Այսօր թմրանյութերի բիզնեսը ծաղկում է Հայաստանում․ Հովհաննես Խուդոյան

Տարիներ շարունակ իրավապահ համակարգը առանձնահատուկ վերաբերմունք է ունեցել թմրանյութերի դեմ պայքարի նկատմամբ: Թմրանյութեր իրացնելը ընկած էր հոդվածների «սև ցուցակի» մեջ:
Դրանով գրեթե անհնարին էր պայմանական պատիժ ստանալը, կամ ազատազրկումից վաղաժամկետ ազատվելը: Թեև օրենքը ուղղակի նման բան չէր նախատեսում և չէր կարող նախատեսել /խտրական վերաբերմունք կլիներ/ բայց համակարգը մարդու իրավունքների հաշվին լրացուցիչ պայքար էր մղում թմրանյութերի շրջանառության դեմ: Նույնիսկ կոռուպցիայի հետ սեր ունեցող որոշ իրավապահներ էին հպարտ հայտարարում, որ որևէ դեպքում կաշառք չեն վերցնում «բառիգներից»: Շատ փաստաբաններն առ այսօր էլ առանձնահատուկ ընտրողաբար են թմրանյութերի վերաբերյալ գործեր վերցնում:
Մի քանի տարի առաջ ծանր թմրանյութերը միայն շատ նեղ կրիմինալ շրջանակներում էին շրջանառվում: Այսօր թմրանյութերի բիզնեսը ծաղկում է Հայաստանում: Ցավալին այն է, որ բացի դրա կազմակերպվածության բարձր մակարդակից պարբերաբեր տեսնում ենք հենց իրավապահների ներգրավվածություն թմրանյութերի շրջանառությանը: Մամուլում պարբերաբեր հայտնվում են այդպիսի տեղեկություններ, օրինակ ոստիկանության ծառայողների կողմից գործածման դեպքեր, պարեկի կողմից իրացման դեպք:
Այսօր էլ հայտնի է դարձել, որ արդեն քննիչներ են կասկածվում թմրանյութերի իրացման մեջ: Տեղեկատվությունը, իհարկե, շոկ է առաջացնում համակարգի հետ քիչ առնչվող մարդկանց համար, սակայն պետք է ասեմ, որ սա միանգամայն սպասելի վիճակ է: Իրավապահ համակարգը հետևողականորեն բարոյազրկվում է: Պրոցեսը սկսվեց ղեկավար պաշտոններում անսկզբունքային նշանակումներից՝ բարեխիղճ կադրերի կարիերայի աճի արգելակման գնով, շարունակվեց ամենատարբեր կեղտոտ պատվերներ իջեցնելով իրավապահ մարմինների արժեհամակարգի ոչնչացմամբ: Ոմանք հեռացան համակարգից՝ տեղ զիջելով անփորձ, երբեմն անգրագետ կադրերի համար, ոմանք մտան պատվերների տակ, ոմանք էլ առ այսօր նվիրված ծառայություն են տանում, հենց թեկուզ թմրանյութերի դեմ պայքարի ոլորտում: Սակայն բարեխիղճ կադրերի քրտնաջան աշխատանքը կամ արդյունք չի տալու կամ նվազ օգուտ է բերելու, քանի դեռ համակարգը դեգրադացվում է:
Մի զարմացեք, երբ կհանդիպեք թմրանյութ իրացնող քննիչի: Եթե կա քննիչ, ով պատրաստ է զոհվածի ծնողին անհիմն գործով կալանքի տանել, թմրանյութի եղածն ինչ է, որ չիրացնեն:
Հովհաննես Խուդոյանի ֆեյսբուքյան էջից