ՀՀ վարորդական վկայականները կարող են ճանաչվել Ռուսաստանում
Ռուսաստանի Պետդուման առաջին ընթերցմամբ ընդունել է նախագիծ, համաձայն որի` Հայաստանում ստացված ազգային վարորդական իրավունքի վկայականները կարող են ընդունվել ՌԴ կողմից, հաղորդում է Regnum-ը։ Փոփոխություններով նախատեսվում է Ռուսաստանի տարածքում ճանաչել Հայաստանի քաղաքացիների վարորդական վկայականները, երբ նրանք ձեռնարկատիրական և աշխատանքային գործունեություն են ծավալում։
«Դրանով հավասարեցվում են ԵԱՏՄ անդամ երկրների քաղաքացիների իրավունքները»,- նշել է Ռուսաստանի ներքին գործերի փոխնախարար Իգոր Զուբովը։
Ավելի վաղ Պետդումայում վարորդական վկայականների վերաբերյալ նմանատիպ որոշում էր կայացվել նաև Ղրղըզստանի քաղաքացիների դեպքում։ Ռուսաստանում օտարերկրյա վարորդական իրավունքներով ձեռնարկատիրական և աշխատանքային գործունեության իրականացման արգելքը գործում է 2017-ի հունիսի 1-ից։