Հրդեհ Գյումրիում․ տուժածների թվում կան երեխաներ
Նոյեմբերի 13-ին, ժամը 02:25-ին Շիրակի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գյումրի քաղաքի Բուլվարային թաղամասում այրվում է շինություն։ Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը, հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ և ավտոսանդուղք։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Բուլվարային թաղամասի շենքերից մեկի 9-րդ հարկի շքամուտքում: Հրդեհը մեկուսացվել է ժամը 03:06-ին, մարվել՝ 03:43-ին: Այրվել են շքամուտքում կուտակած կենցաղային աղբ (մոտ 7 խմ) և մալուխ (մոտ 80 գմ):
Ծխահարման նախանշաններով Գյումրի քաղաքի ԲԿ են հոսպիտալացվել Կ․ Մ-ն (ծնված 1995թ.) և Ա․ Օ-ն (ծնված 1998թ.), ովքեր ստանալով համապատասխան բուժօգնություն՝ դուրս են գրվել, իսկ Գ․ Օ-ն (ծնված 2008թ.), Մ․ Օ-ն (ծնված 2012թ.) և Ա․ Օ-ն (ծնված 2005թ.) հոսպիտալացվել են «Գյումրու Մոր և Մանկան Ավստրիական հիվանդանոց», որտեղ բժիշկները Ա․ Օ-ի և Մ․ Օ-ի առողջական վիճակը գնահատել են բավարար, իսկ Գ․ Օ-ինը՝ ծանր։