Ի՞նչ է քննարկել սրբազանը պատգամավորների հետ
«Հրապարակ» թերթը գրում է.
Բագրատ սրբազանի և ԱԺ «Պատիվ ունեմ» ու «Հայաստան» խմբակցությունների խորհրդակցությունը նախօրեին մի քանի րոպե է տևել։
Հիշեցնենք․ մայիսի 9-ի հանրահավաքին, երբ սրբազանի դրած վերջնաժամկետից հետո հայտնի դարձավ, որ Փաշինյանը հրաժարական չի տալիս, սրբազանը հայտարարեց, որ անցնում են հաջորդ քայլին` ԱԺ-ում վարչապետին անվստահություն հայտնելու գործընթացին, ուստի գնում են խորհրդակցելու Yerevan Place հյուրանոցում:
Ընդդիմադիր պատգամավորները նրան ասել են, որ պատրաստ են դրան, և բացատրել են օրենսդրական կարգը՝ 36 ստորագրությամբ վարչապետին անվստահություն հայտնելու մասին ԱԺ որոշման նախագիծ պետք է առաջարկվի, որտեղ նշվի նոր վարչապետի թեկնածուի անունը: Սրբազանը լակոնիկ արձագանքել է․ «Եղավ», բայց չի ակնարկել՝ կա՞ նման թեկնածու, թե ոչ, և ովքեր պետք է որոշեն թեկնածուին։
Իմպիչմենտի մասին սրբազանի հայտարարությունը, ի դեպ, անակնկալի է բերել ընդդիմադիրներին, որոնց հետ, ինչպես ավելի վաղ գրել ենք, նա չի քննարկում անելիքները։ Ի դեպ, միայն նախագիծն ԱԺ մտցնելու համար անհրաժեշտ է 36 ստորագրություն, սակայն 2 խմբակցություններն ունեն ընդամենը 35 ձայն, ինչը նշանակում է, որ այս փուլում պետք է համոզեն Իշխան Զաքարյանին` միանալ իրենց, իսկ բուն քվեարկության ժամանակ արդեն 54 քվե է հարկավոր, այսինքն` ևս 19 ձայն: