Տավուշի գյուղերում միակողմանի զիջումներից հետո արտագաղթի ալիք է բարձրացել
«Տրամաբանական բախում» չէր, որ Հայաստանի ամենապաշտպանված առաջնագիծը կազմաքանդվեց ու թշնամուն զիջվեցին ռազմավարական նշանակության դիրքեր, բայց «տրամաբանական» բախում է, որ զորամասերին մոտեցող ճանապարհին փոս կա։ Սա, իհարկե, փաշինյանական տրամաբանությունն է։ Ասֆալտ փռելու քարոզչական կտերով ժողովրդին մանիպուլացնող իշխանության ղեկավարն այսօր Տավուշում հայտարարել է, թե «զորամասերին մոտեցող ճանապարհների հետ կապված խնդիր ունենք», որ երկու օր առաջ չնախատեսված կերպով երրորդ բանակային կորպուսի շտաբ է մտել ու պատկերացնու՞մ եք, «մուտքի հենց դիմաց 1 մետրը 2 մետրի վրա փոս էր»։ Սա Փաշինյանը համարում է «տրամաբանության բախում»։
«Հրապարակը» գրում է, որ Տավուշում նա ծանոթանում էր 2023 թվականին իրականացված և ընթացքի մեջ գտնվող ծրագրերին՝ Դիլիջանում ու Իջեւանում բեմադրված հանդիպումներով ու ֆոտոսեսիաներով։ Շշուկներ կան, որ Փաշինյանը երկու մասի բաժանված Կիրանց ու Բերքաբեր էլ է այցելելու։ Գրել ենք, որ Բերքաբերում նրանից պատրաստվում են պահանջել՝ ապահովել ադրբեջանական օկուպացիայի տակ գտնվող շուրջ 900 հեկտար հողերը, իսկ Կիրանցում, որի մի մասը նա թշնամուն հանձնեց ու կիսեց գյուղը, հույս ունեն՝ գոնե սեպտեմբերին ընդառաջ դպրոցի ճակատագիրը հստակեցնել։
ԱԺ «Հայաստան» խմբակցության տավուշցի պատգամավոր, Սրբազան շարժման մասնակից Գառնիկ Դանիելյանը վստահ է՝ Ադրբեջանը ոչինչ հետ չի տալու, իսկ Փաշինյանը գյուղեր է այցելում մեկ նպատակով՝ փորձել մարդկանց կրկին մոլորեցնել։
«Այսպես կոչված սահմանազատման գործընթացի արդյունքում նա կարողացել է մարդկանց մի մասի հարցը փողով լուծել, մյուս մասը շարունակում է հրաժարվել գումարից։ 7 հոգի Կիրանցում գումար չեն վերցրել, չեն գնացել այդ քայլին։ Մարդիկ մտավախություն ունեն, թե սեպտեմբերին ինչպե՞ս են դպրոց ուղարկելու երեխաներին։ Գյուղում տագնապի, անորոշության ու վախի մթնոլորտը կա։ Այդ այցով նա փորձելու է ժողովրդին համոզել, թե նորմալ է ամեն ինչ»,- «Հրապարակ»-ի հետ զրույցում ասաց Գառնիկ Դանիելյանը։
Տավուշի գյուղերում միակողմանի զիջումներից հետո արտագաղթի ալիք է բարձրացել։ Ով հնարավորություն ունի, թողնում է գյուղը, իր ապագան այլեւս այնտեղ չի պատկերացնում։ Այդ պայմաններում, Փաշինյանը խնդիր ունի ցույց տալ, թե կյանքը սահմանամերձ գյուղերում շարունակվում է, խնդիրներ չկան ու այն, ինչ արվում է՝ ի բարօրություն ժողովրդի է։
«Նոր ճանապարհը կբացի, ցույց կտա, թե ճանապարհ կա։ Երկաթյա թիթեղներ է դրել, պատ շարել․․․ Մարզում դպրոց-մանկապարտեզների հետ կապված շինարարական աշխատանքներ կան, գնում է, այնտեղ պատկերներ ստանում, թե ժողովու՛րդ, տեսեք՝ ծրագրեր կան, բայց հասարակության առողջ մտածող հատվածը, որը հասկանում է, թե ինչ կատարվում, գիտակցում է, որ այս ամենը կեղծիք է։ Խոսում են, որ COP19-ից հետո պատերազմ է լինելու, Ադրբեջանը հարձակվելու է։ Այդ հարձակման ուղղություններից մեկը կարող է Տավուշը լինել։ Ադրբեջանի համար հիմա իդեալական պայմաններ է ստեղծվել՝ ադրբեջանցիներին նոր կառուցվող ճանապարհից մետր էլ չի բաժանում, նրանք ցանկացած պահի կարող են գործողություն անել, ճանապարհը ամբողջությամբ վերահսկելի է։ Մեր լեզվով ասած՝ ճանապարհի պռնկին կանգնած են», -ասում է պատգամավորը։
Իրավիճակով պայմանավորված անորոշությունը նաեւ մարզի գործարարներին է համակել, նվազել է տնտեսական ակտիվությունը։ Գառնիկ Դանիելյանն ասում է՝ վախենում են ներդրումներ կատարել, որովհետեւ հասկանում են՝ ցանկացած պահի ճանապարհը կարող է փակվել , կարող է ի հայտ գալ այս պահին սառեցված Ոսկեպարի ճանապարհի հարցը։
Բնօրինակ հրապարակումը կարող եք կարդալ այս հասցեով՝ https://hraparak.am/post/46c761d573ce03363a19a7d5af393cdb