Թուրքիայում փախստական սիրիացի աղջիկներին վաճառում են միջինը 1200 դոլարով. Times-ի հետաքննությունը
Հեղինակավոր Times պարբերականի լրագրողներից Լուիզ Կալագանը բացահայտել է Թուրքիայի տարածքում սիրիացի ներգաղթյալ անչափահաս աղջիկների առքուվաճառքի մասին մի շարք մանրամասներ: Պարզվում է՝ մինչև 18 տարեկան փախստական աղջիկներին Թուրքիայում որոշ տղամարդիկ գնում են միջինը 1200 ԱՄՆ դոլարով և սովորաբար իրենց տուն տանում որպես երկրորդ կին՝ չնայած որ բազմակնությունն օրենքով արգելված է Թուրքիայում:
Ավելին՝ սիրիացի աղջիկներին որպես երկրորդ կին գնողները սովորաբար մի քանի ամիս անց ձանձրանում ու հրաժարվում են նրանցից: Աղջիկներից շատերը վերավաճառվում կամ էլ ստիպված են լինում զբաղվել մարմնավաճառությամբ:
Լրագրողը նշում է, որ գումարի դիմաց որպես կին գնվող սիրիացի աղջիկների 50 տոկոսը թուրք և քուրդ ընտանիքներում բախվում է բռնության:
«Սպիտակամաշկ, 17 տարեկանը չլրացած, բարձրահասակ և կանաչ աչքերով. նման պատվերներ հաճախ են ստանում անչափահասների առքուվաճառքով զբաղվող հանցավոր խմբերը»- գրում է Կալագանը:
Նրա հետ զրուցած ականատեսներից ոմանք փաստել են, որ երբեմն վաճառվել են անգամ 13 տարեկան աղջիկներ: Եթե աղջիկը գեղեցիկ է՝ նրա գինը կարող է հասնել մինչև 3 - 4000 դոլարի:
Աղբյուրը` Tert.am