Լենինգրադյանից դեպի Կիեւյան կամուրջ տանող ճանապարհահատվածը բացվել է
Նախօրեին Լենինգրադյան փողոցից դեպի Կիևյան կամուրջ տանող հատվածում տեղի ունեցած փլուզումից հետո փակված ճանապարհը բացվել է:
ԱԻՆ-ից հայտնում են, որ հունիսի 22-ին, ժամը 23:35-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Լենինգրադյան փողոցից դեպի Կիևյան կամուրջ տանող հատվածում տեղի է ունեցել փլուզում՝ հողաշերտը լցվել է ճանապարհի երթևեկելի հատված․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ Հալաբյան փողոցից դեպի Հրազդանի կիրճ տանող հատվածում, տեղի է ունեցել ջրագծի վթար, ինչի հետևանքով արտահոսած ջրի ազդեցության տակ՝ հողաշերտի սահք․ ճանապարհահատվածը դարձել է երկկողմանի փակ։ Փրկարարները սահմանազատել են տարածքը և իրականացրել հերթապահություն։ Տեղական ինքնակառավարման մարմինները և «Վեոլիա ջուր» ՓԲԸ-ն իրականացրել են վթարավերականգնողական աշխատանքներ, ինժեներական տեխնիկայի օգնությամբ ճանապարհահատվածը մաքրվել է․ ժամը 03։30-ի դրությամբ երթևեկությունը երկկողմանի վերականգնվել է։