Տեղի է ունենում պետության սահուն, անցնցում հանձնում՝ մեկ այլ պետության․ «Կարճ ասած»
Yerevan.today-ի գլխավոր խմբագիր Սևակ Հակոբյանը նկատում է. «Առավոտյան իմացանք՝ Նիկոլ Փաշինյանը Ֆրանսիա է մեկնել։ Արտգործնախարարն էլ Վարշավայից է միանգամից գնացել Փարիզ։ Իհարկե՝ անհասկանալի է, թե այդ այցերի արդյունքում ինչ ձեռքբերում կա։ Ցանկացած երկիր գործուղումից հետո լինում է, չէ՞ հաշվետվություն, թե ինչ արվեց, ինչ արդյունք կա, այդ այցով ինչի են հասել։ Օրինակ Հայաստանի կառավարության ղեկավարի այցը Նյու Յորք, որ 5 օր տևեց, մեր պետությանը ի՞նչ տվեց։ ՄԱԿ-ի ամբիոնից ասաց սահմանադրությունը կփոխեմ, որ Ալիևի սրտով լինի, մեկ էլ ասաց՝ լավ բաներից խոսենք, որ լավ լինի։ Այնուհետև տեսանք Փաշինյան-Աննա Հակոբյան զույգի վայելքները Նյու Յորքում։ Պաշտոնյաների գործուղումների ցանկն եմ նայում, 2 շաբաթով Լեհաստան, Հունգարիա, Մյունխեն, Շանհայ, էլ օլիմպիական խաղեր, ինչպես Նիկոլը կասեր՝ ժամանակակից աշխարհն են բացահայտում։ Աշխատանքից հոգնած մարդուն որ հարցնում են ինչ կուզեիր, ասում է՝ չաշխատեի փող ստանայի, լրիվ սրանց գործն է։
Անիմաստ ծախսերի շքերթ է, ոչ միայն գործուղումների վրա․ այսօր 15 մլն տվեցին, որովհետև ՔՊ-ական պատգամավորների բենզինը պրծել է, 3 մլն դոլար տվեցին, որ էլեկտրամոբիլներ առնեն, 20 մլն դոլար մսխեցին ԱՆԻՖ-ի վրա, միլիոնավոր դոլարներ՝ շուտ քանդվող ասֆալտի վրա, էն մի նախարարությունը թանկարժեք նարդի է առնում, մյուսը՝ թանկարժեք ժամացույց ու կոնյակ, ԱԺ-ն ինչ-որ ամառային դպրոց է կազմակերպում 60 հազար դոլարով, որ ՔՊ-ականները դասախոսություն կարդան աշակերտներին, երևի երկիր հանձնել-իշխանության մնալու մեթոդների մասին, 40 հազար դոլար տալիս են հեծանվով Սևանի շուրջը Նիկոլի հետ հեծանվով վազելու համար։ Հարկատուների փողերը ուղղակի քամուն է տրվում։
Ու սարսափելի է սա հենց այն իրավիճակում, երբ անգամ էս շռայլ ծախսեր անողները գուժում են պատերազմի մասին։ Արտաքին գործերի նախարարը էս էլ որերորդ անգամ պատերզմի հնարավորության մասին է խոսում։ Պատերազմ են գուշակում, բայց ո՞նց են պատրաստվում, Նիկոլն ասում է՝ լավ ասենք, որ լավ լինի։ Միլիոններ է պետբյուջեից ծախսում, որ հասնի ԱՄՆ ու ասացվածք կարդա։ Ադրբեջանը Ղազախստանի հետ համատեղ զորավարժություն արեց, Վրաստանի հետ արեց, Թուրքիայի հետ արեց, Ուզբեկստանի հետ արեց, Պակիստանի հետ արեց ու հիմա էլ մեր քթի տակ է անում՝ Նախիջևանում։ Դո՞ւք ինչ եք անում, ո՞նց եք պատրաստվում։
Գործընկերս էն օրը հաշվել էր՝ միայն հոկտեմբեր ամսին մեր երկրում 10 փառատոն է տեղի ունենալու՝ Սուրճի և թեյի փառատոն Երևանում, Գինու փառատոն Արենիում, Ազնվամորու փառատոն Դավիթ Բեկում, Քյուֆթայի փառատոն Էջմիածնում, Պանրի փառատոն Տաշիրում, Ճագարների փառատոն Մարմաշենում, Ընկույզի փառատոն Հերհերում, Պանրի փառատոն Երևանում, Մեղրի փառատոն Երևանում, Դդումի փառատոն Տավուշում։ Դա մենակ հոկտեմբերին էր։ Ցանկը մի քիչ էլ ես լրացնեմ՝ «Երևան կլասիկ ֆեստ» փառատոն՝ մոտ 900 հազար դոլար արժեքով, «Համաշխարհային հայկական գագաթնաժողով»՝ 700 հազար դոլարից ավելի, Գինու զբոսաշրջության փառատոն կամ համաժողով՝ 151 մլն դրամ, Թաթայի համերգ՝ 70 քանի մլն դրամ, 180 մլն դրամ`«Ֆեստիվառ» փառատոնի համար, ծիրանի փառատոն, վարչապետի գավաթ սիրողական լողի մրցաշար, Տարազֆեստ, գարեջրի փառատոն, Տարվա լավագույնները մրցույթ-փառատոն, DILIJAN WINE FEST, տոլմայի փառատոն, ոչխարների խուզման փառատոն, պարի միջազգային փառատոն, մշակութային-խոհանոցային փառատոն, «Հայ Ֆեստ» փառատոն։ Փառատոններով գնում ենք պատերզմի։ Երեք խոզուկների ծղոտե տներով պատրաստվում են դիմավորեն գայլին։
Բթացնում են մարդկանց․ Գյուղերը հանձնում են ու գյուղական ավանդույթների փառատոնի մասնակցում։ Կիրանց գյուղի կեսը Ադրբեջանին հանձնելուց օրեր անց մի քիչ այս կողմ՝ Իջևանում, համերգ արեցին մոտ 80 հազար դոլարով․ Նիկոլի կինն էլ, որ ամուսնու հետ մասնակցում էր փառատոնին, գրեց, թե նման բան դեռ չէր եղել Իջևանում, ժողովուրդը չի հիշում։ Լուրջ, իսկ հողերի հանձնում եղե՞լ էր, ժողովուրդը հիշո՞ւմ է։ Ես էլ էդպիսի բան չեմ հիշում՝ պատերազմից առաջ համերգներ՝ կառավարության կազմակերպմամբ։ Ուզում են խաղաղ, անհոգ կյանք ցույց տալ, որը, չկա։ 80 քառակուսի կիլոմետր Նիկոլը Ջերմուկից հանձնել է, տարել են Ջերմուկում Աստրոֆեստ փառատոն են անցկացնում։ Նիկոլն ասում է՝ էդ հողերը հետ բերելու ծրագիր չունեմ, բանակցում ենք, ինչ եղավ՝ եղավ։ Փառատոն են անում, ինչի՞ վրա։
Իմ տեսակետից, ժողովրդին իրականում չենք կարող մեղադրել, որ էդ փառատոններին մասնակցում է․ եթե գնաս գյուղ ասես վաղը գյուղի մեջտեղում լավ թանկանոց համերգ է լինելու, բայց ձեզ համար՝ ձրի, սաղ գյուղը կգնա․ բայց որ նույն մարդկանց ասես գիտե՞ս Սահմանադրական դատարանը չեղարկել է անկախության հռչակագիրը, այ դրա վտանգը կարող է չպատկերացնեն։ Դա իրենց գործը չէ։ Չես կարող մարդուն ասել այ ինչու ես էդ փառատոնին մասնակցել, եթե մեր սահմանից ներս հեսա-հեսա թուրքը կմտնի։ Բայց կարող ես ասել այ կառավարություն, ինչու ես կազմակերպել էդ փառատոնը, երբ պատերազմի շեմին ենք։ Ժողովուրդը իր գործն ունի անելու, իշխանությունը իր գործն ունի անելու։ Դրա համար էլ իշխանության թիվ մեկ պարտականությունը անվտագության ապահովումն է։ Նիկոլը իր հիմնական գործառույթը՝ անվտանգության ապահովումը, թողել է յա բախտի ու կատարում է փառատոնի կազմակերպում՝ մի ՍՊԸ-ի աշխատանք։ Անում է վտանգավոր բաներ ու մարդկանց կերկրում փառատոններով։ Մենք չենք կարող քաղաքացուց պահանջել այն, ինչ պետության գերծն է։ Բայց երբ կառավարությունն իր գործառույթը չի անում, արդեն քաղաքացու պարտականությունն է ցուցաբերել քաղաքացիական կեցվածք և փոխել էդ կառավարությանը։ Ո՞ր մի պետության ղեկվարությունն է իր պարտականությունները դնում ժողովրդի վրա։ Պետության ղեկավարն ասում է խաղաղություն չեմ պատկերցնում ու գնում է իր պատվին իր կազմակերպած TOUR DE SEVAN հեծանվաարշա՞վ։ Չի կարող կառավարությունը պատերզամ կանխատեսել, բայց զբաղվել փառատոններով։ Նրանց ասելիքն ու անելիքը պետք է այլ լիներ։
Երեկ Ալիևը հերթական խայտառակ պահանջն է ներկայացրել՝ պատասխանատվության ենթարկել առաջին պատերազմի հաղթանակը կերտածներին, պահանջել է հերոսներին դատել։ Երեխայի հետ խանութ մտած կաք, չէ՞․ էն որ հարցնում ես ինչ ես ուզում, ու ամեն ապրանքի վրա ձեռքը պարզում է․ ոնցոր Հայաստանը էդ խանութը լինի, Ալիևը՝ էդ երեխան, ինչ կա՝ վաճառքի են հանել ու նա ուզում է։
Մենք նաև տեսնում ենք ընդդիմադիրների մի մասի կողմից անկեղծ ջանքեր՝ երկիրը էս վիճակից հանելու։ Բագրատ սրբազանի կողմից տեսնում ենք գերագույն ճիգերի գործադրում։ Բայց նաև տեսնում ենք, որ իշխանությունը նրա դեմ է հանել ոստիկանական ողջ համակարգը։ Երեկ տեսա՝ էլի էն նռնականետորդ Արամ Հովհաննիսյանը բրիգադներով եկել էր հանրահավաքի մսնակիցների դեմ, լեզվակռվի մեջ էր մտնում, վիրավորում էր։ Լավ, հետաքրքիր է, էլի, ոստիկանությոն ղեկավարությունը էս ամենը չի՞ վերլուծում․ դուք ընդհանրապես իրար կողքի դնո՞ւմ եք ինչ է կատարվում։ Դուք հասկանո՞ւմ եք, որ էսօր ոստիկանության որևէ գործողություն պետության շահերից չէ, այլ պետությունը հանձնողի շահերից է։ Դուք ընդամենը մեկ մարդու պաշտոնի հարց եք լուծում։ Արամ Հովհաննիսյանը, վստահ եմ, գիտի, որ ինքը ինչպես էլ աշխատի, իր պաշտոնը երաշխավորված չէ, մազից է կախված։ Ինչ հրահանգ էլ կատարի, մի գեղեցիկ օր դուրս է շպրտվելու, հենց էն մարդու ձեռքով, ում էսօր պաշտպանում է կրծքով։ Գրիգոր Մինասյանը ինչ հրահանգ կար կատարեց, ի՞նչ եղավ իր հետ։ Այ էդպես խայտառակելու են դուրս շպրտեն։ Քեզանից լավ մի թիկնապխահ էլ ուներ Նիկոլը, հիշում ե՞ս Սարգիս Հովհաննիսյանի մասին, գներալ էր, հանուն իր պաշտոնի ինչ ասես չէր անում Նիկոլի համար։ Գեներալի ուսադիրները հագը՝ քացի էր տալիս մարդկանց։ Խայտառակ ձևով չհանե՞ց։ Ճիշտ թե կատակով՝ շատ ուշագրավ պատմություն կա․ կառավարական դաչաներից քիչ հետու սալյուտ են խփել, Փաշինյանը իմացել է ռումբեր են գցում, մտել է բունկեր, հետո իմացել է սալյուտ է, հանել է գործից։ Դու էլ քեզ ոնց կոտորես, օգտագործվես, էդպես մի անիմաստ պատճառով մի օր տեսնելու ես քեզ մայթեզրին։ Կունենաս փող, գեներալի կոչում, բայց նաև դավաճանական իշխանության պահակի խարան ճակատիդ, որը երբեք չի մաքրվելու։ Բայց դու էս երկրում դեռ պետք է ապ
Կարճ ասած՝ օրինակ երբեմն լսում ենք, որ այսինչ բանկը գնել է այսինչ բանկին, տեղի է ունեցել սահուն փոխանցում, այսինչ օպերատորը գնել այսինչ ցանցը․ ժողովուրդ ջան, Նիկոլը մեր պետությունը սահուն, անցնցում փոխանցում է այլ պետության․ սպառնալիքի տակ, ճնշումերի տակ կամ առանց դրանց, գուցե ուղղակի փող է վերցրել կամ էլ գործակալ է։ Մեզ փրկիչներ իհարկե պետք չեն, բայց էս վիճակից փրկվել պետք է։
Քանի անգամ ասել եմ, ամեն մի ղեկավարի մոտ բնավորության ինչ գիծ արտահայտված է, ժողովրդի մեջ դա է արթնանում։ Նիկոլի գծերը տեսնում ենք ու արդեն պարզ է, թե ինչու են մարդիկ անտարբեր պատերազմին ու ոգևորված փառատոններով, ուտել-խմելով։
Հարցնում են էդ ի՞նչ էիր ցանել, որ մոլախոտ աճեց։ Հիմա էդ հարցը տամ՝ ի՞նչ եք բերել իշխանության ու ինչ էիք ուզում»։