Քա՞նի սուտ է հնարավոր ասել 3 ժամ 20 րոպեում. «Կարճ ասած»
Yerevan.today-ի գլխավոր խմբագիր Սևակ Հակոբյանը իշում է. «Եթե սուտ խոսելու համաշխարհային մրցույթ լինի ու ասենք՝ պայման լինի, որ հաղթելու է նա, ով մեկ րոպեում ասի առնվազն 60 ցնցող սուտ, ի՞նչ եք կարծում, ո՞վ կհաղթի։ Այո, իմ մտքով էլ է այդ բացարձակ չեմպիոնի անունն անցնում։ Կարծես երեկ նման մի մրցույթ լիներ ԱԺ-ում, որին մասնակցում էր մեկ հոգի ու ինձ մոտ այդ տպավորությունն էր, որ ամեն հարցի պատասխանելիս որոշել էր ավելի ուժեղ սուտ ասել։ 3 ժամ 20 րոպեանոց նիստի ժամանակ նրա տված պատասխանները հակասությունների ամբողջ կույտ էր։ Ու էդ հակասությունները վերաբերում էին համարյա ամեն ինչին։ Չգիտես ինչու, 12 նախարար ու 2 փոխվարչապետ հետը տանելով ԱԺ՝ որոշել էր ինքը պատասխանել համարյա բոլոր հարցերին՝ չունենալով պատասխաններ։
Պատգամավորը հարց է տալիս հանցագործությունների ավելացման մասին։ Նիկոլի պատասխանը․ ասում է՝ կարող ա դա կապված է միգրացիայի հետ ու վռազ ավելացնում է՝ բա ինչ անենք, չթողնե՞նք հնդիկներ գան, դպրոցներ չսարքե՞նք։ Հաջորդ օրը գալիս է կառավարության նիստին ու հարցնում դատախազին՝ հանցավորությունն ինչո՞ւ է աճել։ Չգիտի, բայց երեկ գնահատականներ էր տալիս։ Բա որ չգիտես, ինչի՞ ես կարծիք հայտնում։ 2018 թվականին մեր երկրում կատարվել է 25 հազարին մոտ հանցագործություն, 2023 թվականին՝ 40 հազարից ավելի շատ, սիրո ու համերաշխության հեղափոխությունից հետո։ Նիկոլն ասում է դրանք կարող ա օտարերկրացիներն են արել, հնդիկները։ Կարդում եմ՝ այս տարվա առաջին կիսամյակում մեր երկրում կատարվել է 21 241 հանցագործություն։ Բայց ձերբակալվել է ընդամենը 265 օտարերկրացի։ Այսինքն, ստացվեում է, ոչ գրական հայերենով ասած, օտարերկրացիների վրա «շառ» է անում։
Երեկ՝ սեպտեմբերի 11-ին, լրանում էր տխրահռչակ գաղտալսումների 6-ամյա տարելիցը․ հիշում ենք՝ ԱԱԾ, ՀՔԾ ղեկավարները Նիկոլ Փաշինյանի հետ քննարկում էին Ռոբերտ Քոչարյանին ուզած-չուզած կալանք տալու, Յուրի Խաչատուրովին այլ խափանման միջոց տալու հարցը։ Պատգամավորը հարց է տալիս էդ՝ ՀՀ արդարադատության համար սև օրվա մասին, Նիկոլ Փաշինյանը կոնկրետ պատասխանելու փոխարեն սկսում է խոսել ինչ-որ րդարադատությունից կամ ասում է՝ մասնակիցներից մեկը ընդդիմադիր շարքերում է նրանից հարցրեք։ Իսկ չի՞ հետաքրքրում հարցը, թե ինչու է մասնակիցներից մեկը ընդդիմադիր շարք անցել, մյուսը մնացել է իշխանական․ կարող ա՞ նա չի ուզեցել ապօրինի հրահանգ կատարելը շարունակել, բայց ով մնացել է իշխանական ճամբարում, Սասուն Խաչատրյանից սկսած, շարունակել են ու կատարում են այդ հրահանգները։ Որովհետև մենք տեսնում ենք, որ անգամ այդ գաղտնալսումներից հետո չեք ուղղվել, դատարաններ եք շրջափակում, մինչև հիմա դատախազը զեկուցում է, հրահանգներ ստանում է, քրեական գործերով կանխավարկածներն էլ դու ես առաջ քաշում՝ կառավարության ուղիղ եթերում։
Անդրադառնամ մեգաստերին, որոնք վերաբերում էին, բնականաբար, այսպես կոչված խաղաղության պայմանագրին։ Փաշինյանը հազար անգամ ասել է՝ Ադրբեջանը մեզանից ուզում է 8 գյուղ, մենք էլ ուզում ենք 32 գյուղի կենսական նշանակության հողերը, որ այժմ վերահսկում է Ադրբեջանը։ Սա ասել է բազմիցս։ Հիմա հանձնել է գյուղեր, չի ստացել ոչինչ ու հարցին՝ Ադրբեջանը ինչ է զիջում, պատասխանում է․ «Դուք քնում-արթնանում եք, մտածում եք՝ Ադրբեջանն ինչ զիջեց: Ես քնում-արթնանում եմ, մտածում եմ՝ Հայաստանն ինչ շահեց»: Ու հավելում է՝ Հայաստանը շահեց անկախություն, ինքնիշխանություն և այլն։ Ասում էր՝ մենք եթե պետք է տանք, Ադրբեջանն էլ պետք է տա։ Ադրբեջանը բան չի տվել, քո հողերը շարունակում են մնալ իր վերահսկողության տակ, բա էլ ի՞նչ ինքնիշխանություն։ 200 քառակուսի կիլոմետրից ավելի տարածք օկուպացրել է քո ինքնիշխան տրածքից վերջին տարիներին․ էլ ի՞նչ ինքնիշխանություն։
Հաջորդը․ հարցնում են՝ խաղաղության պայմանագրի մեջ եթե կոմունիկացիաների ապաշրջափակման հարց չկա, գերիների հարց չկա, պայմանագրին երաշխավորի հարց չկա, ինչո՞ւ եք կնքում էդ անպիտան թուղթը։ Պատասխանում է՝ «Խաղաղութան պայմանագրի նպատակը պատերազմի բացառումն է»։ Նիկոլ Փաշինյանը բազմիցս հայտարարել է՝ կարող ա խաղաղության պայմանագիր ստորագրենք, մի ժամ հետո պատերզմ սկսի, որովհետև դա չի երաշխավորում։ Հիմ ասում է՝ ստորագրում եմ, որ բացառեմ պատերազմը։
Ու շարունակում է․ ի՞նչ, ասում եք թող պատերազմ լինի, բայց գերիներին բե՞ր։ Ոչ, մանիպուլացնում ես, դա չեն ասում․ ասում են՝ դու խոստացել ես, որ հա՛մ խաղաղություն կլինի, հա՛մ գերիներին կբերես, համ էլ Ալիևի ու Էրդողանի թշնամությունը կկառավարես։ Դու դա ես խոստացել։ Ասում է Ամերիկայի նման պետությունը ե՞րբ է Վիետնամից բերել վերջին գերուն։ Դե կներեք, դու չես խոստացել, որ 40-50 տարի հետո կբերես գերիներին, խոստացել ես, որ մեկ-երկու ամիս անց կբերես։ Բա եթե էդպես էր, ինչի՞ Ադրբեջանի գերիներին, դիվերսանտներին ու ցմահ դատապարտված հանցագործներին հանձնեցիր ափալ-թափալ, էդ ժամանակ վիետնամական պատերազմի մասին չէի՞ր լսել։
Մյուսը․ խաղաղության պայմանագրի երաշխավորի հատվածը էլ ավելի աբսուրդ է․ ասում է՝ «Էդ երաշխավորի մասին որ խոսում եք, լուրջ ե՞ք խոսում․ դրանից ավելի ֆեյք թեմա չկա։ Մեր անվտանգության երաշխավորը կա՛մ մենք ենք կա՛մ չկա երաշխավոր։ Մեր հարցերը մենք պետք է լուծենք։ Վուդրո Վիլոսոնի իրավարար վճիռ ունեցած ժողովուրդը հղում կանի միջազգային մեխանիզմների՞ն»։ Սա ասում է՝ թե՛ անվտանգության երաշխավորի, թե՛ խաղաղության պայմանագրի տեսանկյունից։
Սա շատ տարօրինակ հայտարարություն էր․ բա ինչի՞ մասին էին էն քառակողմ, հնգակողմ, էլ չգիտեմ քանի կողմանի հանդիպումները։ Ինչի՞ մասին էին Պրահայի, Գրանադայի բանակցությունները, ինչի՞ համար էին իրար գլխի հավաքվել Մակրոնը, Շոլցը, Միշելը, որ Ալիևին համոզեին հմաձայներ Ղարաբաղը նվեր ընդունելո՞ւն։ Ասենք դու ուզում ես մի բան հանձնել մեկին, որի մասին երազել է 30 տարի, միջնորդներ ման կգաս, որ դա հանձնե՞ս, թե՞ երկկողմ կհանդիպեք կհանձնես կամ էլ ինքը միջնորդներ ման կգա, որ հանձնես։ Հողերը հանձնելու համար քեզ միջնորդներ էին պե՞տք։ Ըստ երևույթին, Նիկոլին խոստացել են բաներ, սա էլ Ալիևին, նրանց հետ բազմակողմ բանակցությունների արդյունքում նվիրել է ինչ ուզել են, բանը հասել է հետագայի համար, անվտանգության երաշխավորության հարցին, Հայաստանից օկուպցիան ազատելու հարցին, կոմունիկացիաները բացելուն և այլին, քաշվել են մի կողմ։
Կամ էլ երաշխավորի անհրաժեշտությունը դու չես ջոկել, Ալիևը ջոկել է, քառակողմի մասնակիցներին համոզել է, տարել-կանգնեցրել է, համոզել են քեզ, ստորագրել ես։ Հա՛մ թղթով ես տվել, հա՛մ գործողութուններով։ Այո, նրանք Ալիևի երաշխավորն էին, որովհետև նրանց հետ բանակցությւոնների արդյունքում շահեց Ալիևը։ Իսկ կարող ա՞ հաջորդ բանակցություններին տեսնենք քեզ, Ալիևին, Էրդողանին նույն սեղանի շուրջ ու պարզվի՝ նա է երաշխավորը։
Ասում ես անվտանգության երաշխավորումը ֆեյք թեմա է, մենք ենք մեր անվտանգության երաշխավորը, ինչպե՞ս կարելի է ուրիշի վրա հույս դնել, բայց դու ինքդ ես քանի անգամ ասել, որ ՀԱՊԿ-ն մեր անվտանգությունը չի ապահովում, մենք աշխարհով մեկ փնտրում ենք այլ երաշխիքներ։ Հիմա էլ ասում ես ֆեյք թեմա է՞։ Բա դու էդ ֆեյք թեմայով խաբել ես 700 հազար ընտրողի ու հիմա ասում ես հիմարություն է։ Կարող է՝ հիմարություն է, բայց դա դու ես ասել։
Կարելի է, իհարկե, շարունակել․ բայց ի՞նչ ասես մարդուն, որը Կիրանցի մեջ դրված պատը համարում է ՀՀ ամենամեծ հաջողություն, ի՞նչ ասես մարդկանց, որոնք Արցախի հանձնումը համարում են ՀՀ անկախություն, ինչ ասես մարդկանց, որ ՀՀ տարածքից հանձնումները համարում են ինքնիշխանություն։ Մենք մեզ համար ապրում էինք․ սա եկավ, սաղ քանդեց-հանձնեց ու ասում է՝ եթե չգայի, չհանձնեի, անկախությունը կորցնում էինք։ Էսքան լոլոների փոխարեն ավելի լավ չէ՞ Ալենի նման քյասար ասես՝ հանձնել ենք, լավ ենք արել ու էլի հանձնելու ենք։ Կարդացի՝ ՔՊ նիստում իբրև ասել են՝ Ադրբեջանին պատին ենք դեմ տվել։ Այո, այ դրան համաձայն եմ, բերել դեմ եք տվել Կիրանցի պատին։ Վաղը հանձնեք Տգրանաշենը, դեմ կտաք Երասխի պատին։
Կարճ ասած՝ մենք այսօր մի իրավիճակում ենք հայտնվել, երբ Նիկոլ Փաշինյանին հակադարձելու համար հենց իրեն՝ Փաշինյանին ենք ցիտում։ Բայց ինձ անկեղծ հետաքրքրում է՝ եթե քո ամեն ելույթ պետք է հակասի քո նախորդ ելույթին, եթե պետք է ասես բան, որը սուտ է, որին չի հավատում ոչ ոք՝ քեզնից սկսած, եթե պետք է խաբես մարդկանց, որոնց հետ զրուցում ես, որոնց հետ շփվում ես, որոնց հետ բանակցում ես, ի՞նչ իմաստ ունի ընդհանրապես խոսելը։ Ո՞նց կարող է մարդ մի հարցի վերաբերյալ 6 պատասխան տա ու բոլորը՝ սուտ։ Ստերի պատճառով էսքան վնաս մեր երկրին տալուց հետո չհասկացա՞ք, որ պետք է հեռանաք։ Մեր ու ձեր գլխին բերածը ձեզ դաս չեղա՞վ»։