Դիրքում հրդեհից մահացած զինվորի հարազատները ճանապարհ էին փակել․ Պապիկյանը համաձայնել է լսել նրանց

Նախորդ տարվա հուլիսին հրդեհից մահացած զինծառայող Պալյան Պողոսյանի հարազատները՝ զինծառայողի հոր՝ Ջիվան Պողոսյանի գլխավորությամբ, այսօր փակել էին Գյումրի-Երևան ավտոճանապարհը, պահանջում էին հանդիպում ՊՆ ղեկավար Սուրեն Պապիկյանի հետ, գրում է NEWS.am-ը։
Ավելի ուշ ցուցարարները բացել են ճանապարհը, քանի որ նախարար Պապիկյանը ցանկություն է հայտնել մարտի 7-ին հանդիպել իրենց հետ:
Նշենք, որ 6 ամիս առաջ Սյունիքի մարտական դիրքի վագոն-տնակում բռնկված հրդեհից մահացել էր 19-ամյա Պալյան Պողոսյանը։ Նա այրվածքներ էր ստացել դիրքերում զինվորների հանգստի համար նախատեսված վագոն-տնակում տեղադրված վառարանից բռնկված հրդեհից։ Պալյանը 10 օր հիվանդանոցում է եղել, վերջին օրը, գիտակցության չգալով, մահացել է:
Պալյան Պողոսյանի մահվան դեպքով նախաձեռնված քրեական գործով մինչ օրս մեղադրյալ չկա, նույնիսկ դատաբժշկական փորձաքննության արդյունքները հայտնի չեն: Ծնողները դժգոհ են նախաքննության ընթացքից, պահանջում են պատկան մարմիններին հստակ ներկայացնել՝ ինչ փուլում է քրգործը: