ՔՊ-ի «լրատվամիջոցը» հարցո՞ւմ է հորինել Անդրանիկ Քոչարյանը «բուլինգի» է ենթարկում լրագրող Հռիփսիմե Ջեբեջյանին Ե՛վ Հայաստանը, և՛ Ռուսաստանը Թուրքիայի համար թշնամիներ են
21
«Մայր Հայաստան» դաշինքը շարունակում է քարոզարշավը (տեսանյութ) Կոչ ենք անում գյումրեցիներին իրենց ձայնը տալ Կարեն Սիմոնյանի գլխավորած ցուցակին Ինչ է նշանակում միակողմանի կերպով միջպետական պայմանագրի ստորագրումը ՔՊ-ն պետք է իշխանազրկվի․ «Մայր Հայաստան» դաշինքի ակցիան Գյումրիում (տեսանյութ) Գյումրեցիներն ընտրում են Կարեն Սիմոնյանին․ հարցախույզ Գյումրիում (տեսանյութ) Հայաստանը՝ սեղանի վրա, Նիկոլ Փաշինյանը՝ սեղանի տակ. Անդրանիկ Թևանյան Ո՞ւմ հույսին է ՔՊ-ն մնացել Գյումրիում. «Փաստ» «ՔՊ-ի հեղինակությունը Գյումրիում խայտառակ ցածր է». «Ժողովուրդ» Կառավարության նիստը՝ ուղիղ միացմամբ Ինչ է կատարվում Ստամբուլում Պատերազմ Արցախում
Երբեմն նման ապտակները պետք են՝ լիովին գիտակցելու համար այն տիղմը, որի մեջ գտնվում է հայկական ֆուտբոլը Փաշինյանը տրիբունայում էր, Հայաստանը, բնականաբար, պարտվեց (տեսանյութ) Հայաստանի հավաքականը 0-3 հաշվով պարտվեց Վրաստանի ընտրանուն Ադրբեջանի ՊՆ-ն հերթական ապատեղեկատվությունն է տարածել․ ՀՀ ՊՆ ԵԱՏՄ-ից դուրս գալը կրիտիկական վնաս կհասցնի Հայաստանի տնտեսությանը. Շոյգու «Մայր Հայաստան» դաշինքը շարունակում է քարոզարշավը (տեսանյութ) Բոլոր պրոցեսները կոորդինացվում են Բաքվից. Ալեն Ղևոնդյան ՔՊ-ն ուրիշ քաղաքապետ ունի․ Սարիկ Մինասյանը եթե ընտրվի էլ, երկար չի մնա․ քաղաքագետ Երբ PR-ի թեմաներ չեն մնացել… Բարաթը ո՞ւր ա, Նիկոլ, բարա՜թը․ «Կարճ ասած» Թուրքիայի խորհրդարանում քաշքշում ու ծեծում են միմյանց Ռուբեն Մխիթարյանին քարոզարշավի ակտիվ շրջանում Գյումրիից հրավիրել են Երևան՝ հարցաքննության (Տեսանյութ) ՔՊ-ի «լրատվամիջոցը» հարցո՞ւմ է հորինել Միջուկային զենք թե՞ Կոկա-Կոլա. ի՞նչ կկատարվի Թրամփի սեղանի կարմիր կոճակը սեղմելու դեպքում Ի հակառակ Հայաստանի եւ Ադրբեջանի գործող իշխանությունների հայտարարություններին՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը լուծված չէ. ՀՀԿ Կոչ ենք անում գյումրեցիներին իրենց ձայնը տալ Կարեն Սիմոնյանի գլխավորած ցուցակին Ինչ է նշանակում միակողմանի կերպով միջպետական պայմանագրի ստորագրումը Հայաստան-Վրաստան ֆուտբոլային խաղով պայմանավորված մի շարք փողոցներ փակ են լինելու Դատավարական ճանապարհով Տիգրան Ուլուբաբյանի գործով հասնել արդարության հնարավոր չէ. Ռոման Երիցյան Ըստ էության, սա արժեհամակարգերի միջև խորը անդունդի վառ արտահայտույթյունն է․ Էլինար Վարդանյան Անդրանիկ Քոչարյանը «բուլինգի» է ենթարկում լրագրող Հռիփսիմե Ջեբեջյանին Ոտքի կանգնե՛ք, տե՛ր եղեք, պաշտպանե՛ք ձեր երեխեքին, ձեր բնակարանները. Վարդան Ղուկասյան Պարոնա՛յք ՔՊ-ականներ, ձեր տեսակը թիկունք պահող չէ․ Մհեր Մելքոնյան Քաղաքի կառավարման ոճը սա՛ է (տեսանյութ) Հաղթանակ թաղամասն ու Տիչինայի փողոցն ամոթալի վիճակում են (տեսանյութ) ՔՊ-ն պետք է իշխանազրկվի․ «Մայր Հայաստան» դաշինքի ակցիան Գյումրիում (տեսանյութ) Իրանը մոտ ժամանակներս կպատասխանի Թրամփի նամակին․ Իրանի ԱԳ նախարար Ալավերդիում 75-ամյա տղամարդն ընկել է գնացքի տակ Ինչ է մեզ սպասվում վաղվանից․ Գագիկ Սուրենյանը նոր գրառում է կատարել Ե՛վ Հայաստանը, և՛ Ռուսաստանը Թուրքիայի համար թշնամիներ են

Վիգեն Բադալյանի «թուրքական գամբիտը». «Հետք»

Չափազանց հետաքրքիր հրապարակմամբ է հանդես եկել «Հետք»-ը: 
***
OCCRP-ի (Կազմակերպված հանցավորության և կոռուպցիայի լուսաբանման նախագիծ) լրագրողների թիմը մանրամասներ է պարզել թուրք գործարար Հալիլ Ֆալյալիի (Halil Falyalı) բազմամիլիոնանոց խաղադրույքների բիզնեսի մասին: Ֆալյալիի նախկին ֆինանսական տնօրեն Ջեմիլ Օնալը լրագրողներին հայտնել է, որ Հայաստանից նրա գործընկերը Վիգեն Բադալյանն է եղել, որն առցանց խաղերի և խաղադրույքների բիզնեսում հսկա «Սոֆթ Կոնստրակտ» ընկերության բաժնետերերից մեկն է: 

Ըստ Օնալի՝ Բադալյանի ընկերությունն իրականացրել է Թուրքիայում խաղադրույքներ ընդունող բազմաթիվ կայքերի ծրագրային ապահովումը, իսկ Ֆալյալին եղել է հայ գործարարի՝ Թուրքիայում գործունեության հովանավոր-աջակիցը: 

Բադալյանի իրավաբանական թիմը հերքել է Օնալի պնդումները: 

«Սոֆթ Կոնստրակտ» ՍՊԸ-ն ստեղծվել է 2014 թ., 100 տոկոսի բաժնետերը Մեն կղզում գրանցված Soft Construct Limited ընկերությունն էր, որի միակ բաժնետերը կրկին Մենում գրանցված Boston Nominees Limited ընկերությունն է: Soft Construct Limited-ի վերջին տարեկան հաշվետվության մեջ տնօրեններից մեկը Վիգեն Բադալյանն է: 

2020 թվականին «Սոֆթ Կոնստրակտ» ՍՊԸ-ում 50-ական տոկոս բաժնեմասերով փայատեր են դարձել եղբայրներ Վիգեն և Վահե Բադալյանները: 2021 թ. ընկերությունը վերակազմակերպվել է «Սոֆթ Կոնստրակտ» ՓԲԸ-ի:

«Սոֆթ Կոնստրակտ»-ը, բացի խաղադրույքներ ընդունելուց, առաջարկում է խաղադրույքների կայքերի և խաղերի ստեղծման ծառայություններ, խաղերի ոլորտն ավելի հեշտ կազմակերպելու համար տեխնոլոգիական նորարար լուծումներ։

«Սոֆթ Կոնստրակտ»-ի Vbet ապրանքանիշը Հայաստանում գիտեն գրեթե բոլորը: Վիգեն Բադալյանն իր կայքում ներկայացնում է իրենց ստեղծած բրենդները: Բայց այս բրենդը վաղուց է հատել Հայաստանի սահմանը: Vbet-ը ներկայացված է ամբողջ աշխարհում՝ տարբեր երկրներում բացված գրասենյակների միջոցով: Vbet-ը գովազդում են ֆուտբոլային հանդիպումներում, զանազան համերգներում, մրցույթներում:

Vbet.com կայքը գործունեություն է ծավալում կարիբյան Կյուրասաո կղզի-պետությունում գրանցված և այդ երկրից շահումով խաղերի լիցենզիա ստացած Radon B.V. ընկերության միջոցով (Կյուրասաոն, որն օֆշորային գոտի է, ինքնավարություն է Նիդերլանդների Թագավորության կազմում), իսկ vbet.am-ի օպերատոր-կազմակերպիչը հայկական «Սոֆթ Կոնստրակտ» ՓԲԸ-ն է: 

Բադալյանները հերքում են իրենց կապը Ֆալյալիների հետ

Հալիլ Ֆալյալին կիպրոսցի թուրք գործարար էր: 2022 թ. փետրվարի 8-ին մի խումբ զինված մարդիկ հարձակվել են նրա մեքենայի վրա։ Վարորդը՝ Մուրատ Դեմիրթաշը, սպանվել է մեքենայում, իսկ Ֆալյալին, ստանալով 16 հրազենային վիրավորում, մահացել է Նիկոսիայի հիվանդանոցում:

Ֆալյալին ճանաչված անձ էր, կապեր ուներ Թուրքիայի և կիպրոսցի թուրք պաշտոնյաների հետ և դրա շնորհիվ դարձել էր Թուրքիայում շահումով խաղերի պարագլուխը: 

ԱՄՆ-ն Ֆալյալիին և նրա եղբորը՝ Հուսնու Ֆալյալիին (Hüsnü Falyalı), 2015 թվականին թմրանյութերի ապօրինի շրջանառությունից ստացված փողերի լվացման համար մեղադրանք է առաջադրել: Բայց Ֆալյալին այդպես էլ չի ձերբակալվել և հյուսիսային Կիպրոսում, ըստ երևույթին, որևէ լուրջ խնդիր չի ունեցել (ավելին իմանալու համար կարող եք կարդալ OCCRP-ի հետաքննությունը):  

OCCRP-ն զրուցել է Ջեմիլ Օնալի (Cemil Önal) հետ, որը Ֆալյալիի ֆինանսական տնօրենն էր 2013 թվականի վերջից մինչև 2021 թվականի նոյեմբեր: Ֆալյալիի սպանությունից մի քանի ամիս առաջ նա աշխատանքից դուրս է եկել: Այժմ նիդերլանդական բանտում է: 

Օնալը պատմել է, որ Հալիլ Ֆալյալին ու Վիգեն Բադալյանը ծանոթացել են 2016-ին: Ըստ նրա՝ Բադալյանը Թուրքիայում իր մարդկանց «չնեղելու» դիմաց Ֆալյալիին առաջարկել է այդ երկրում իր վաստակածի 30 տոկոսը: Օնալի պատմելով՝ Բադալյանի BetConstruct-ը, որը զբաղվում է Թուրքիայում խաղադրույքների և շահումով խաղերի կայքերի ստեղծմամբ ու սպասարկմամբ, ամեն ամիս ստացել է այդ կայքերի եկամտի 18 տոկոսը, որն էլ հետո 70-30 հարաբերակցությամբ բաժանել են Վիգենն ու Հալիլը: Ըստ Օնալի՝ BetConstruct-ի կայքերի թիվը Թուրքիայում 150-200 է: 

«Այս հայաստանցի տղան ենթակառուցվածքներ է վաճառում ամբողջ աշխարհին,- ասել է Օնալը Բադալյանի մասին,- աշխարհում մոտ 5000 կայք իր ենթակառուցվածքները ստանում է BetConstruct-ից: Ինչու Հայաստանի՞ց: Որովհետև այնտեղ աշխատուժը շատ էժան է… Այս մարդը՝ Վիգեն Բադալյանը, ոլորտի կնքահայրն է»: 

Պատասխանելով OCCRP-ի հարցմանը՝ «Սոֆթ Կոնստրակտ»-ի իրավաբանական թիմը նշել է, որ ո՛չ Վիգեն Բադալյանը, ո՛չ ընկերությունը որևէ բիզնես կապ չունեն և ֆինանսական գործարքներ չեն արել Հալիլ Ֆալյալիի, նրա ընտանիքի կամ փոխկապակցված անձանց հետ: «Պնդումը, թե Ֆալյալին «հովանավորչություն» է ապահովել BetConstruct-ի հաճախորդների համար, ինչի դիմաց ստացել է արտոնյալ ֆինանսական վերաբերմունք (նկատի ունեն Օնալի նշած 30 տոկոս մասնաբաժինը - հեղ.), ամբողջովին կեղծ է և անհիմն,- փոխանցել են «Սոֆթ Կոնստրակտ»-ից ու հավելել,- մենք տեղյակ չենք ֆինանսական պայմանավորվածությունների մասին Ջեմիլ Օնալի արած պնդումներից, և վիճարկում ենք դրանց ճշգրտությունը»:    

Օնալը նաև պատմել է, որ Վիգեն Բադալյանը Ֆալյալիի շրջապատից միայն Հալիլի, նրա եղբայր Հուսնուի ու իր հետ է շփվել հեռախոսով ու Skype-ով: Նա պնդել է, որ 2015-ին Բադալյանն ու Հուսնու Ֆալյալին միասին լուսանկարվել են Լոնդոնում կայացած, խաղային ոլորտին վերաբերող ցուցահանդեսում: 

Ի պատասխան՝ «Սոֆթ Կոնստրակտ»-ի իրավաբանական թիմը OCCRP-ին փոխանցել է, որ առևտրային միջոցառումները ոլորտային հանրային հավաքներ են, որոնց մասնակցում են բազմաթիվ անհատներ. «Միջոցառմանը անհատի ներկայությունն ինքնին չի ենթադրում գործնական հարաբերություններ, և ցանկացած նման ակնարկ կարող է լինել ապակողմնորոշող ու սպեկուլյատիվ: Soft Construct-ը գործնական հարաբերություններ չունի Հուսնու Ֆալյալիի հետ: Նրա հետ ուղղակի կամ անուղղակի մասնագիտական ​​առնչություններից մենք տեղյակ չենք»:   

Vbet-ի թուրքական «երկվորյակը»

2019 թվականին հիմնադրվել է vbettr.com երկլեզու (անգլերեն և թուրքերեն) կայքը: Դիզայնով սա vbet.am-ի և vbet.com-ի «երկվորյակն» է, բայց թրքախոս մարդկանց ու, թերևս, Թուրքիայի բնակչությանը թիրախավորող այս կայքի օպերատոր-կազմակերպիչը ոչ թե այդ երկրում գրանցված/լիցենզավորված ընկերություն է, այլ, ինչպես vbet.com-ի պարագայում է, Կյուրասաոյում գրանցված և դրանից շահումով խաղերի լիցենզիա ստացած կազմակերպություն է՝ IT Management Santora B.V.-ն (այս նյութի հրապարակման պահին vbettr.com-ը Թուրքիայի տարածքում անհասանելի է եղել):

2021 թվականին մեր հարցմանն ի պատասխան «Սոֆթ Կոնստրակտ» ընկերությունից հայտնել էին, որ իրենց գործընկերներից ոչ մեկը լիցենզավորված չէ Թուրքիայում. «Այլ երկրներում լիցենզավորված ընկերություններից որոշները (IT Management Santora B.V.-ն, հավանաբար, դրանցից մեկն է - հեղ.) սպասարկում են ամբողջ աշխարհով սփռված թրքախոս բնակչությանը: Այս գործընկերներին և նրանց հաճախորդներին սպասարկելու համար Soft Construct Armenia-ում աշխատում են թրքախոս մասնագետներ, այդ թվում՝ Թուրքիայի քաղաքացիներ, ովքեր իրավունք ունեն բնակվելու և աշխատելու Հայաստանում»:

Այժմ vbettr.com դոմեյնի մասին ինֆորմացիայի մեծ մասը փակ է, սակայն ստեղծվելիս՝ 2019 թվականին, որպես դրա գրանցող նշվել է Վիգեն Բադալյանի անունը, իսկ էլ. հասցեն՝ [email protected]ը: 

«Vbettr.com-ը չի պատկանում, կառավարվում կամ շահագործվում Soft Construct-ի կամ Վիգեն Բադալյանի կողմից: Մեր տեղեկություններով՝ տվյալ կայքը չի գրանցվել [email protected] էլ. փոստի հասցեով: Մենք չունենք տվյալ, որ այս էլ. փոստն օգտագործվել է նման գրանցման համար, և տեղյակ չենք մեր համակարգերի ու այս դոմեյնի միջև որևէ կապի մասին,- OCCRP-ին հայտնել է «Սոֆթ Կոնստրակտ»-ի իրավաբանական թիմը, բայց նաև ավելացրել,- եթե առկա են լիցենզավորմանը վերաբերող կարգավորման կոնկրետ բացահայտումներ կամ պաշտոնական որոշումներ թուրքական իշխանությունների կողմից, խնդրում ենք փոխանցել դրանք՝ դիտարկելու համար»:

Մենք ունենք ապացույց (տես վերևի նկարում) ոչ միայն այն մասին, որ 2019-ին vbettr.com կայքը գրանցողը եղել է Վիգեն Բադալյանը, այլև առ այն, որ այսօր էլ դրա IP հասցեն գտնվում է Մեն կղզում և գրանցված է Soft Construct Limited-ի անունով: 2021-ին «Սոֆթ Կոնստրակտ»-ից մեզ պատասխանել էին, որ չնայած իրենց ընկերությունը ստեղծվել է Հայաստանում, այն միջազգային ընկերություն է, որի գլխավոր գրասենյակը գտնվում է Մեծ Բրիտանիայում (խոսքը Մեն կղզում գրանցված Soft Construct Limited-ի մասին է) և մասնաճյուղեր ունի ավելի քան 15 երկրներում: 
Այս նույն IP հասցեն օգտագործում են 666 կայքեր, որոնց թվում՝ խաղադրույք ընդունողներ (օրինակ՝ betsensationtr.com), ինչպես նաև Վիգեն Բադալյանին պատկանող հայկական «Սորտստոր» ՍՊԸ-ի arleam.love կայքը: 

Ասիրյանի և Ռուդոլֆ Պողոսյանի անուններն առնչվում են Բադալյանների բիզնես գործունեությանը: 

Այսպես՝ 2016-ին Բրիտանական Վիրջինյան Կղզիներում (ԲՎԿ) հիմնադրվել է IT Technology Solutions Limited ընկերությունը, որի միակ բաժնետերը Ռուդոլֆ Պողոսյանն է, իսկ տնօրենը՝ Եվգենյա Ասիրյանը: Այն, որ Պողոսյանի ու Ասիրյանի այս ընկերությունը կապ ունի Բադալյանների BetConstruct ապրանքանիշի հետ, պարզ է դառնում նաև Pandora Papers-ի արտահոսած փաստաթղթերից: 

Ռուդոլֆ Պողոսյանը նաև ԲՎԿ-ում գրանցված Fasttoken (BVI) Inc. ընկերության ներկայացուցիչն է, իսկ fasttoken-ը (FTN) Բադալյանների ստեղծած կրիպտոարժույթն է: Բացի դրանից՝ Պողոսյանն ուկրաինական Vbet Ukraine ընկերության ներկա տերն է Կիպրոսում գրանցված UCR Holding Limited-ի միջոցով (նախկինում ուկրաինական ընկերության սեփականատերերից մեկը եղել է Բադալյանների Soft Construct Limited-ը): 

Ավելին՝ Պողոսյանը Լիտվայում գրանցված «Ֆասթեքս Եվրոպա» (FastEX Europe, UAB.) ընկերության գործադիր տնօրենն է, իսկ ընկերության բաժնետերը Վիգեն Բադալյանն է: 

Ռուդոլֆ Պողոսյանն ու Եվգենյա Ասիրյանը չեն պատասխանել լրագրողների հարցումներին:

Ովքե՞ր են «Սոֆթ Կոնստրակտ» այցելած Թուրքիայի քաղաքացիները

OCCRP-ի լրագրողների թիմը նաև պարզել է, որ Թուրքիայի քաղաքացիներ Զեքի Դեմիրդեշը, Էգեմեն Մուստաֆա Շեները և Թոլգա Ալփասլանը բազմիցս այցելել են Հայաստան, եղել են «Սոֆթ Կոնստրակտ» ընկերությունում: Վերջինիս իրավաբանական թիմը OCCRP-ին հայտնել է, որ Դեմիրդեշն ու Շեները երբեք իրենց աշխատողները չեն եղել, իսկ Ալփասլանը նախկինում աշխատել է այդտեղ: 

Ովքե՞ր են Թուրքիայի այս քաղաքացիները, ո՞ւմ են նրանք ներկայացնում, ի՞նչ կապեր ունեն, ինչո՞վ են զբաղված իրենց բնակության երկրներում: Նրանցից երկուսը՝ Դեմիրդեշը և Շեները, ներգրավված են Հալիլ Ֆալյալիի ընտանեկան բիզնեսում: 

Զեքի Դեմիրդեշ

Զեքի Դեմիրդեշը (Zeki Demirdeş) 2017-2023 թթ. պարբերաբար այցելել է Հայաստան:

Մեր գործընկերների ձեռք բերած փաստաթղթերի համաձայն՝ Դեմիրդեշը պաշտոնապես աշխատում էր Cetin Kursat ընկերության համար, որին պատկանում է Ֆալյալիի հիմնադրած Les Ambassadeurs Hotel & Casino-ն հյուսիսային Կիպրոսում։

Լրագրողները պարզել են, որ 2024-ին Դեմիրդեշը 650.000 դոլարով վարձել է Ֆալյալիի այրուն պատկանող բնակարանը Դուբայում:

Ֆալյալիի նախկին ֆինանսական տնօրեն Ջեմիլ Օնալը OCCRP-ին պատմել է, որ Դեմիրդեշը Հայաստան էր այցելում Թուրքիայում BetConstruct-ի գործունեությունից ստացված եկամուտը Վիգեն Բադալյանին փոխանցելու համար։

Օնալի պնդմամբ՝ Դեմիրդեշը գումարը տեղափոխել է կրիպտոարժույթի տեսքով՝ օգտագործելով սառը դրամապանակ (կրիպտոարժույթի համար նախատեսված դրամապանակ, որը միացված չէ համացանցին), որպեսզի հնարավոր չլինի գործարքներին հետևել. «Երբ Զեքին Հայաստան է գնում, Ֆալյալի գրուպը հայերի անունից հավաքում է փողերը՝ հայերի, BetCo-ի վճարումները (նկատի ունի BetConstruct-ի հասանելիքը թուրքական կայքերից - հեղ.): Այդ գումարները հավաքվում են Ֆալյալի գրուպում, ինչից հետո դրանք ինչ-որ ձևով պետք է ուղարկել Հայաստան (նկատի ունի հայկական կողմի 70 տոկոսը, քանի որ 30-ը Ֆալյալիի մասնաբաժինն է - հեղ.): Երբ Զեքին Հայաստան է գնում, շատ դեպքերում սառը դրամապանակով բիթքոին է տանում իր հետ»: 

Էգեմեն Մուստաֆա Շեներ 

Էգեմեն Մուստաֆա Շեները (Egemen Mustafa Şener) նույնպես բազմիցս եղել է Հայաստանում: Այստեղ գալու հստակ նպատակը մեզ պարզ չէ, սակայն նա նույնպես Թուքիայում ներգրավված է եղել խաղադրույքների և շահումով խաղերի բիզնեսում։ 

Լրագրողները պարզել են, որ Էգեմենն իր հիմնական գործունեությունը ծավալել է Բելառուսում, որտեղ կազինոներ է աշխատեցնում Մինսկի President և DoubleTree by Hilton հյուրանոցներում, ինչպես նաև չորս այլ փոքր կազինոներ Բելառուսի տարբեր քաղաքներում: Էգեմեն Մուստաֆա Շեները 2018-ին Վրաստանում ստեղծել է երկու ընկերություն՝ Egemen LLC և Ege Bay LLC: 

Մեր բելառուս գործընկերների հետաքննությունը կարող եք կարդալ այստեղ

Թոլգա Ալփասլան 

Թուրքիայում հայտնի սպորտային խաղավար Թոլգա Ալփասլանը (Tolga Alpaslan) 2021 թվականին աշխատում էր «Սոֆթ Կոնստրակտ»-ում: 

Այն ժամանակ վերջինիս հարցրել էինք, թե արդյոք ճանաչում են և գործընկերային հարաբերություններ ունեն Ալփասլանի հետ: «Սոֆթ Կոնստրակտ»-ից պատասխանել էին. «Այո, մենք գիտենք Թոլգա Ալփասլանին: Ոչ, մենք Թոլգա Ալփասլանի հետ գործընկերային հարաբերություններ չունենք: Նա ունի Հայաստանում ապրելու և աշխատելու իրավունք և օրինականորեն աշխատում է Soft Construct Armenia ընկերությունում որպես խաղավար-մենեջեր»:

Ջեմիլ Օնալը նույնպես ճանաչում է Ալփասլանին։ Նրա խոսքով՝ Թոլգան Թուրքիայում խաղադրույքներ ընդունող կայքի՝ GrandBet-ի սեփականատերն է եղել: Ըստ Օնալի՝ 2016-ին անօրինական շահումով խաղեր կազմակերպողների դեմ թուրքական ոստիկանության ռեյդից հետո Ալփասլանը լքել է հյուսիսային Կիպրոսը: Ռեյդից ու Ալփասլանի փախուստից հետո թուրքական շուկայում նրա ունեցած բաժինն իր վերահսկողության տակ է վերցրել Հալիլ Ֆալյալին:

2024-ի ապրիլին Թոլգա Ալփասլանը Հայաստանում հիմնել է «Գրանդ Վիժն Սերվիսիզ» ՍՊԸ-ն: Նրան պատկանում է ընկերության 51 տոկոսը, իսկ 49 տոկոսի տերը Փընար Օնուկն է (Pınar Onuk): Երկուսն էլ Թուրքիայի քաղաքացիներ են: Ըստ ՊԵԿ-ի՝ 31 աշխատող ունեցող ընկերությունը խորհրդատվություն է տրամադրում։

«Հետքի» հետ հեռախոսազրույցի ժամանակ ընկերության իրավախորհրդատու Կարեն Մանուկովը հայտնել է, որ ՍՊԸ-ն հիմնականում մատուցում է խորհրդատվական, ուսումնական և վերապատրաստման ծառայություններ: Հարցին, թե արդյոք խաղատուն են աշխատեցնում, բացասական պատասխան է տվել՝ հավելելով, որ օնլայն թրեյնինգներ են անցկացնում խաղատների դիլերների համար, գովազդային նյութեր են պատրաստում: Ըստ Մանուկովի՝ ծառայությունները մատուցվում են միայն օտարերկրյա ընկերությունների համար՝ համապատասխան պայմանագրերի հիման վրա։ «Գրանդ Վիժն Սերվիսիզ»-ում, ըստ Կ. Մանուկովի, աշխատում են հիմնականում ՀՀ քաղաքացիներ, բայց ներգրավում են նաև օտարերկրացիների:  

Ուշագրավ մի փաստ՝ 2024-ի օգոստոսին Ալփասլանը Մալթայում նույն անվանումով ընկերություն է գրանցել ՝ Grand Vision Services Limited, որը Կյուրասաոյից շահումով խաղերի կազմակերպման լիցենզիա է ստացել:

Բադալյանների երկրորդ «հայրենիքը»

Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ Բադալյան եղբայրների կյանքում և բիզնեսում առանձնահատուկ տեղ ունի Մալթան: 2016-ին Վահե և Վիգեն Բադալյանները դարձել են Մալթայի քաղաքացիներ։ Քաղաքացիություն է ստացել ընտանիքի անդամներից ևս 10 հոգի։ «Մեր 12-հոգանոց ընտանիքի համար Մալթայի տնտեսությունում կատարել ենք շուրջ 2 մլն եվրոյի ներդրում՝ քաղաքացիություն ստանալու համար»,- մեր գրավոր հարցման պատասխանում նշել են Վահե և Վիգեն Բադալյանները: 

Նրանք Մալթայում հիմնադրել են չորս ընկերություն, որոնց միջոցով տարբեր երկրներում գործունեություն են ծավալում: Դրանք են՝ Soft Construct (Malta) Limited (բաժնետերը՝ Մեն կղզում գրանցված Soft Construct Limited), V Venture Limited (նախկինում՝ FC Capital (Malta) Limited, բաժնետերերը Բադալյան եղբայրներն են 50-ական տոկոս բաժնեմասերով), SCGO Limited (նախկինում՝ Vivaro Ltd, բաժնետերը Մեն կղզում գրանցված Soft Construct Limited-ն է), Fast Shift Limited (նախկինում՝ Fasttoken Limited, բաժնետերերը Բադալյան եղբայրներն են 50-ական տոկոս բաժնեմասերով):

Բադալյանների հարաբերությունները ՀՀ իշխանությունների հետ

Բադալյան եղբայրները միշտ ջերմ հարաբերություններ են ունեցել Հայաստանի իշխանությունների հետ: «Սոֆթ Կոնստրակտ» ընկերություն է այցելել նախկին նախագահ Արմեն Սարգսյանը, գործող նախագահ Վահագն Խաչատուրյանն էլ այցելել է, երբ ԲՏԱ նախարար էր: Ընկերություն են այցելել փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը, մի շարք նախարարներ: 

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը 2024-ին այցելել է Վիգեն Բադալյանին պատկանող, գյուղատնտեսության ոլորտում գործունեություն ծավալող «Ֆանֆրութ» ՍՊԸ: 

Վիգեն Բադալյանն առավել ջերմ հարաբերություններ ունի ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հետ: Սիմոնյանը, նրա կինն ու իշխող խմբակցության պատգամավորներ Էդուարդ Աղաջանյանն ու Հրաչյա Հակոբյանը (վարչապետի աներորդին) 2021-ի սեպտեմբերին Վիգեն Բադալյանի հետ ժամանակ են անցկացրել հունական Միկոնոս կղզում:

Բադալյան եղբայրները բազմաթիվ բարեգործական ծրագրեր են իրականացնում, նվիրատվություններ անում: Վիգեն Բադալյանին կարելի է տեսնել իր կազմակերպած տարբեր միջոցառումներում, որտեղ անձամբ է ներկայացնում իրենց բրենդները: Նա հանդիպում է արվեստի ներկայացուցիչների հետ, մարզիկներին պարբերաբար պարգևատրում սեփական արտադրության կրիպտոարժույթով՝ FTN-ով: 

2020 թվականից մինչ օրս Վիգեն Բադալյանը Հայաստանում Կոլումբիայի պատվավոր հյուպատոսն է: Հյուպատոսի գրասենյակը տեղակայված է Բադալյան եղբայրներին պատկանող «Կովկաս» հյուրանոցա-ռեստորանային համալիրում: 

Հայաստանում գործող չորս բուքմեյքերական ընկերություններից ամենախոշոր հարկատուն «Սոֆթ Կոնստրակտ» ՓԲԸ-ն է։ Ըստ ՊԵԿ-ի վերջին տվյալների՝ 2024 թվականի առաջին 9 ամիսներին (հունվար-սեպտեմբեր) «Սոֆթ Կոնստրակտ»-ը պետբյուջե է վճարել 13,9 մլրդ դրամի հարկ, որը 2023-ի նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 60 տոկոսով: Այս ցուցանիշով «Սոֆթ Կոնստրակտ»-ը 2024-ի հունվար-սեպտեմբերին եղել է ՀՀ 11-րդ խոշոր հարկատուն։ 

Ըստ «Սոֆթ Կոնստրակտ»-ի վերջին ֆինանսական հաշվետվության՝ 2023 թվականին ընկերության հասույթը կազմել է մոտ 61 մլրդ դրամ, որից 43 մլրդ դրամը խաղադրույքներից հասույթն է։

OCCRP-ի հարցմանն ի պատասխան՝ «Սոֆթ Կոնստրակտ»-ի իրավաբանական թիմը հայտնել է, որ Վիգեն Բադալյանն ու ընկերությունը գործում են օրենքներին համապատասխան բոլոր այն իրավասություններում, որտեղ բիզնեսով են զբաղվում: «Մենք կտրականապես հերքում ենք անօրինական գործունեության կամ հանցավոր կազմակերպությունների հետ կապերի մասին ցանկացած ենթադրություն»,- նշել է Բադալյանների իրավաբանական թիմը՝ հավելելով, որ «Սոֆթ Կոնստրակտ»-ը մատուցում է խաղային ծրագրերի լուծումներ, բայց չի կառավարում կամ վերահսկում երրորդ կողմերի բիզնեսները, որոնք օգտագործում են իր արտադրանքը: 

Առաջին նկարի ձևավորումը՝ Տիրայր Մուրադյանի  

 

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan