Գրիգորյան-Մերեդիթ հանդիպման ժամանակ քննարկվել է Սյունիքի զարգացման հարցը

ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը Սյունիքի մարզի զարգացմանն ու կրթության հասանելիության բարձրացման հարցը քննարկել է Եվրոպական հանձնաժողովի Հարևանության և ընդլայնման բանակցությունների գլխավոր տնօրինության արևելյան հարևանության հարցերով տնօրեն Լոուրենս Մերեդիթի հետ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ կառավարությունը` հավելելով, որ Գրիգորյանը Բրյուսելում հանդիպումներ է ունեցել բարձրաստիճան պաշտոնատար այլ անձանց հետ։
ՀՀ-ԵՄ հարաբերությունների զարգացման տեսանկյունից առանձնահատուկ կարևորվել է Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի իրականացման գործընթացը: Գրիգորյանը հանդիպել է նաև ԵՄ Հարևանության և ընդլայնման հարցերով հանձնակատար Օլիվեր Վարհեիի հետ: Զրուցակիցները քննարկել են ԵՄ տնտեսական և ներդրումային պլանի ներքո մշակված ծրագրերը և երկուստեք կարևորել համատեղ ջանքերի կենտրոնացումը հնարավորինս սեղմ ժամկետում դրանց մեկնարկն ապահովելու ուղղությամբ: Հիշեցնենք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նույնպես Բրյուսելում է, որտեղ կայանալու է Արևելյան գործընկերության վեցերորդ գագաթնաժողովը։