Մեր զինանշանի վրա պետք է ՀԴՄ-սարք պատկերաված լինի. Կարեն Վրթանեսյան
Կարեն Վրթանեսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
Սիրելի ժողովո՛ւրդ, Հայաստանի Հանրապետության հպարտ հարկատուներ։ Ես վերջերս հասկացա, որ անիմաստ է բանավիճել, թե ինչպես պետք է կոչվի դպրոցում պատմության առարկան... Մենք պետք է ինքներս մեզ հարցնենք. «Արդյոք մեզ ընդհանրապես այսպիսի պատմություն պե՞տք է»։ Մտածեք. ի՞նչ լավ բան կա հայ ժողովրդի պատմության մեջ. միայն կորուստներ, միայն կոտորածներ ու նահանջ։ Մեր պատմությունը սկսվել է բռնությամբ (հայ տղամարդը սպանել է արտասահմանցի բարձրաստիճան պաշտոնյայի) ու տրամաբանորեն շարունակվել է բռնությամբ։ Երկար եմ մտածել, թե ինչու է այդպես ու վերջապես հասկացել. բանն այն է, սիրելի ժողովուրդ, որ մենք երբեք չենք սիրել հարկեր վճարել։ Հայկը չի ցանկացել հարկ վճարել Բելին ու սպանել է նրան։ Հարևան երկրի պաշտոնյայի, պատկերացնո՞ւմ եք։
Ըստ էության, այս բոլոր կորուստները, այս բոլոր կոտորածները հետևանք են այն բանի, որ խուսափել ենք հարկեր վճարելուց։ Փաստացի եղել ենք վատ քաղաքացիներ։ Մեզ էլ, բնականաբար, կոտորել են։ Այսպես այլևս չի կարող շարունակվել։ Սա շատ ցավալի իրողություն է, բայց մենք պետք է այն ընդունենք ու պայմանավորվենք, որ ինչ էլ լինի, հարկերը պետք է վճարենք։ Ընդհանրապես կարիք կա փոխելու այս պետության ամբողջ կոնցեպցիան։ Մեր զինանշանի վրա պետք է ՀԴՄ-սարք պատկերաված լինի. դա կլինի աշխարհի մասշտաբով աննախադեպ խիզախ և անկեղծ քայլ։ Մի լավ նորություն էլ ունեմ բոլորիդ համար, սիրելի ժողովուրդ, սիրելի հարկատու...
Այսուհետ ՀՀ բնակիչների բազմաթիվ խնդրանքներով մայիսի ութը կնշվի որպես հարկատուի օր։ Եւ այսպիսով, կեցցե՛ Հայաստանի Հանրապետության հպարտ հարկատուն և կեցցե՛ն այն հարկերը, որ վաղն են գալու։