Նախագահի եւ վարչապետի ընտրության օրերը հայտնի են
Հայաստանի խորհրդարանը երկրի 4-րդ նախագահին կընտրի մարտի 2-ին, իսկ վարչապետին` ապրիլի 17-ին: Հայաստանի Հանրապետության նախագահի թեկնածուներիառաջադրումը տեղի կունենա փետրվարի վերջին տասնօրյակի ընթացքում, իսկ վարչապետի թեկնածուների առաջադրումը` ապրիլի 9-16-ն ընկած ժամանակահատվածում: «Արմենպրես»-ի հետ զրույցում ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանը ներկայացրել է ՀՀ 4-րդ նախագահի եւ նոր վարչապետի ընտրության կարգն ու ժամկետները:
Արփինե Հովհաննիսյանը տեղեկացրեց, որ խորհրդարանում ՀՀ նախագահի ընտրությունը տեղի կունենա մարտի 2-ին, իսկ մինչ այդ` փետրվարի վերջին տասնօրյակի ընթացքում, տեղի կունենա թեկնածուների առաջադրումը: «Նախագահի թեկնածուի առաջադրումը պետք է տեղի ունենա պատգամավորների ընդհանուր թվի մեկ/քառորդի կողմից: Նախագահ է ընտրվում այն թեկնածուն, որը ստացել է պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն երեք քառորդը: Եթե Հանրապետության նախագահ չի ընտրվում, ապա անցկացվում է ընտրության երկրորդ փուլ, որին կարող են մասնակցել առաջին փուլին մասնակցած բոլոր թեկնածուները: Երկրորդ փուլում հանրապետության նախագահ է ընտրվում այն թեկնածուն, որն ստացել է պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն երեք հինգերորդը: Եթե այս փուլում էլ նախագահ չի ընտրվում, ապա անցկացվում է ընտրության երրորդ փուլ, որին կարող են մասնակցել երկրորդ փուլում առավել ձայներ ստացած երկու թեկնածուները: Երրորդ փուլում Հանրապետության նախագահ է ընտրվում այն թեկնածուն, որը ստանում է պատգամավորների ընդհանուր թվի ձայների պարզ մեծամասնությունը»,- մանրամասնեց ՀՀ ԱԺ փոխնախագահը:
«Եթե այդ օրը չեն անցկացվում Ազգային ժողովի հերթական նիստեր, ապա
վարչապետի ընտրության օրվա հարցը քննարկվում է վարչապետի թեկնածուների առաջադրման ժամկետը լրանալու օրվան հաջորդող օրը՝ ժամը 12:00-ին իրավունքի ուժով գումարվող Ազգային ժողովի հատուկ նիստում: Այդ մասին հայտարարությամբ հանդես է գալիս Ազգային ժողովի նախագահը: Այս փոփոխությունն ուժի մեջ կմտնի ապրիլին եւ ապրիլի 17-ին ժամը 12:00-ին հատուկ նիստում Ազգային ժողովը կընտրի վարչապետին»,- պարզաբանեց Արփինե Հովհաննիսյանը:
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում: