Նոր մեղադրանք առաջադրելու որևէ հիմք չկա. Արամ Օրբելյան. Տեսանյութ
Հետաքննություն սկսեք, թե ինչքան գումար է պետությունը ծախսել քրեադատավարական գործընթաց իրականացնելու համար, որն ի սկզբանե ապօրինի էր։ Այս մասին լրագրողների հետ զրույցի ժամանակ ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական խմբի անդամ Արամ Օրբելյանը։
«Վերաորակման որևէ կառուցակարգ չկա, նոր մեղադրանք առաջադրելու որևէ հիմք չկա։ Ամեն գնով անձին դատապարտելու մոլուցքն ինքնին հակաիրավական, հակամարդկային և հակասահմանադրական է։ Մարդու անմեղության կանխավարկածը վերջապես պետք է ընկալեն։ Սա տեխնիկական խնդիր չէր, չկա հանցագործություն, չկա որևէ արարք, որը ՀՀ-ն որպես պետություն կհամարի հանցագործություն։ Դատախազությունը շարունակում է սա դիտարկել տեխնիկական խնդրի շրջանակներում։ Դատախազությունը պետք է նույնպես առաջնորդվի անմեղության կանխավարկածով»,-ասաց պաշտպանը։
Հարցին՝ Ռոբերտ Քոչարյանի խախտված իրավունքների վերականգնման ուղղությամբ ինչ են իրականացնելու, Արամ Օրբելյանն ասաց, որ այդ գործընթացի մոտցումների, ատյանների հարցով դեռևս վերջնական որոշում չունեն.
«Մեր վստահորդը պետք է որոշի՝ ինչ գործընթաց է սկսում։ Իմ կարծիքով բոլոր անձիք, ում իրավունքները խախտվել են պետության կողմից, պետք է իրենց իրավունքների պաշտպանության համար գործընթաց իրականացնեն, որպեսզի դատախազությունն ամեն գնով անձանց կալանքի տակ պահելու, ամեն գնով դատապարտելու ցանկությունը մոռանա և սկսի իրականացնել իր գործառույթն օրինականության վերականգնման ուղղությամբ»,-ասաց փաստաբանը։