Եթե որևէ մեկը չի ուզում գալ հրապարակ, ստիպված է լինելու գնալ խրամատ․ Անդրանիկ Թևանյան․ Տեսանյութ
Բոլոր նախորդ իրավիճակները եղել են այլ իրադրության պայմաններում. Մենք հիմա այլ իրողության մեջ ենք ապրում: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 20-ին, Հանրապետության հրապարակում լրագրողների հետ զրուցյում նշեց «Մայր Հայաստան» դաշինքի ղեկավար Անդրանիկ Թեւանյանը՝ անդրադառնալով դիտարկմանը, որ նախորդ բողոքի ակցիաների նման երեկ եւս կոնկրետ գործողություններ չարվեցին, եղան ելույթներ եւ վերջ:
«Հիմա ավելի վատ վիճակ է առաջացել եւ կարծում եմ՝ հանրային ավելի լայն զանգվածայնությունը պետք է բերի փոփոխության: Իսկ եթե ռադիկալ գործողություն եք ասում, ես ինքս կողմնակից եմ առանց ցնցումների ամբողջական իշխանափոխության, որը կունենա զանգվածայնություն: Սա է իմ մոտեցումը»,-ասաց նա:
Դիտարկմանը, որ այն պայմաններում, երբ Արցախը որպես այդպիսին այլեւս գոյություն չունի, ի՞նչ փոփոխության եք գնալու, իշխանափոխությունից հետո Արցախը հե՞տ եք բերելու, Թեւանյանը պատասխանեց. «Մենք այսօր Հայաստանի կորստի խնդիր ունենք: Մեր գործողությունները լինելու են այն, որ մենք մարդկանց ներգրավենք պրոցեսի մեջ:
***
Պատրաստ եմ հայտնվել պայքարի զոհասեղանին եւ ապահովել արդյունք. Անդրանիկ Թեւանյան Ես ձեզանից մեկն եմ, որ ուզում եմ Նիկոլ Փաշինյանին վռնդել իշխանական համակարգից. Բոլորս մտել ենք «հիմա»-ի տրամաբանությամբ, բայց մեզ հետաքրքրում է արդյունքը' ասաց «Մայր Հայաստան» դաշինքի առաջնորդ Անդրանիկ Թեւանյանը Հանրապետության հրապարակում հավաքված քաղաքացիներին։
Պետք է ոչ թե հախուռն ջոկատներով, այլ կազմակերպված բանակով հաղթենք թշնամուն' նշեց նա։ «Ես պատրաստ եմ ինձ դնել պայքարի զոհասեղանին. ես ձեզանից խնդրում եմ մաքսիմալ կազմակերպվածություն ու Նիկոլ Փաշինյանին մենք վռնդելու ենք։ Մենք պետք է մեր պայքարը կանոնավոր բանակ դարձնենք, որպեսզի դրանով հաղթենք թշնամուն»,-ասաց նա։
Եթե որեւէ մեկը չի ուզում գալ հրապարակ' ստիպված է լինելու գնալ խրամատ' նշեց Անդրանիկ Թեւանյանը։ Նա կոչ ուղղեց դասադուլի ելած ուսանողությանը' դասախոսներին եւս համոզել գործադուլի ելնել։ Անդրանիկ Թեւանյանը վստահեցրեց, որ պատասխանատու է շարժման ոչ միայն ընթացքի, այլեւ արդյունքի համար։ «Ես երդվել չեմ սիրում, ես խոսքի արժեքը շատ լավ գիտեմ, ինձ համար խոսքը, որ Աստծուց է գալիս, արդեն երդում է. Ես գիտեմ, որ հավատում եք ինձ»,-ասաց նա։
Նա առանց երդման վստահեցրեց, որ պատրաստ է հայտնվել պայքարի զոհասեղանին եւ ապահովել արդյունք։ Առաջիկա քայլերի մասին խոսելով' Անդրանիկ Թեւանյանը նշեց կոմիտեի ձեւավորումը, որում հանրության բոլոր շերտերը պետք է մասնակից լինեն որոշումների կայացմանը։ «Մեր գործողությունները պետք է հանգեցնեն անցնցում իշխանափոխեւթյան։ Մենք չենք ուզում, որ արյուն թափվի, ուզում ենք միասնական լինել եւ հասնել անցնցում իշխանափոխության»,-ասաց առաջնորդը։ Նա վստահեցրեց, որ սա ոչ թե աթոռակռիվ է, այլ գոյության պայքար, ինչպիսին կար Սարդարապատում։