Շտկվել է տեխնիկական սխալը, որի պատճառով ապրանքների մի մասը Հայաստանում վաճառվել է ցածր գնով․ Wildberries
Wildberries-ն ուղղել է տեխնիկական սխալը, որի պատճառով հարթակի կատալոգում առկա ապրանքների մի մասը Հայաստանում վաճառվել է ավելի ցածր գնով։ Սխալը շտկվել է կայքում և բջջային օպերացիոն համակարգերի մեծ մասում: Աշխատանքները կավարտվեն մոտ ժամանակներս։
Այդ մասին հայտնել է Wildberries-ի մամուլի ծառայությունը՝ ի պատասխան հայ որոշ տնտեսվարողների բողոքների, ըստ որոնց հայ սպառողների կողմից օնլայն այս հարթակից ավելի էժան ապրանքներ ձեռք բերելու հնարավորությունը հարվածում է տեղական բիզնեսի շահերին։
«Մեզ համար կարևոր է տեղական բիզնեսի կարծիքը, մեր ռազմավարության մեջ մենք միշտ ձգտում ենք հաշվի առնել նրանց կարծիքը և բարելավել մեր բիզնես գործընթացները՝ նրանց շահերին համապատասխան»,- նշված է Wildberries-ի հայտարարությունում։