Փաշինյանը ժողովրդի վճարած հարկերը տանում է իր տուն․ ասեմ թե ինչպես. «Կարճ ասած»
Yerevan.today-ի գլխավոր խմբագիր Սևակ Հակոբյանը նշում է. «Հաճախ եմ անդրադառնում հարկերին, տուրքերին, տուգանքներին, որ ավելացնում է կառավարությունը։ Ամեն երկու ամիսը մեկ մի փունջ լինում է անդրադառնալու։ Նայեք կառավարության, ԱԺ, ավագանիների որոշումները․ նոր հարկեր, եղածների ավելացումներ, տուգանքի ավելացումներ։ Նման մի բան էլ էսօր էր ԱԺ հանձնաժողովը քննարկում։ Վերջին օրերին քաղաքացիներից ահազանգ ենք ստացել, որ տաքսիների վճարները ավելանում են։ Պատճառն այն է, որ սեպտեմբերի 1-ից կառավարությունը ամեն ուղևորի համար հարկում է, hիմա՝ փոխադրման արժեքի 2 տոկոսի չափով, 3․5 տոկոսի չափով՝ 2025 թ․ հունվարի 1-ից, 5 տոկոսի չափով՝ 2026 թ․ հունվարի 1-ից։ Գումարը, բնականաբար, դուրս է գալու ուղևորից։ Բայց տաքսին թանկանում է ավելի շատ։
Կառավարությունը քաղաքացու վրա լիքը հարկեր է դրել, պետք է գնա աշխատի, որ բերի մուծի․ բայց անգամ գործի գնալու հարկ է դրել փաստորեն՝ ավելացնելով հասարակական տրանսպորտի գինն ու տաքսին։ Տեղաշարժի հարկ է դրել, ստացվում է։
Ինձ լավ ծանոթ երեք ընտանիք տեղափոխվել է ՌԴ, մշտական բնակության։ Պատճառների թվում է այն, որ կառավարությունն ընկել է արտագնա աշխատանքի մեկնողների հետևից՝ որոշելով հարկել նրանց եկամուտը։ Բողոքի ցույցերի արդյունքում որոշումը հետաձգվեց, բայց լինելու է։ Ո՞վ կուզի հարկվել հա՛մ այն երկրում, որտեղ աշխատում է, հա՛մ երկրում, որտեղի քաղաքացի է։
Երևանի ավագանու որոշմամբ, շինթույլտվությունների դրույքաչափերը բարձրացվել են կտրուկ՝ նախկին 700 հազար դրամից մի քանի անգամ ավելի։ Արդյունքում բարձրացել են նորակառույց շենքերի բնակարանների գները։ Այսինքն՝ տուժում է դարձալ ժողովուրդը։
ԱԺ ընդունած օրենքով, առք ու վաճառքի, անշարժ գույքի առք-վաճառքի-վարձակալության, վարսավիրական, մարմնի խնամքի, ավտոտեխսպասարկման ծառայությունների, հանրային սննդի և բազմաթիվ այլ ոլորտներում 2-3 անգամ բարձրացվում է շրջանառության հարկի դրույքաչափը։ Փաստաբանները բողոքում են, քանի որ նույն փոփոխություններով, իրենք ու նոտարական ծառայությունները կվճարեն 20% ԱԱՀ և 18% շահութահարկ։ Ինչ է լինելու․ կբարձրանա փաստաբանական ծառայությունների ինքնարժեքը, հետևաբար՝ գները։ Փաստաբաններընշում են, որ չեն կարողանա անվճար իրավաբանական օգնություն տրամադրել, որովհետև դա ևս հարկվելու է։ Հո փաստաբանը իր գրպանից չի վճարելու, վճարելու է խնդիր ունեցող քաղաքացին՝ իր գրպանից։
ԵԱՏՄ անդամ չհանդիսացող պետություններից անձնական օգտագործման համար բերված ապրանքի արտոնությունը նվազում է․ եթե առաջ կարող էր լինել 500 եվրոյին համարժեք կամ մինչև 25 կիլոգրամ, օգոստոսի 19-ից՝ 200 եվրոյին համարժեք կամ 10 կիլոգրամ:
Էս մարդկանց ուշքումիտքը հարկերն ավելացնելն է։ Հայաստանի անկախության սզբից ի վեր այդչափ հարկ ու տուրք չի եղել՝ թե՛ քանակի, թե՛ արժեքի, որքան էս վերջին տարիներին։ Կառավարության նիստի չզեկուցվող հարցերով լիքը թաքուն որոշումներ են կայացնում, տուգանքներ, հարկերի ավելացում, հենց պետք է մտնի ուժի մեջ, նոր տեղեկացնում են։
Ու էս ամենի չվճարման դեպքում տուգանքներ են։ Բյուջեն լցնելու հիմնական ձևը դարձել է հարկերն ավելացնելը, տուգանելը։ Էն որ ասում են բյուջեն ավելացել է․ ինչի՞ հաշվին՝ հարկերը շատացնելու և պարտքեր վերցնելու, գնաճի։ Պետական պարտքը կրկնապատկում են, հետո հարկերն էլ ավելի են շատացնում՝ էդ պարտքերը փակելու համար։ Ահավոր թանկ է մեր երկրում ամեն ինչ։ Թվեր էր երեկ հրապարակվել, տուրիզմը քչացել է, ռուսները սկսել են քիչ գալ, Հայաստանում տեղավորվածները հեռանում են․ սաղ ասում են էսքան թանկ երկրում ո՞նց եք ապրում։ Փարիզից եկածները զարմանում են, թե ինչ թանկ է Երևանում։ Հարկերն ավելացնում են, գնաճով փողերը քերում են, տուգանքները շտացնում են, թե՛ տեսակները, թե՛ դրույքաչափերը։ Կես տարում կես միլիոն վարորդ է տուգանվել․ ոստիկանները տուգանում են, կամերաները տուգանում են, տեսչական մարմինները տուգանում են, շարունակ տուգանքների մասին ենք լսում։
Մեր երկրում մեծացել են խաղադրույքները, հարյուրավոր անգամներով․ մարդիկ էնքան անհույս են, ինչպես կասեր Նիկոլը, որ միակ հույսը կազինոն է, որ մի բան կշահեն, ու ՀՀ բյուջեից եռակի շատ խաղադրույք են անում ու կրվում։ Ու եթե հանկարծ լինում են մարդիկ, որ շահում են, այ կառավարությունը արդեն նրանց մասին էլ է մտածել․ որոշել է՝ Հայաստանում 5 մլն դրամը գերազանցող շահումը կհամարվի «խոշոր շահում» և կհարկվի 10 տոկոս եկամտային հարկով։
Էսքանը, ժողովուրդ ջան, էս վերջին շրջանում ընդունված որոշումներն են։ Բայց դեռ ինչե՜ր են սպասվում։ Հիփոթեքային վարկերի դեպքում եկամտային հարկի վերադարձի օրենքը չեղարկվում է։ Բայց քանի որ հետադարձ ուժ չունի, ձևը գտել են․ ում համար չի չեղարկվում, նրանց վերադարձվող եկամտահարկն էլ 20 տոկոսով կհարկեն։ Եկամուտներ համընդհանուր հայտարարագրումը, որ շիլաշփոթ է սարքելու, պարտադիր առողջապահական ապահովագրությունը՝ իր հերթին։ Մասնագետները խոսեցին տնտեսվարողի կողմից հարկերի թաքցման դեպքում աննախադեպ պատժամիջոցների մասին: Վստահ եմ, գալու է գյուղատնտեսական աշխատանանք անողների հերթը․ բոլոր նրանք, ովքեր կարտոշկա, ծիրան, կաղամբ կաճեցնեն, կով կպահեն ու արտադրանքը կվաճառեն, հարկ կտան։ Էն օր էլ ասում էր՝ եթե մեր ժողովուրդը շատ դեմ չլինի, Հայաստանում վճարովի ճանապարհների մեխանիզմ կներդնենք: Չեմ բացառում, որ կարող են այդպիսին անել բոլոր ճանապարհները։
Նիկոլն ասում է՝ էս հարկերի ավելացումը գալիս է ժողովրդին սիրելուց, ասում էր՝ քաղաքացուն հարկելու մոտիվացիան սերն է՝ ուղիղ իմաստով։ Վարենիսցիները բողոքի ակցիաներ էին անում, քանի որ անձնագրային բաժանմունքը և այլ պետհիմնարկներ փակել են, տեղափոխել Մարտունի։ Մի երկու օր առաջ իմացանք, որ Վարդենիսի համանքապետարանի բակում օգոստոսի 28-ից տեղակայվել է ԴԱՀԿ շարժական գրասենյակ։ Ի՞նչ է անում ԴԱՀԿ-ն․ բռնագանձումներ։ Այսինքն՝ ձեզ օգուտ տվող կառույցները փակել են, որ մի պասպորտի համար Վարդենիսից հասնեք Մարտունի, բայց բացել են ձեր ունեցվածքը բռնագանձող ԴԱՀԿ։ Ու կարևորը՝ շարժական․ որ ձեզնից պրծնի, անցնի մյուս համայնքներ։ Դե պատկերացրեք ինչքան շատ է ձեզ սիրում։
Ինչո՞ւ են, ըստ իս, էսքան ավելանում հարկերը, տուգանքները․ բա ի՞նչ անեն, բյուջեում փող չկա, բայց կան ՔՊ-ականներ, որ տներ են առել, ճամփորդությունների են մեկնում, կան տասնյակ հազարավոր ոստիկաններ, որ սովոր են հավելավճարի, կան հազարավոր պաշտոնյաներ, որոնց պարգևավճարից կտրելը նույնն է, թե մեկ ամսական երեխային կտրես կաթից։ Էդ սաղ փող ա, չէ՞․ իսկ ո՞վ պետք է վճարի, եթե ոչ «դուխով ժողովուրդը», «հերոս հարկատուն»։ Դու աշխատի, որ ՔՊ-ական պաշտոնյան բարձր աշխատավարձ ստանա։
Նիկոլն ասում է՝ այդ հարկը ես հո մեր տուն չե՞մ տանում, կամ որևէ մեկն իր տուն չի տանում։ Լո՞ւրջ։ Իսկ ո՞ւր ես տանում, եթե գաղտնիք չէ։ Էսօր առավոտ ժամը 6։30 հատուկենտ ավտոներ էին փողոցներում, բայց ոստիկանները փակել էին փողոցները, 10-ից ավելի ամենագնացով կենտրոնով անցնում էիր։ Էդ ամենագնացների բենզաբակերը հարկատուների փողերը չէի՞ն խժռում։ Հարկերը տուն ես տանում հենց ուղիղ իմաստով։ Էն որ երկու տոպրակով խոհանոց մտար ու կինդ 6 տեսակի ճաշ էր սարքում, տոլմայի վրից խաշլամա, խաշլամայի վրից ձուկ ու ձվաձեղ, որ ուտես, էդ ժողովրդի հարկերը չէի՞ր ուտում։ Էսօր առավոտվա նախաճաշդ քա՞նի տաքսու ուղևորից ստացած հարկն էր։
Սա իշխանություն է, որը եկել է ձեր վիճակը շահարեկելով և եկել է թեթևացնելու։ Ասել է՝ սիրում եմ բոլորիդ, հպարտանում եմ ձեզանով, բայց խաբել է։ Սպառողական վարկերն ավելացել են․ քաղաքացիներն անընդհատ վարկեր են վերցնում՝ իրենց խնդրները բավարարելու համար։ Էն խնդիրները, որոնց եթևացման համար եկել էիր դու՝ քո ձրիակերների բանակով։
Կարճ ասած՝ հիմա նայեք, ժողովուրդ ջան, մեր կյանքը թանկացել է 2018 թվականի համեմատ բավականին շատ․ իսկ կարո՞ղ եք ասել, թե 2018 թվականի համեմատ ինչն է բարելավվել։ Քո աշխատավարձը չի աճել կամ աճել է չնչին չափով, բայց տրանսպորտը թանկացել է, հարկերը թանկացել են, կոմունալները թանկացել են, սնունդը թանկցել է, աղքատությունն աճել է։ Ու հետն էլ էսքան թանկ վճարում ենք, որ երկիրը երկիր լինի, բայց վարի են տալիս, բոլոր առումներով։ Ոնցոր հայ ժողովրդից վրեժ լուծեն, չգիտեմ ինչի համար»։