Եթե հանձնենք այդ բարձունքը, խնդիրներ ենք ունենալու. Մովսես Հակոբյան
Սյունիքում տեղի ունեցած այս գործընթացները խայտառակություն են։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց ԶՈՒ ԳՇ նախկին պետ, գեներալ-գնդապետ Մովսես Հակոբյանը։
Հիշեցնենք, որ երեկ՝ առավոտյան Ադրբեջանի զինված ուժերը Սյունիքի մարզի «Սեւ լիճ» տեղանքում եւ հարակից տարածքում հատել են Հայաստանի Հանրապետության պետական սահմանը եւ խորացել մինչեւ 3,5 կիլոմետր։ Այս պահին էլ բանակցություններ են ընթանում։
«Այն իշխող բարձունք է, որն ամբողջությամբ վերահսկում է Սիսիանի օդանավակայանը եւ մայրուղին, որը Սարավանից տանում է մինչեւ Գորիս, այնուհետեւ Կապան։ Այդ ամբողջ տարածքը մեր ժողովրդի համար նաեւ որպես արոտավայր է ծառայում։ Եթե հանձնենք դա, խնդիրներ ենք ունենալու»,- ասաց Մովսես Հակոբյանը։
Գեներալ-գնդապետի խոսքով՝ եթե հակառակորդն հատել է պետական սահմանը, հայկական կողմը կարող է գերի վերցնել։
«Ռազմաքաղաքական իշխանությունները պետք է որոշում կայացնեն, չպետք է թույլատրեին, որ այսօր էլ չբանակցեին։ Նախօրոք պիտի կանխարգելիչ գործողություններ իրականացնեին։ Իմանալով այդ բարձունքի կարեւորության մասին՝ մենք այնտեղ պետք է վաղուց դիրքավորված լինեինք»,- ասաց Մովսես Հակոբյանը։
Մանրամասները՝ NEWS.am-ում: