Մոսկվան առաջիկայում կպատասխանի Փաշինյանի` իրականությանը չհամապատասխանող հայտարարություններին. ՌԴ ԱԳՆ
Մոսկվան առաջիկայում հայտարարություն կանի Հայաստանի ղեկավարության՝ երկկողմ հարաբերություններին վնասող մի քանի հայտարարությունների վերաբերյալ։ Այս մասին «Ռոսիա 24» հեռուստաալիքի եթերում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Կարող եմ ասել, որ, իհարկե, Մոսկվան ուշադրություն է դարձրել ՀՀ վարչապետ Փաշինյանի և Երևանի պաշտոնական ներկայացուցիչների՝ իրականությանը չհամապատասխանող հայտարարությունների մի ամբողջ շարքի վրա, որոնք հակասում են երկկողմ հարաբերությունների զարգացմանը։ Առաջիկայում սրան կտրվի մանրամասն պատասխան, բառացիորեն րոպեների ընթացքում կհրապարակվի ՌԴ ԱԳՆ-ի համապատասխան հայտարարությունը»,- ասել է դիվանագետը։
Ավելի վաղ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը համաքաղաքացիներին ուղղված ուղերձում ասել էր, որ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը և հայ-ռուսական ռազմավարական գործընկերության գործիքները բավարար չեն Հայաստանի արտաքին անվտանգությունն ապահովելու համար։
Աղբյուր` Tert.am