Նյարդերը տեղի են տալիս. «Հրապարակ»
Խմբագրականում «Հրապարակը» գրում է. «Մարդիկ, տեսնելով ու լսելով, թե ինչպես է վերջին օրերին Նիկոլ Փաշինյանը բառացիորեն կատաղի տենդով տրորում ՀՀ օրենքներն ու Սահմանադրությունը, ասում են` այս տարիներին նա այնքան շատ օրենքներ է տրորել, այնքան հանցանք է կատարել, որ մեկը` ավել, մեկը` պակաս, արդեն ոչինչ չի փոխվում: Այս տեսակետը, իհարկե, տրամաբանական է, բայց երբ մարդն անգամ փոքրիկ ջանք չի գործադրում, որ մնա օրինականության շրջանակներում, եւ չի գիտակցում իր լիազորությունների սահմանները, բայց ինքը պարբերաբար կոչեր է անում, թե` հարկ վճարեք, ՀԴՄ խփեք, օրենք հարգեք, դա առնվազն տարօրինակ է: Ընդամենը մի փաստ. բարձրաստիճան պաշտոնյաներ է ազատել աշխատանքից` անօրինական կարգով, անհիմն, չպատճառաբանված՝ դա ձեւակերպելով որպես «խնդրանք»: Այդ ապօրինի «խնդրանքը» մեծ մասը կատարել է, մեկը չի կատարել, եւ դրանից նա այնքան է վրդովվել, որ նյարդերը տեղի են տվել, ու հիմա իր ձեռքում հայտնված պետական մամլիչը գործադրում է, որ «խնդրանքն» անել տա:
Իր «խնդրանքը» կատարած անձանց հասցեին է գովեստներ շռայլում, շնորհակալություններ հայտնում, իսկ «խնդրանքը» չկատարած անձին «պատերազմ» է հայտարարել` մոռանալով, թե երկու շաբաթ առաջ ինչու էր ուզում, որ նա մանդատը դնի: Անթաքույց ապօրինի հանձնարարություն է իջեցրել իր ենթակա իրավապահներին` առգրավել մարդու հեռախոսը, կոմպրոմատներ հավաքել նրա մասին, ապա ստացած ինֆորմացիան դրել է քննարկման` նման իրավունք չունեցող մարդկանց հետ: Խառնել է բարոյականն ու անբարոյականը, պետական գաղտնիքն ու մարդու ազատ արտահայտվելու իրավունքը:
Եվ հասել է այն կետին, որ իր կուսակցությունից մարդուն հեռացնում է` «արտահոսքի» համար, ինչը նույնիսկ Կոմունիստական կուսակցությունը չէր անում, ինչը երբեւէ չի արել որեւէ կուսակցություն»: