«Մշակութային կանգառ-2017». «Հայաստան, ի՛մ սեր» խորագրով միջոցառման մեկնարկը կազդարարվի ֆլեշմոբով

Ս. թ. դեկտեմբերի 2-ին, ժամը 10։00-ին, Հանրապետության Հրապարակում տեղի կունենա «Հայաստան, ի՛մ սեր» խորագիրը կրող միջոցառման մեկնարկն ազդարարող ֆլեշմոբ։
«Քարե գորգի վրա» ազգային տարբեր պարեր կատարելուց հետո՝ երգի, պարի անսամբլներն ու ազգագրական խմբերը Հրապարակից կմեկնեն ՀՀ մարզեր։ Դեկտեմբերի 2-ին և 3-ին Հանրապետության մեծ ու փոքր 40 համայնքներում «Հայաստան, ի՛մ սեր» խորագրով աննախադեպ համերգաշար է նախատեսվում, որով կեզրափակվի «Մշակութային կանգառ 2017-ը»։
ՀՀ մշակույթի նախարարության ենթակայությամբ գործող 36 պետական ոչ առևտրային կազմակերպություններ՝ «Մշակութային կանգառ» ծրագրի շրջանակում 2017 թվականին Հայաստանի և Արցախի 110 համայնքներում, ՀՀ Զինված ուժերի զորամասերում իրականացրել են ավելի քան 426 մշակութային միջոցառումներ՝ թատերահամերգային ծրագրեր, ցուցահանդեսներ. շուրջ 200 կինոցուցադրություն:
ՀՀ մշակույթի նախարարության «Մշակութային կանգառ» ծրագիրը իրականացվում է մարզերում մշակութային կյանքն աշխուժացնելու նպատակով։
Ծրագրի գլխավոր հովանավորը Մարդկային ռեսուրսների «Փյունիկ» հիմնադրամն է: