«Կիրանցում աշակերտները կգնան սահմանից 40 մետր հեռավորությամբ դպրոց»․ Ոսկան Սարգսյան
Լրագրող Ոսկան Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը․
«Կիրանցի հիմնական դպրոցի տնօրեն Վոլոդյա Բաբինյանը հայտնեց, որ գյուղի դպրոցի շինարարության աշխատանքները մոտենում են ավարտին, շենքի ներքին հարդարման աշխատանքներն ավարտվել են, ընթանում են արտաքին հարդարման աշխատանքները։ Դպրոցի տնօրենը հույս հայտնեց, որ սեպտեմբերի 2-ին Կիրանց գյուղի աշակերտները կհաճախեն նոր ձևավորված սահմանից ճանապարհով և պատով բաժանվող, սահմանից մոտ 40 մետր հեռավորությամբ գտնվող դպրոց։ Վ․ Բաբինյանն ասաց՝ աշակերտների ծնողների մի մասը դպրոցի ավտանգության առումով մտահոգություններ ունեն, հավելեց, որ դպրոցի նախկին շենքը վթարային է։
Նրան հարցրի Կիրանցի դպրոցին միջնակարգի կարգավիճակ տալու մասին։ Տնօրենն ասաց, որ դրա համար պետք է լինի ԿԳՄՍ նախարարի հրամանը։ 100 տեղանոց նորակառույց դպրոց նոր ուսումնական տարում կհաճախեն Կիրանց գյուղի 38 աշակերտ»։