ուժերը՝ դատախազություն, քննչական, ոստիկանությւոն, պատգամավորներ, բոլորը լծված են ֆեյք գործընթացների պաշտպանությանը։ Ուղղակի հասկանում ե՞ք հենց հիմա պետական ռեսուրս են ծախսվում, մեր՝ հարկատուներիս միջոցները մսխվում են պահելու համար այս հիմնարկները, որոնք միայն թիթեռ են նկարում։
Վաղը հուլիս 5-ն է, ՀՀ սահմանադրության օրը։ Էն սահմանադրութունն են նշում, որը թշնամին պահանջել է փոխել ու իրենք փոխում են, էն սահմանարդությունը, որի 15 գլուխները և 16-րդ եզրափակիչ գլուխն ու անցումային դրույթները խախտված են»։