ՔՊ-ն որոշել է զավթել ՀՀ տեղական ինքնակառավարման մարմինները. Գառնիկ Դանիելյան
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «ՔՊ-ն որոշել է զավթել Հայաստանի տեղական ինքնակառավարման մարմինները Հերթը հասավ «Ապրելու երկիր» կուսակցությունից Ալավերդու համայնքապետ ընտրված Արկադի Թամազյանին։
Երեկ Ալավերդու համայնքապետարան է ներկայացվել վերջինիս անվստահություն հայտնելու վերաբերյալ ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության որոշումը: Հիշեցնեմ, որ ամիսներ առաջ նույն վարքագիծը դրսևորվեց ՀՅԴ անդամ, այն ժամանակ Ախուրյանի համայնքապետ Արծրուն Իգիթյանի նկատմամբ։ Ստացվում է, որ այն համայնքապետերը, որոնք իշխող ուժի ներկայացուցիչ չեն, հայտնվում են ՔՊ-ի թիրախում։ Մինչդեռ, քաղաքացիները կատարել են իրենց ընտրությունը, և նմանատիպ քաղաքական ուղղորդում ունեցող ապօրինի գործընթացները որևէ իրավական հիմք չունեն։ Ի՞նչ է սա, եթե ոչ տեղական ինքնակառավարման մարմինները զավթելու փորձ։ Ինչքան Հայաստանի Հանրապետության անվտանգային միջավայրը, սոցիալ-տնտեսական դրությունը վատթարանում է, այնքան իշխող կուսակցությունը ուժգնացնում է քաղաքական ճնշումները։
Սա հակաժողովրդական և զազրելի գործելաոճ է։ ժամանակակից բռնապետական ռեժիմները հենց այսպիսին են լինում»: