«Հայկական երկրորդ հեռուստաալիք»-ը դատի է տվել ՀՌՀ-ին

«Հայկական երկրորդ հեռուստաալիք»-ը դատի է տվել ՀՀ հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովին: Այս մասին տեղեկանում ենք Դատական տեղեկատվական համակարգից:
Հ2-ը դիմել է Վարչական դատարան՝ պահանջելով վերացնել ՀՌՀ 04.06.2021թ. թիվ 93-Ա որոշումը:
Հայցը ներկայացվել է հունիսի 24-ին եւ մակագրվել Վարչական դատարանի դատավոր Ալեքսանդրա Հարությունյանին:
Հանրային մուլտիպլեքսում սլոթի օգտագործման լիցենզավորման մայրաքաղաքային սփռման մրցույթին մասնակցելու համար 2021 թվականի ապրիլի 4-ին ՀՌՀ հայտեր էին ներկայացրել «Փաստինֆո» ՍՊԸ-ն, «Հայկական երկրորդ հեռուստաալիք» ՍՊԸ-ն եւ «Հայաստանի հանրային հեռուստաընկերություն» ՓԲԸ-ն:
ՀՌՀ-ն հունիսի 4-ի իր որոշմամբ մրցույթում հաղթող է ճանաչել «Հայաստանի հանրային հեռուստաընկերություն» ՓԲ ընկերությանը եւ նրանց տրամադրել է Երեւան քաղաքի տարածքում հանրային մուլտիպլեքսում սլոթի օգտագործման լիցենզիա:
Այս հայցով Հ2-ը պահանջում է անվավեր ճանաչել տվյալ որոշումը:
Հիշեցնենք, որ Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովի 2021 թվականի հունվարի 15-ի որոշմամբ էլ` Հայկական երկրորդ հեռուստաալիքը զրկվել էր վերգետնյա եթերային հեռարձակում իրականացնելու հնարավորությունից, ինչի համար եւս դատի էին տվել ՀՌՀ-ին: