«Սաուդյան Արաբիայում ԱՄՆ-Ռուսաստան առանձին հանդիպում չի լինի»․ Զախարովա

Այս շաբաթ Սաուդյան Արաբիայում Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև բանակցությունների նոր փուլ նախատեսված չէ, իսկ ամերիկյան կողմից համապատասխան տեղեկություն չի ստացվել։ Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
CNN-ը հաղորդել էր, որ ԱՄՆ ներկայացուցիչներն այս շաբաթ Սաուդյան Արաբիայում առանձին հանդիպումներ կունենան և՛ Ռուսաստանի, և՛ Ուկրաինայի պատվիրակությունների հետ։ Ավելի վաղ հաղորդվել էր ԱՄՆ-ի և Ուկրաինայի միջև մարտի 11-ին կայանալիք հանդիպման մասին։ Ռուսաստանի և ԱՄՆ-ի պատվիրակությունները հանդիպել էին փետրվարի 18-ին՝ Էր Ռիադում։
Դա երկու երկրների ներկայացուցիչների միջև առաջին լայնածավալ բանակցություններն էին վերջին մի քանի տարիների ընթացքում։ Էր Ռիադում Ռուսաստանը ներկայացնում էին նախագահի օգնական Յուրի Ուշակովը, արտգործնախարար Սերգեյ Լավրովը և Ռուսաստանի ուղղակի ներդրումների հիմնադրամի ղեկավար Կիրիլ Դմիտրիևը։ Հանդիպմանը, ի թիվս այլ հարցերի, քննարկվել էին ուկրաինական հակամարտության կարգավորումը, ինչպես նաև երկկողմ հարաբերություններին առնչվող հարցեր։