«Եթե այսպես շարունակվի, զոհերի թիվն ավելանալու է նույնիսկ երկու զրոյով». Զարուհի Փոստանջյան. Տեսանյութ
«Երկիր ծիրանի» կուսակցության առաջնորդ Զարուհի Փոստանջյանն այսօրվա ասուլիսի ժամանակ անդրադառնալով հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակին ու Նիկոլ Փաշինյանի երեկվա հայտարարությանն՝ ասել է. «Առաջին իսկ օրվանից, երբ Նիկոլը ստանձնեց վարչապետի պարտականությունները, նախիջևանյան հատվածում ադրբեջանցիներն ինժերենական բավականին լայնածավալ աշխատանքներ էին իրականացնում, ու մեր և նրանց միջև դիրքային տարածությունը 5000 մետր էր, այդ 5000-ը նրանք դարձրին 500 մետր: Դա անում էին, որ որպեսզի պատերազմի ժամանակ ունենան դիրքային առավելություններ: Իսկ այդ ժամանակ, երբ աղաղակում էիք, որ չի կարելի թույլ տալ այդքան մոտենալ, ասում էր՝ ես հատուկ կապի միջոցով պայմանավորվել եմ կիրթ Ալիևի հետ, կառուցողական մոտեցում ենք ցուցաբերում, ես երաշխավորում եմ մեր երիտասարդների կյանքը, որպեսզի դիպուկահարները չկրակեն և այլ... Մի բան կասեմ միայն՝ եթե ժամանակին չես կանխում, ունենալու ես մեծ թվով զոհեր: Եթե այսպես շարունակվի, զոհերի թիվն ավելանալու է՝ նույնիսկ երկու զրոյով... Փաշինյանի կառավարումը գնում է հայկական պետականությունը լուծարելուն»,- հայտարարեց Փոստանջյանը: