Իշխանությանը տրված մանդատը լեգիտիմ չէ, այսօրվա իշխանությունը չունի ժողովրդական աջակցություն. ԱԺ փոխնախագահ
Ակնհայտ է, որ հունիսի 20–ի ընտրությունների և այս ՏԻՄ ընտրությունների արդյունքներով ՔՊ-ն 240 000-ով պակաս քվե է հավաքել, անդրադառնալով ընտրապայքարի արդյունքներին՝ լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասաց ԱԺ փոխնախագահ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը։ Իշխանությունը, պատգամավորի խոսքով, ստում է՝ ասելով, թե դեկտեմբերի 5-ին կայացած ՏԻՄ ընտրությունների արդյունքներով ՔՊ-ն 25 համայնքում հաղթել է։
«Դա հերթական մանիպուլյացիան է։ Իրենք կարող են միայնակ իշխանություն ձևավորել 14-15 համայնքում։ Մնացած համայնքներում ընդդիմության և այլ ուժերի հավաքած քվեներն ավելի բարձր են», - ասաց Սաղաթելյանը։
Պատգամավորն ընդգծեց, որ տարբեր համայնքներում կան իշխանությանը սպասարկող կցորդ ուժեր, որոնք մոտ ապագայում կմիավորվեն ՔՊ-ի հետ և իշխանություն կձևավորեն, սակայն փաստը, որ իշխանությունը համաժողովրդական աջակցություն չունի, դրանից չի փոխվում։ «Չունի, որովհետև նրանք հունիսի 20-ին մարդկանց խոստացել են խաղաղություն, խոստացել են անվտանգություն, ընտրություններից անցել է 5 ամիս, և այսօր ՀՀ քաղաքացիները տեսնում են, որ չունենք խաղաղություն, չունենք անվտանգություն, օրական ունենում ենք զոհեր, տարածքային կորուստներ և գերիներ։ Հետևաբար, իշխանությանը տրված մանդատը լեգիտիմ չէ, այսօրվա իշխանությունը չունի ժողովրդական աջակցություն, և մենք ամեն ինչ պետք է անենք, որ դա դրսևորվի նաև փողոցում», - ասաց Իշխան Սաղղաթելյանը։ Նրա խոսքով՝ համայնքային իշխանություն ձևավորելիս ՀՅԴ-ն կարող է կոալիցիա կազմել այլ ուժերի հետ, սակայն կատեգորիկ բացառվում է կոալիցիայի կազմումը ՔՊ-ի և նրա կցորդ ուժերի հետ։