Հայաստանը պետք է դիմանար ընդամենը 7-8 տարի
Երևանը կարող էր դառնալ Մոսկվայի ամենաարտոնյալ դաշնակիցը:
Քաղաքագետ Բենիամին Մաթևոսյանն Alpha News-ի եթերում «Վերնագիր» հեղինակային հաղորդման ընթացքում ներկայացրել է թեմայի շուրջ մասնագիտական վերլուծություն, որում մասնավորապես ասվում է.
«2023 թվականին Արցախում իրականացված էթնիկ զտումներից հետո, Հայաստանի ներկայիս էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հայտարարել է, որ եթե մենք ցանկանում ենք իմանալ ճշմարտությունը, ապա պետք է իմանանք, որ «Հայաստանի իրական անկախության օրը ոչ թե սեպտեմբերի 21-ն է, այլ սեպտեմբերի 19-ը»։ Այսինքն՝ այն օրը, երբ սկսվեց հերթական պատերազմը Արցախի դեմ, որի արդյունքում մենք՝ հայ ժողովուրդը, կորցրեցինք մեր պատմական հայրենիքի մի մասը, իսկ Հայաստանի Հանրապետությունը՝ իր ռազմավարական խորության և ռազմական ներուժի ամենակարևոր մասը:
Սկզբից էլ պարզ էր, որ Պապոյանը արտահայտում է ոչ միայն իր կարծիքը, այլ նաև «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության կոլեկտիվ կարծիքը, ինչը հաստատվել է նախօրեին։ Այսպես, Նիկոլ Փաշինյանը ԱՄՆ-ի հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ «44-օրյայի պարտության միջով անցնելով՝ ձեռք ենք բերել անկախ, ինքնիշան պետություն ունենալու հնարավորություն, ես չէի ուզի նաև վերլուծությունների արդյունքում գանք այն եզրակացության, որ մեր ընկած նահատակները, իրենց զոհողությունը ոչնչի համար է եղել»։
Սա սուտ է։ Ու սա գնահատողական դատողություն չէ, այլ փաստի արձանագրում։ Իսկ հասկանալու համար, թե ինչու է սա սուտ, պետք է մի փոքր «շեղվել խոսակցության բուն թեմայից»։ Նույն Նիկոլ Փաշինյանն ու նրա թիմի անդամները սիրում են կրկնել, որ «աշխարհը փոխվում է», որ «մենք հետևում ենք աշխարհակարգի փոփոխությանը»։ Բայց ինչ է այս «նոր աշխարհակարգը»։
Նոր աշխարհակարգն այն է, ինչի մասին խոսում է ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը, երբ ասում է, որ ցանկանում է արդար և հավասար խաղի պայմաններ։ Երբ Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը ասում է, որ աշխարհը շարժվում է դեպի բազմաբևեռություն, և այս փաստը անհնար է անտեսել, պարզ է դառնում, որ մեզ կարող է սպասել նոր «Վեստֆալյան համակարգ» կամ «Նոր Յալթա»։ Այսինքն՝ գլոբալ խաղի նոր կանոնների հաստատում։ Ակնհայտ է, որ «նոր Յալթայի սեղանի» շուրջ իրենց տեղն արդեն ամրացրել են ԱՄՆ-ը, Չինաստանը, Հնդկաստանը և Ռուսաստանը։ Եվ այստեղ մենք մոտենում ենք ամենահետաքրքիր դրվագին։
Ուկրաինայի պատերազմն անհրաժեշտ էր Ռուսաստանին, որպեսզի ստանար այդ տեղը բանակցությունների սեղանի շուրջ։ Պատերազմն այսօր ընթանում է այն հունով, որ նույնիսկ այն հայ քաղաքական մեկնաբաններն ու լրատվամիջոցները, որոնք անցյալ տարի խոսում էին այն մասին, որ «Ռուսաստանն արդեն պարտվել է», այսօր ընդունում են, որ ՌԴ-ն չի ուզում անգամ պատերազմի դադարեցում, քանի որ անկասելիորեն առաջ է շարժվում, և ռուսական բանակը նվաճում է նորանոր սահմաններ (Դնեպրովսկյան մարզն արդեն մոտ է)։
Հասկանալի է, որ նման պայմաններում «նոր Յալթան» ձեռնտու կլինի ոչ միայն Մոսկվային, այլև նրա դաշնակիցներին։ Եվ հենց այս համատեքստում պետք է միանշանակ արձանագրել, որ եթե Հայաստանը «2018 թվականին չհանձնվեր», ապա կլիներ ՌԴ-ի ամենաարտոնյալ դաշնակիցներից մեկը։ Ինքներդ մտածեք. Հայաստանում կլիներ այն երկրի ռազմաբազան, որը հաղթել է ՆԱՏՕ-ի ամբողջ բլոկի դեմ պատերազմում, որի փորձն ու ռազմական տեխնոլոգիաները կարելի էր ընդօրինակել։ Հայաստանը կունենար էժան էներգակիրներ։ Եթե «Հյուսիս-Հարավ» միջանցքն աշխատեր, ապա Հայաստանը կդառնար կարևոր զարկերակներից մեկը, որը անհրաժեշտ կլիներ թե՛ Իրանին, թե՛ Չինաստանին և ՌԴ-ին, երկու երկրներին՝ «նոր յալթյան ակումբից»։
Եթե մենք դիմանայինք ևս 7-8 տարի և չհանձնեինք Արցախը, եթե ռուս-ուկրաինական պատերազմի ժամանակ կարողանայինք ապահովել խաղաղություն Հարավային Կովկասում, ինչն իր հերթին չէր թողնի Ադրբեջանին շանտաժ անել ՌԴ-ին, ինչպես անում են հիմա՝ վաճառելով հենց ռուսական գազը, ապա Հայաստանի ապագան այլ կլիներ։ Եվ, անշուշտ, այդ ապագան չէր լինի թյուրքական աշխարհում, ուր նրան բռնի կերպով տանում է Փաշինյանը։
Մտածե՛ք այդ մասին․․․»։