«Ելք» և «Ծառուկյան» խմբակցության պատգամավորները լքեցին նիստերի դահլիճը (տեսանյութ)
Տեխնիկական խնդիրներ, վիճաբանություն եւ գոռգոռոցներ ԱԺ-ում: Այսօր ԱԺ արտահերթ նիստի սկզբում երկրորդ ընթերցմամբ ընդունվեց «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը: ԱԺ «Ելք» դաշինքի պատգամավորներ Արտակ Զեյնալյանը, Էդմոն Մարուքյանը եւ Նիկոլ Փաշինյանը նշեցին, որ իրենց խմբակցությունը չի մասնակցելու քվեարկությանը: Այս մասին տեղեկացնում է «Araratnews»-ը:
ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Գեւորգ Պետրոսյանը եւս կոչ արեց քվեարկությանը չմասնակցել:
Ի վերջո, 63 ձայնով օրենքի նախագիծն ընդունվեց: Ազգային ժողովում քվեարկությունից հետո խառնաշփոթ սկսվեց, պատգամավորների մի մասն ասում էր, որ ոմանք չեն մասնակցել քվեարկությանը, եւ օրենքի նախագիծը չի կարող ընդունվել, իսկ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն էլ Արա Բաբլոյանին հորդորեց՝ «Անցի առաջ»:
Այնուհետեւ Էդուարդ Շարմազանովը կոչ արեց կարգուկանոն պահպանել խորհրդարանում:
«Ելք» դաշինքի պատգամավորները պահանջեցին օրենքի նախագիծը նորից դնել քվեարկության:
Նիկոլ Փաշինյանն էլ տեղից ավելացրեց. «Պարոն Մախմուդյանի եւ պարոն Ազիզյանի կնոպկաները կարճ միացում ունեն, իրար փոխարեն են քվեարկում: Կոստանյանն ասում ա՝ սկզբունքային դեմ է, բայց տաբլոն ցույց է տալիս` «կողմ» է քվեարկել»: Վարման կարգով խոսեց Գեւորգ Կոստանյանը: Նա նշեց, որ ոչ թե օրենքին է դեմ, այլ որոշ դրույթների, իսկ իրեն ասել են, որ դրանք կշտկվեն, եւ այդ իսկ պատճառով ինքը կողմ է քվեարկել:
Մանրամասները՝ «Araratnews»-ում: