Կարո՞ղ է նախագիծ բերեք, որով առաջարկվի մարդկանց վրա «ժուչոկ» դնել
ԱԺ-ում քննարկվում է կառավարության կողմից ներկայացված «Ոստիկանության մասին ՀՀ օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը առաջին ընթերցմամբ ընդունելու մասին հարցը:
Հիմնական զեկուցող՝ ոստիկանության պետի տեղակալ Վարդան Եղիազարյան նշեց, որ օրինագծով նախատեսվում է հանցագործությունները կանխելիս կամ բացահայտելիս, հասարակական կարգի պահպանությունը այդ թվում ճանապարհային երթևեկության անվտանգությունը ապահովելիս, ոստիկանության ծառայողներին իրավունք վերապահել օգտագործելու տեսաձայնագրող կամ լուսանկարահանող տեխնիկական միջոցներ, հավելելով, որ տեսաձայնագրումը, տեսանկարահանումը և լուսանկարահանումները իրականացվելու են միայն ծառայողական, ոչ անձնական տեխնիկական միջոցներով:
Նախագծի վերաբերյալ մտահոգություններ հայտնեցին ընդդիմադիր «Ելք» դաշինքի պատգամավորները, ասելով, որ սա կարող է միջոց հանդիսանալ անօրինական կերպով մուտ գործել անձի կյանք , սահմանափակելով նրա խոսքի ազատությունը, այդ կերպ գործընթացը դարձնել՝ մարդու անձնական կյանքի միջամտություն:
«Ծառուկյան» դաշինք խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն էլ իր ելույթի ժամանակ նկատեց, որ ճիշտ են այն մտահոգությունները, որը արտահայտում են իրենց գործընկերները, հավելելով, որ իրավունք ունեն կարծելու, որ այս նախագիծը օգտագործվելու է ի չարս. « նույն բանն է, նախագիծ բերեք, որով առաջարկվի մարդկանց վրա «ժուչոկ» դնել, որովհետև կարող է այդ մարդը պատահաբար, ինչ որ մի տեղ, ինչ որ մի հանցագործության ականատես լինի»,-ասաց պատգամավորը շեշտելով, որ տարիների փորձը ցույց է տալիս, որ կան բոլոր հիմքերը կասկածելու, որ կառավարության կողմից ներկայացված այդ նախագիծը՝ ենթատեքստում այլ դրդապատճառներ է պարունակում: