Թուրքիան և Ադրբեջանը սպասում են Իրանի թուլացմանը, որպեսզի լուծեն Հայաստանի հարցը

Լոնդոնում գործող Kayhan London պարբերականը գրում է, որ Սիրիայում ռեժիմի փոփոխությունը կարևոր փուլ է, որը թույլ կտա Թուրքիային վճռական առավելություն ստանալ իր հիմնական տարածաշրջանային հակառակորդի՝ Իրանի հետ առճակատման հարցում։ Ինչն իր հերթին կարող է հանգեցնել «Զանգեզուրի միջանցքի» բացմանը և Թեհրանի տեղահանմանը՝ Հարավային Կովկասի առևտրի և տրանսպորտի ոլորտից։
Պարբերականը նշում է, որ Սիրիայում Անկարայի կողմից աջակցվող ուժերի իշխանության գալը մոտ ապագայում ազդեցություն կունենա մի քանի ոլորտների վրա։ Մասնավորապես, իրանական բեռնատարները ստիպված կլինեն ավելի բարձր հարկեր և տուրքեր վճարել Թուրքիայի տարածքով տարանցման համար։
Ըստ այս պարբերականի, Թուրքիայի և Իրանի մրցակցությունը տարածաշրջանում ունի մեծ պատմություն:
Ըստ այս պարբերականի, Շահի ժամանակ, Իրանը Արևմուտքի աջակցությամբ վերահսկում էր տարածաշրջանի ցամաքային, օդային և ծովային շատ ուղիներ, ներառյալ Պարսից ծոցը և Օմանի ծովը: Թեհրանի ազդեցությունը Փահլավիների դինաստիայի օրոք տարածվեց մինչև Կարմիր ծով՝ Եգիպտոսի հետ ունեցած բարեկամության շնորհիվ:
Ըստ պարբերականի, Շահ Ռեզա Փահլավիի տապալումից հետո Իրանի դերը տարածաշրջանում սահմանափակվեց, մինչդեռ Թուրքիայի ազդեցությունը, ընդհակառակը, զգալիորեն ավելացավ։ Իսկ Սիրիայում Բաշար ալ-Ասադի վարչակարգի տապալումը վերջնականապես փոխեց ուժերի հավասարակշռությունը հօգուտ Անկարայի։
Հոդվածում նշվում է, որ Թուրքիայի և Իրանի միջև լարվածության կետերից մեկը «Զանգեզուրի միջանցքն է», որը, ըստ Թեհրանի, սպառնում է Հայաստանով անցնող Հյուսիս-Հարավ միջազգային տրանսպորտային միջանցքի ճյուղին, ինչպես նաև ամրապնդում է Թուրքիայի և Ադրբեջանի միջև կապերը, ինչը թուլացնում է Իրանի Իսլամական Հանրապետության տարածաշրջանային դերը, քանի որ այս միջանցքի ապաշրջափակումը թույլ կտա Թուրքիային և Ադրբեջանին ապագայում ամբողջությամբ հրաժարվել Իրանով անցնող երթուղիներից։
Միևնույն ժամանակ, ինչպես նշվում է հոդվածում, դա մարտահրավեր է նաև Իրանի համար։ Նախ «Զանգեզուրի միջանցքը» կարող է սպառնալ Իսլամական Հանրապետության հյուսիսարևմտյան սահմանին։ Ի վերջո, նրա մոտ լինելն Իրանի տարածքին ուժեղացնում է Թուրքիայի և ՆԱՏՕ-ի ազդեցությունը տարածաշրջանում, ինչպես նաև կարող է հանգեցնել Հյուսիսատլանտյան դաշինքի զորքերի հայտնվելուն անմիջապես Իրանի սահմանին:
Երկրորդ՝ միջանցքը բարդացնում է Իրանի հաղորդակցությունը Հայաստանի հետ, որը Թեհրանի համար կարևոր օղակ է Հյուսիսի հետ կապերը զարգացնելու համար։
Հետաքրքիր է, որ Լոնդոնում հրատարակվող այս պարբերականը կանխատեսում է, որ վաղ թե ուշ Իրանը պարտվելու է, քանզի իր պրոքսի ուժերի ջախջախումից հետո նրա ազդեցությունը տարածաշրջանում կտրուկ թուլանալու է:
Հավելենք նաև, որ Իրանի պարտությանը կարող են նպաստել նաև Փաշինյանի իշխանության քայլերը, քանի որ Հայաստանն ամեն ինչ անում է, որ իր դիրքերը տարածաշրջանյում թուլանան:
Սակայն Փաշինյանի այդ գործողությունները խելագարական վարկածով չպիտի բացատրել:
Պարզապես Փաշինյանը հասկացել է, որ իր իշխանության պահպահման համար կարևոր է հենց Մոսկվայի և Թեհրանի ազդեցությունների թուլացումը: Բայց այս մոտեցումը, որը շահավետ է անձամբ Փաշինյանին, ուղիղ հակասում է Հայաստանի շահերին, քանի որ այն սպառնում է Հայաստանի գոյությանը:
Փաշինյանի և Հայաստանի շահերի ուղիղ հակասությունը դարձրել է հայ ժողովուրդին պատանդ, որից էլ կախված է լինելու թե կկարողանա այս իրավիճակից հայ ժողովուրդը դուրս գալ անվտանգ ձևով, թե կարող են կրկնվել 1915 թվականի դեպքերը, որոնց «մեղմ» ձևը մենք տեսանք Արցախի հարցում երկու տարի առաջ:
Սա է իրականությունը:
Արտակ Հակոբյան
Zham.am
