ՏԵՂԵԿԱՆՔ՝ Նիկոլ Փաշինյանին ընտրածների համար
Yerevan.Today-ը սկսում է նոր նախագիծ՝ «Տեղեկանք՝ Նիկոլ Փաշինյանին ընտրածների համար․ խոստումներ և իրականություն՝ 5 տարի անց» խորագրով։
Տեղեկանքն այն մասին է, թե ինչ է խոստացել Նիկոլ Փաշինյանը 2018 թվականի մարտ ամսից ի վեր, երբ սկսում էր «իշխանափոխության քայլարշավը»։ Սա փորձ է մեկտեղելու վերջին 5 և կես տարվա հիմնական խոստացածն ու իրական պատկերը։
Այս տեղեկանք նախագիծն կազմված է այն անձանց համար, ովքեր թե՛ դեմ են Նիկոլ Փաշինյանին, մերժում են նրա փոփոխական գաղափարներն ու անհետևողական լինելը․ վստահաբար, այն կարող է օգտակար լինել հիշողության թարմացման առումով։ Նյութն ուղղված է նաև Նիկոլ Փաշինյանին ընտրածներին, որոնք գուցե դեռ տատանվում են։
Նիկոլ Փաշինյանը խոստումներ է տվել հանրության բոլոր շերտերին, կարելի է ասել՝ Հայաստանի բոլոր քաղաքացիներին և աշխարհասփյուռ հայերին անհատապես․ Սակայն այդ խոստումները տապալվել են, ինչը հիմնավորում ենք փաստերով։
Շատ հնարավոր է, որ առաջիկայում ևս առիթ լինի նման ընտրության առաջ կանգնելու, և այս տեղեկանքը կարող է օգտակար լինել՝ կողմնորոշվելու՝ հաջորդ անգամ իմաստ կա՞ խոստումներին հավատալ, էլի ընտրել ու տված-չկատարած խոստումների հատորներին ավելացնել ևս մի քանի հարյուր տրցակ տեղեկանքներ։
ՏԵՂԵԿԱՆՔ N1՝ Նիկոլ Փաշինյանին ընտրածների համար
14․04․2018թ․, «Իմ քայլը» շարժումը, Հանրային ռադիոյի շենքը գրավելուց հետո, երթ էր անում Խանջյան փողոցով։ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիա հասնելով՝ Նիկոլ Փաշինյանը հայտարարում է․
Ելույթ - Ռուբեն Հայրապետյան, դու ձախողել ես հայկական ֆուտբոլի զարգացումը, հեռացիր քո խոստմանը համաձայն: Ես ավելի լավ ֆուտբոլ եմ խաղում, քան՝ Ռուբեն Հայրապետյանի ստեղծած հավաքականը:
Իրական պատկեր – 2018 թվականի հեղափոխությունից հետո Ռուբեն Հայրապետյանը հրաժարական տվեց ՀՖՖ նախագահի պաշտոնից։ Այդ պաշտոնում ընտրվեց ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը։ 2019 թվականին նա ևս հրաժարական տվեց այդ պաշտոնից, ընտրվեց Արմեն Մելիքբեկյանը։ 26․10․2023թ․, ՖԻՖԱ-ն հրապարակեց ֆուտբոլի ազգային հավաքականների դասակարգման աղյուսակը, որով Հայաստանի հավաքականը դարձյալ նահանջել է և գտնվում է 95-րդ հորիզոնականում։
Մեր հավաքականի վարկանիշը, կարելի է ասել, գրեթե միշտ եղել է ցածր, բայց Նիկոլ Փաշինյանի՝ այս ելույթը ունենալու ժամանակ գտնվում էր մի քիչ ավելի բարվոք հորիզոնականում․ 18․01․2018թ․ հրապարակած վարկանիշային ցանկով՝ 90-րդում։ Ստացվում է՝ Նիկոլ Փաշինյանն ավելի լավ է ֆուտբոլ խաղում, քան Նիկոլ Փաշինյանենց ստեղծած հավաքականը։
15․04․2018թ․, Ելույթ Ֆրանսիայի հրապարակում
Խոստում - ԵՊՀ խորհրդի նախագահը ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանն է: Բոլոր բուհերի կառավարման խորհուրդները գտնվում են ՀՀԿ-ի վերահսկողության ներքո: Սա պետք է հաղթահարվի, քանի որ բոլոր երկրներում ուսանողությունը երկրի շարժիչ ուժն է: Իսկ Հայաստանում հակառակն է: Բոլոր բուհերը պետք է ապաքաղաքականացվեն, որևէ կուսակցական պետք է իրավունք չունենա լինել որևէ բուհի ռեկտոր:
Իրական պատկեր – Այս իշխանությունը ամենաշատ չարչրկած հարցերից մեկն էլ հենց սա է։ Փաստենք՝ Այս խոստումը տապալվել է ամբողջությամբ
- ԵՊՀ-ում խորհրդի նախագահ Սերժ Սարգսյանին փոխարինեց ՔՊ վարչության նախագահ այնուհետ անդամ, այժմ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը։ Նիկոլ Փաշինյանը այդ առիթով հայտարարեց, թե ՔՊ-ականի է նշանակել, որ վստահ լինի, որ բուհը չի քաղաքականացվի։
- ԵՊՀ ռեկտորը ԱԺ «Իմ քայլը» խմբակցության նախկին պատգամավոր, Նիկոլ Փաշինյանի քաղաքական թիմակից Հովհաննես Հովհաննիսյանն է։
- Մանկավարժական համալսարանի հոգաբարձուների խորհրդի նախագահը նախկինում Գալուստ Սահակյանն էր, այժմ՝ Փաշինյանի կառավարության անդամ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը։
- Ճարտարապետության և շինարարության ազգային համալսարանում նախկինում խորհրդի նախագահը Տարոն Մարգարյանն էր։ Այժմ Նիկոլ Փաշինյանի թիմակից, քաղաքաշինության կոմիտեի նախագահ Արմեն Ղուլարյանն է, անդամները՝ դարձյալ Նիկոլ Փաշինյանի թիմակիցները՝ ԿԳՄՍ նախարարի տեղակալը, տարածքային կառավարման նախարարի տեղակալը, կադաստրի կոմիտեի նախագահը և այլն։
- Բրյուսովի անվան համալսարանում ժամանակավոր խորհուրդ է, որի անդամներն են Նիկոլ Փաշինյանի թիմակիցները՝ ԿԳՄՍ նախարարը, արդարադատության նախարարի տեղակալը, վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալը։ Նախկինում նախագահի օգնական Ավետիս Բերբերյանն էր, ՀՀԿ անդամ չէր։
- Բրյուսովի անվան համալսարանում ռեկտորի պաշտոնի համար իշխանությունը ուներ իր թեկնածուն՝ Դավիթ Գյուրջինյանը, որը չընտրվեց, սակայն իշխանությանը հաջողվեց ընտրված ռեկտորին հեռացնել և չընտրված Դավիթ Գյուրջինյանին նշանակել այդ պաշտոնում, որից հետո Բրյուսովում սկսեց իր դեմ ելույթ ունեցածների և ընդդիմադիր հայացքներ ունեցողների կադրային ջարդ, սկսեցին նաև քրեական գործեր հարուցել։
- Տնտեսագիտական համալսարանի հոգաբարձուների խորհրդի նախագահը նախկինում փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանն էր։ Այժմ՝ Նիկոլ Փաշինյանի քաղաքական թիմակից, ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանն է։
- Պոլիտեխնիկական համալսարանի հոգաբարձուների խորհրդի նախագահը Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն է։ Նախկինում ԱԺ հանրապետական պատգամավոր Սամվել Նիկոյանն էր։
- Երևանի պետական Բժշկական համալսարանի հոգաբարձուների խորհրդի նախագահը «Նորք-Մարաշ» բժշկական կենտրոնի տնօրեն, ինվազիվ-սրտաբան Միքայել Ադամյանն է, իսկ հոգաբարձուների խորհրդի անդամները՝ Նիկոլ Փաշինյանի թիմակիցները՝ ԿԳՄՍ նախարարի տեղակալը, առողջապահության նախարարի տեղակալը, վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալը, ԱԳՆ խորհրդականը, Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի խորհրդականը և այլք։ Նախկինում խորհրդի նախագահն էր ԿԳ նախարար, ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը։
Այս ցանկը կարելի է շատ երկար շարունակել։
08․05․2018թ․, Ելույթ՝ Հանրապետության հրապարակում
Խոստում - Հայաստանում հեղափոխական տեմպերով պետք է զարգացնել գյուղատնտեսությունը: Նոր տեխնոլոգիաների կիրառումը պետք է լայնորեն տարածվի նաև գյուղատնտեսության ոլորտում՝ այս պարագայում էլ որպես ռազմավարական նպատակ ունենալով չմշակվող գյուղատնտեսական հողերի թվի շեշտակի նվազումը և, ի վերջո, այդպիսի հողերի գոյության բացառումը:
Իրական պատկերը – Հայաստանում գյուղատնտեսությունն անկում է ապրում։ Արդեն մի քանի տարի է, տնտեսական աճի պատկերում այս ոլորտի դիմաց տոկոսը 0-ից ցածր է։ Ինչ վերաբերում է «չմշակվող գյուղատնտեսական հողերի գոյության բացառմանը», Նիկոլ Փաշինյանը 28․04․2021թ․ արձանագրեց, որ Հայաստանում վարելահողերի 50%-ից ավելին չի մշակվում, իսկ 74%-ը չի ոռոգվում։
20.07.18թ․, Մամուլի ասուլիս
Խոստում - Մենք չենք ունենալու այնպիսի քրեական գործ, որ քաղաքական որոշմամբ կանգնեցվի, բայց չենք ունենալու նաև այնպիսի իրավիճակ, որ գործը վարող քննիչի դերում հայտնվի ՀՀ վարչապետը:
Իրական պատկեր - Նիկոլ Փաշինյանի այս ելույթից ուղիղ երկու ամիս անց՝ 2018թ․ սեպտեմբերի 11-ին, համացանցում տարածվեցին սկանդալային գաղտնալսումներ, թե ինչպես են ՀՀ Հատուկ քննչական ծառայության և ԱԱԾ տնօրենը քննարկում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց կալանավորելու հարցը լուծելու, իսկ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովին այլ խափանման միջոց ընտրելու հարցը։ Կարճ ժամանակ անց հրապարակվեց գաղտնալսման երկրորդ մասը, որտեղ քննարկմանը միանում է նաև անձամբ Նիկոլ Փաշինյանը։
20․07․2018թ․, Մամուլի ասուլիս
Խոստում - Եթե նախկինում ինչ-որ ընկերության սեփականատերը պարզվում էր, որ, ասենք, նախկին վարչապետի եղբայրն է, և նրան փոխարինում էր նոր վարչապետի եղբայրը, ապա այսուհետ նման բաներ չեն լինելու:
Իրական պատկեր - 10․06․2022թ․ բացահայտվեց, որ Նիկոլ Փաշինյանի եղբայր Արմեն Փաշինյանը, որը խոպանից Հայաստան է վերադարձել 2018 թվականի հեղափոխությոնից հետո, մեկ տարում դարձել է միանգամից 4 ընկերության տնօրեն։
Իշխանափոխությունից հետո Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի եղբայրը՝ Կառլեն Սիմոնյանը, տնօրեն է դարձել երեք ընկերություններում: Սիմոնյանի եղբայրը տնօրեն է դարձել «Եվրոասֆալտ1», «Եվրոասֆալտ» ընկերություններում և փոխտնօրեն՝ «Թի էս քնսթրաքշն» բետոնի արտադրությամբ զբաղվող ընկերությունում։ Ասֆալտապատմամբ զբաղվող այդ ընկերությունը բազմաթիվ պետական գնումներում է հաղթել, խոշոր ասֆալտապատման «մրցույթներում»։
20․07․2018թ․, Մամուլի ասուլիս
Խոստում - Մենք անխուսափելիորեն հասնելու ենք կադրային հեղափոխության էջին․․․ Կադրային փոփոխություն չի նշանակում, որ գերանդին վերցնելու ենք և հնձենք բոլորին, ովքեր բառիս բուն իմաստով ի վիճակի կլինեն հարմարվել նոր իրողություններին և արդյունավետ գործել նոր իրողությունների և սկզբունքների շրջանակում, կաշխատեն, իսկ նրանք ովքեր չեն տեղավորվի այդ տրամաբանության սահմաներում, ստիպված կլինեն այլ աշխատանք փնտրել իրենց համար, եթե, իհարկե, քննչական մարմինները նրանց այլ հարցեր չեն ունենա։
Իրական պատկեր - Նիկոլ Փաշինյանի կադրայինն քաղաքականություը նմանեցնում են «պոլի փետ լինի, բայց՝ մերոնցից»՝ ՀՀՇ-ի կառավարման տարիներին ստեղծված թևավոր խոսքին։ Հայաստանի պետական ապարատը 2018 թվականին և դրանից հետո լցվեցին պետական կառավարման համակարգից հեռու, երբեմն՝ ոչ մի տեղ չաշխատած, որևէ պետական կամ կառավարչական փորձ չունեցած կադրերով։ Պետական համակարգի ներկա ոչ արդյունավետությունը մասնագետները կապում են նաև սրա հետ։ Դա, իրոք, կադրային հեղափոխություն էր։
Ինչ վերաբերում է «գերանդին առնել-հնձելուն», ապա փաստ է, որ պետական բոլոր բարձր, կարևոր պաշտոններում ամբողջությամբ, միջին ու նաև՝ կրտսեր պաշտոններում մեծամասամբ հենց ազատվեցին աշխատանքից փորձառու կադրերը, որոնց եկան փոխարինելու՝ անփորձները, որոնք սակայն մեծամասամբ Փաշինյանի ՔՊ կուսակիցներն են։
Շարունակելի