Գաղտնի հանդիպում Մոսկվայում և ստվերային գործընթացներ
«Հրապարակ» թերթը գրում է.
«Մոսկովյան այցի ընթացքից ու ՀՀ իշխանությունների հրապարակային դիրքորոշումներից տպավորություն է ստեղծվում, որ Նիկոլ Փաշինյանը հերթական անգամ դեմարշ է արել ՌԴ-ի դեմ. նախ՝ Հայաստանը չմիացավ ԱՊՀ պետությունների փոխարտգործնախարարների հավաքում ընդունված երկու հայտարարություններին։ Երկրորդ՝ Փաշինյանն ԱՊՀ երկրների ղեկավարների հավաքի ժամանակ իր ելույթում գրեթե բաց տեքստով հայտարարեց, որ որեւէ փաստաթղթով նախատեսված չէ Ադրբեջանը Նախիջեւանին կապող ճանապարհի կամ, այսպես կոչված, Զանգեզուրի միջանցքի վերահսկողությունը հանձնել երրորդ երկրի՝ նկատի ունենալով, որ ռուսները թող հույսեր չփայփայեն: Այստեղ «քարը» դեպի նոյեմբերի 9-ի հայտարարությունն է:
Կան նաեւ լուրեր, որ հենց Փաշինյանն է մերժել եռակողմ՝ Պուտին-Ալիեւ-Փաշինյան ֆորմատով հանդիպումը։ Ռուսաստանի նախագահի արտաքին քաղաքական հարցերով օգնական Յուրի Ուշակովը, հիշեցնենք, ասել էր, որ Մոսկվան մտադրություն է ունեցել հոկտեմբերի 8-ին եռակողմ հանդիպում կազմակերպել, բայց «մեկն» այդ գաղափարին չի աջակցել:
Տպավորություն է, որ Փաշինյանը հավատարիմ է արեւմտյան կենտրոնների առջեւ ստանձնած պարտավորություններին եւ մերժում է ռուսական հարթակը, ավելին՝ ՌԴ-ին ՀՀ-ից քայլ առ քայլ հեռացնում է: Սակայն այս համատեքստում ուշագրավ է նաեւ, որ Պուտինը Հայաստանի եւ Ադրբեջանի առաջնորդներին հրավիրել է Կազան՝ ԲՌԻԿՍ-ի գագաթնաժողովին, որը տեղի կունենա հոկտեմբերի 23-24-ին։ Քաղաքական շրջանակներում այս հրավերը տարբեր կերպ են մեկնաբանում` ոմանք համոզված են, որ Փաշինյանը որոշակի ստվերային պայմանավորվածությունների է գնացել Մոսկվայում եւ Կազան գնալու է, որ շարունակի սկսածը։ Ավելին, երեկ անգամ լուրեր տարածվեցին, թե Մոսկվայում Փաշինյան-Պուտին-Ալիեւ գաղտնի հանդիպում է տեղի ունեցել՝ հոկտեմբերի 8-ի լուսադեմին, որը չի հրապարակայնացվել»:
Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում