ԵՄ-ն Վրաստանին թեկնածուի կարգավիճակ չի տվել ՌԴ-ի դեմ պատժամիջոցներից հրաժարվելու պատճառով. Թբիլիսիի քաղաքապետ
Վրաստանին ԵՄ-ի անդամի թեկնածուի կարգավիճակ չեն տվել այն պատճառով, որ հանրապետության ղեկավարությունը հրաժարվել է միանալ ՌԴ-ի դեմ պատժամիջոցներին։ Այս մասին երկուշաբթի լրագրողներին ասել է կառավարող «Վրացական երազանք – Դեմոկրատական Վրաստան» կուսակցության գլխավոր քարտուղար, Թբիլիսիի քաղաքապետ Կախա Քալաձեն։
«Թեկնածուի կարգավիճակ չտալը քաղաքական որոշում էր, եւ հասարակությունը շատ լավ հասկացավ, թե ինչու այդպես եղավ։ Վրաստանի իշխանությունը նրանց համար խնդիր է ստեղծում, որովհետեւ չի միանում պատժամիջոցներին, պատերազմ չի սկսում, երկրում «երկրորդ ճակատ» չի բացում»,- ասել է նա։
Թբիլիսիի քաղաքապետն ավելացրել է, որ իշխանություններն աշխատում են 12 հանձնարարականների կատարման ուղղությամբ, որոնք հանձնվել են Վրաստանին թեկնածուի կարգավիճակ ստանալու համար։ «Մեր իշխանությունը պատրաստ է մանրակրկիտ կատարել եւ անել ամեն բան, որպեսզի երկիրը ստանա թեկնածուի կարգավիճակ։ Թե ինչ որոշում կընդունվի՝ դա արդեն մեզանից կախված չէ։ Եթե տրամադրեն [թեկնածուի կարգավիճակ], կուրախանանք։ Եթե չտրամադրեն, դա էլ խնդիր չէ»,- ասել է նա։
Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին 2022թ. փետրվարի 25-ին հայտարարել էր, որ չի ծրագրում պատժամիջոցներ մտցնել Ռուսաստանի դեմ՝ դա բացատրելով ազգային շահերով։ 2022թ. մարտի սկզբին Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հետ էր կանչել դեսպանին Թբիլիսիից՝ պատժամիջոցների հարցում վրացական իշխանությունների «ոչ բարոյական դիրքորոշման» պատճառով։
Աղբյուր՝ News.am